Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

02 հուլ 2018 13:48

Նախիջևանի ուղղությամբ լարվածության աճը Երևանին սկզբունքային հարցադրումների առաջ է դնում.ավելի իրական է դառնում պատերազմի վերսկսման վտանգը

Նախիջևանի ուղղությամբ լարվածության աճը Երևանին սկզբունքային հարցադրումների առաջ է դնում.ավելի իրական է դառնում պատերազմի վերսկսման վտանգըՀանգստյան օրերին իրավիճակը խիստ լարված է եղել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում: Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ադրբեջանական ԶՈՒ-երը նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան՝ ՀՀ ԶՈՒ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Հովհաննիսյանը տեղեկացնում է նաև, որ փոխհրաձգության ընթացքում թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող:

Ըստ տեղեկությունների, հակառակորդը կրակոցներ է արձակել Արարատի մարզի Զանգակատուն գյուղի տարածքում, որտեղ հրդեհ է բռնկվել, և հրշեջները փորձել են մարել այն: Այդ ժամանակ կրակոցներ են արձակվել հրշեջների, տարածքում գտնվող քաղաքացիների և զինվորների ուղղությամբ:
Բոլորն արձանագրում են, որ նախիջևանյան ճակատում առաջին անգամ ենք դիրք ոչնչացնում: Իհարկե այդպես չէ, սակայն մտահոգիչ է այն հանգամանքը, որ հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում լարվածությունը դառնում է խրոնիկ՝ դառնալով լայնամասշտաբ պատերազմի նախանշան: Անհրաժեշտաբար մեր պետական համակարգն ու հանրային կարծիքը պետք է ադապտացվեն այս իրականությանը. պատերազմի մեծացման ռիսկը ստիպում է վարել ավելի օպտիմալ և նպատակային քաղաքականություն բոլոր ոլորտներում:
Այնուամենայնիվ, նախիջևանյան հատվածում անցած երկու օրերին տեղի ունեցածը մի քանի հարցադրումներ է ծնում: Նախ՝ էապես փոխվել է Ադրբեջանի մարտավարությունը: Մենք մշտապես սովորել էինք, որ էսկալացիա կամ նույնիսկ պատերազմի սանձազերծում տեղի է ունենում առաջնագծի արցախյան հատվածում. այս անգամ Ադրբեջանը կրակում է Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ՝ հավանաբար ունենալով որոշակի երաշխիքներ, որ ՀԱՊԿ-ը պատշաճ աջակցություն Հայաստանին չի ցուցաբերելու: Իհարկե, շատ հնարավոր է, որ Ադրբեջանն առայժմ Մոսկվայից նման երաշխիքներ չի ստացել, և նախիջևանյան հատվածում կրակոցները հենց Մոսկվայի ռեակցիան ճշտելու միջոց են:
Այս համատեքստում խիստ սկզբունքային են դառնում մի քանի հարցադրումներ: Արարատի մարզում հակառակորդի կողմից մեր քաղաքացիական հասարակության ուղղությամբ կրակելու փաստերի առիթով Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմե՞լ է, եթե այո՝ ի՞նչ պատասխան է ստացել Երևանը: Եթե Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել, ապա ո՞րն է պատճառը. Երևանում թերագնահատում են պատերազմի վերսկսման ռիսկե՞րը, թե՞ ՀԱՊԿ պոտենցիալը: Այս հարցերի պատասխաններն էական են՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի հնարավորությունները, տարածաշրջանային զարգացումների տրամաբանությունը, նաև պատերազմի ռիսկերը գնահատելու առումով:
Մեր երկրորդ հարցադրումը գուցե առաջինի համեմատ ավելի լոկալ բնույթի է, սակայն դարձյալ խիստ էական է և վերաբերում է մեր պետական մարմինների աշխատաոճին: Իհարկե, պետական լրատվության խնդիրն է հասարակության շրջանում թույլ չտալ խուճապային տրամադրությունների տարածում, մյուս կողմից՝ անորոշությունը ծնում է տարբեր ասեկոսեներ, որոնց ազդեցությունը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ: Կարծում ենք՝ հասարակությունն ավելի հանգամանալից տեղեկատվության անհրաժեշտություն ունի, մասնավորապես՝ ադրբեջանական կրակոցներից քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ կա՞ն, թե ո՞չ:
Առաջնագծում իրավիճակի լարվածությունն ավելի իրական է դարձնում պատերազմի վերսկսման վտանգը: Այս իրավիճակում իշխանության քաղաքականությունն առավելապես միտված պետք է լինի հասարակական կոնսոլիդացիայի ապահովմանն ու ռեսուրսների օպտիմալ, արդյունավետ օգտագործմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր