Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

09 հուլ 2018 11:27

Պետությունից թալանված գումարներից ոչ մի լումա պետական բյուջե չի մտել. որտե՞ղ է այն

Պետությունից թալանված գումարներից ոչ մի լումա պետական բյուջե չի մտել. որտե՞ղ է այնԿոռուպցիոն բացահայտումների արդյունքում հայտնաբերված թալանը կառավարությունում ոչ միայն հաշվել, այլև նույնիսկ որոշել են, թե ինչ նպատակի են ուղղելու։
Սյունիք այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կոռուպցիոն սխեմաների բացահայտումների արդյունքում պետությանը վերադարձված միջոցներից 10 մլրդ դրամը կհատկացվի համայնքներին` որպես սուբվենցիա։


Իրականում, պարզվում է, որ ոչ միայն վարչապետի հիշատակած 10 միլիարդը, այլև թալանված գումարներից ընդհանրապես ոչ մի լումա մինչև օրս բյուջե չի հասել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Ֆինանսների նախարարությունից։
Հարցմանն ի պատասխան նախարարությունից ասացին, որ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման արդյունքում առգրավված գումարներից ոչ մի դրամ առ այսօր պետական բյուջե չի մուտքագրվել։
Վարչապետի ու Ֆինանսների նախարարության հակասական հայտարարությունների մասին Sputnik Արմենիայի հարցին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Եթե ֆինանսների նախարարն ասում է, որ դեռ չի հասել, ուրեմն դեռ չի հասել, դեռ ճանապարհին է»:
Հիշեցնենք`«Յանս» ռեստորանային համալիրի տարածքում հայտնաբերված 1 100 400 ԱՄՆ դոլարի, 230.500 եվրոյի, 36 մլն դրամի և «Էլիպս» ՍՊԸ–ում հայտնաբերված 50 000 դոլարի մասին հաղորդագրության մեջ Քննչական կոմիտեն նշել էր, որ դրանք «քննիչի որոշմամբ ի պահ են հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվի դրանց ծագումը և դատարանի վերջնական վճռով կորոշվի դրանց հետագա ճակատագիրը»:
Այս տեղեկությունները հաստատեցին նաև ԿԲ–ում` հրաժարվելով, սակայն, հայտնել, թե արդյո՞ք այլ քրեական գործերով հայտնաբերված գումարները ևս նախաքննական մարմինները հանձնել են իրենց պահպանությանը։ ԿԲ մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը ասաց, որ Կենտրոնական բանկը այդ գումարները չի տնօրինում, այլ միայն պահպանում է մինչ դրանց մասին վերջնական որոշում կայացվի։

Իսկ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Sputnik Արմենիային հարցին ի պատասխան ասաց, որ քրեական վարույթների շրջանակներում առգրավված գումարները նախաքննական մարմնի որոշմամբ, ապահով պահպանման համար, մինչև նախաքննության ու դատաքննության ավարտը ի պահ են տրվում կենտրոնական բանկին։ Իսկ դրանց ճակատագիրը որոշվում է դատական վերջնական ակտով։ «Եթե հաստատվի դրանց հանցավոր ծագումն ու դատարանը վճռի վերադարձնել պետական բյուջե, այդ ժամանակ դրանք հետ կվերցվեն ԿԲ-ից ու կմուտքագրվեն բյուջե»,– ասաց Տռուզյանը։
Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիոն հանցագործությունների կասկածանքով հայտնաբերված ու առգրավված անօրինական գումարներին, դրանց ստույգ չափը քննչական մարմինները հրաժարվում են հայտնել, քանի որ դրանց վերաբերյալ քրեական գործերը քննվում են տարբեր վարույթներով և միասնական հաշվարկ չի վարվում։
Հայաստանում իշխանափոխությունից` մայիսի 8-ից ի վեր Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն հանցագործությունների մասին շուրջ 6 տասնյակ հաղորդագրություններ են տարածել, որոնց մեծ մասում խոսվում է նաև հայտնաբերված անօրինական ծագմամբ գումարների, հափշտակված ու չարաշահված պետական միջոցների, ապօրինի հարստացման դեպքերի ու անօրինական ունեցվածքի մասին։

Այս հաղորդագրություններում հիշատակված գումարների պարզ հաշվարկի արդյունքում մենք հետևյալ պատկերը ստացանք. մայիսի 8-ից մինչ օրս ՔԿ վարույթում քննվող քրեական գործերով հայտնաբերվել են ընդհանուր առմամբ 1 513 836 994 դրամի հափշտակությունների, չարաշահումների դեպքեր: ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործերով հափշտակությունները, չարաշահումներն ու ապօրինի հարստացման դեպքերը միասին հասնում են 4 316 507 880 դրամի, իսկ ԱԱԾ վարույթում քննվող դեպքերով` 7 387 840 000 դրամի չարաշահումներ:
Այսպիսով, 3 քննչական մարմիններում քննվող քրեական գործերով ու պաշտոնապես հայտարարված տվյալներով, 2018թ-ի մայիսի 8-ից մինչ օրս հայտնաբերվել, բացահայտվել, կամ հիմնավորվել են 13 218 184 874 դրամի չարաշահումների,  հափշտակությունների, պետությունից թաքցված ունեցվածքի դեպքեր:
Եթե այս տվյալներին ավելացնենք նաև հուլիսի 7-ին ՀՔԾ հայտարարած նոր տվյալները` Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող 3 341 834 290 դրամի մասին, ապա այդ թիվը կգերազանցի արդեն 16 մլրդ դրամը, ավելի կոնկրետ` կհասնի 16 560 019 164 դրամի:
Այս գումարների օրինական կամ անօրինական լինելու մասին վերջնական դիրքորոշումը կհայտնի դատական համակարգը` քրեական գործերի քննության ավարտին` դատական վերջնական ակտով: Մինչ այդ բոլոր հայտարարություններն արվում են հիմնավոր կասկածի մակարդակով, դե իսկ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


armeniasputnik.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր