Ալիեւը չի մասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, թուրքական ԶԼՄ-ներն ու պաշտոնական աղբյուրներն հայտնում են, որ արարողության մասնակցելու է 22 պետության ղեկավար, իսկ 28 երկիր ներկայացված է լինելու վարչապետի ու խորհրդարանի նախագահի մակարդակով։
Ուշագրավ է, որ Թուրքիայի եղբայրական պետության նախագահ Իլհամ Ալիեւը չի մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը: Արարողությանը Ադրբեջանը ներկայացված կլինի վարչապետի մակարդակով: Ադրբեջանական մամուլի տեղեկացմամբ՝ վարչապետ Նովրուզ Մամեդովի ղեկավարած պատվիրակությունն արդեն ժամանել է Անկարա: Իսկ նախագահ Ալիեւը մնացել է Բաքվում եւ հանդիպում է անցկացրել շվեյցարացի գործարարների հետ` քննարկելով գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները։
Ադրբեջանի նախագահի` իր «եղբոր» Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը չմասնակցելու պատճառները հայտնի չեն:
Նշենք, որ վերոնշյալ արարողությանը կմասնակցեն Բուլղարիայի, Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Սերբիայի, Կոսովոյի, Կատարի, Պակիստանի, Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության, Ղրղզստանի, Սուդանի, Գվինեայի, Զամբիայի, Հասարակածային Գվինեայի, Գվինեա Բիսաուի, Սոմալիի, Մավրիտանիայի, Գաբոնի, Չադի, Ջիբութիի եւ Վենեսուելայի նախագահները։
Էրդողանը նախագահական պալատ մուտք կգործի հեծելազորի ուղեկցությամբ, այդ նույն ժամանակ 101 հրանոթային համազարկ կտրվի։
Էրդողանը նախագահ է ընտրվել՝ հաղթելով ս.թ. հունիսի 24-ին անցկացված ընտրություններում եւ ստանալով ընտրողների 52,6% (26 մլն 330 հազար 823) ձայները: