Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

13 հուլ 2018 12:28

Նիկոլ Փաշինյանի հավասարակշիռ հայտարարություններն ավելի շատ մարտավարական բնույթ ունեն և հասցեագրված են ռուսական լսարանին

Նիկոլ Փաշինյանի հավասարակշիռ հայտարարություններն ավելի շատ մարտավարական բնույթ ունեն և հասցեագրված են ռուսական լսարանինԲրյուսելում Նիկոլ Փաշինյանի ունեցած գործնականում բոլոր հանդիպումների ժամանակ քննարկվել է հայկական հեղափոխության հարցը. այն ֆենոմենալ երևույթ էր և բնական է, որ համաշխարհային քաղաքականության առաջին դեմքերը շատ հարցեր ունեն, որոնց պատասխաններն անմիջականորեն ուզում են ստանալ հեղափոխության առաջնորդից:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ շատ տպավորիչ քաղաքական ենթատեքստով է անդրադարձել հայկական հեղափոխությանը: «Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ յուրահատուկ էր և, ասեմ Ձեզ, շատ եվրոպական: Ձեր օրինակը շատ խոստումնալից էր և կարող եք ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին»,- ասել է Դոնալդ Տուսկը:
Եվրոպացի պաշտոնյան Հայաստանում տեղի ունեցածը համարում է եվրոպական` թերևս ընդգծելով հայկական հեղափոխության քաղաքական, քաղակրթական հետևանքը: Տուսկը փորձառու դիվանագետ է և անկասկած տիրապետում է իր ուղերձները կոնկրետ բառերով, ձևակերպումներով տեղ հասցնելու մշակույթին: Եվրոպացի պաշտոնյան, ըստ էության, տպավորիչ և դիպուկ ակնարկ է արել Նիկոլ Փաշինյանին:
Նիկոլ Փաշինյանը եվրոպական հանդիպումների ընթացքում հավատարիմ մնաց իր մարտավարությանը և չափազանց հավասարակշիռ գնահատականներ էր տալիս արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին: Մասնավորապես, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին՝ Փաշինյանը շեշտել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ՝ արժեհամակարգ, որը կառավարությունը հանձնառու է առավել զարգացնել ու ամրապնդել:
Անշուշտ, Նիկոլ Փաշինյանն իր եվրոպական հանդիպումների ժամանակ հնարավորինս փորձում է զսպել այն դժգոհությունները, որոնք Մոսկվայի պաշտոնական և փորձագիտական շրջանակներում առաջացել են Հայաստանի վարչապետի` Բրյուսել կատարած այցի, մասնավորապես` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նրա մասնակցության հետ կապված:
Զուտ ռեալ պոլիտիկի տեսանկյունից` միանգամայն պրագմատիկ և ռացիոնալ մոտեցում է, մյուս կողմից` Հայաստանի տիպի փոքր երկրների համար գրեթե անհնար է սահմանազատել արժեքային կողմնորոշումը արտաքին քաղաքական կողմնորոշումից:
Թավշյա հեղափոխությունը ձկապերպել է արդիական, մրցունակ պետություն ձևավորելու պատվեր: Այդ իմաստով` Հայաստանում տեղի ունեցածն իսկապես եվրոպական էր, որովհետև Նիկոլ Փաշինյանի կառավարության գործնական քաղաքականությունը մեր երկիրն հետևողականորեն մոտեցնում է արևմտյան մոդելի երկրներին: Ամբողջ խնդիրն այն է, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է, և անկեղծ ասած, դժվար է եվրոպական մոդել ունեցող Հայաստանին պատկերացնել ռուսական ինտեգրացիոն պրոեկտներում, մանավանդ, որ դրանցում չափազանց մեծ է, այսպես կոչված, գաղափարական կլիշեյավորումը, կոնֆրոտացիոն ռեսուրսը: Դժվար է պատկերացնել, որ դեմոկրատական Հայաստանի վարչապետը կարող է ինտեգրվել ավտորիտար լիդերների ակումբին, որն, ըստ էության, բնութագրական է այսօրվա ԵՏՄ-ի համար:
Մյուս կողմից` տեսանելի չեն ԵՏՄ-ն բարեփոխելու ռեսուրսները. Ռուսաստանը նման քաղաքական, տեխնոլոգիական ռեսուրսներ չունի, իսկ Հայաստանի պոտենցիալը չափազանց սահմանափակ է`անգամ տեսականորեն նման հարց քննարկելու համար:
Նման իրավիճակը ենթադրում է, որ Մոսկվան, ըստ էության, չի կարող ռացիոնալ օրակարգ առաջարկել Հայաստանին և օբյեկտիվորեն պետք է փորձի պահպանել մեր երկրի վրա ազդեցության, այսպես կոչված, ստվերային, կոռուպցիոն գործիքները, ինչն ինքնին որոշակի լարվածություն է առաջացնելու Երևանի և Մոսկվայի հարաբերություններում` նույնիսկ ներքին, ինստիտուցիոնալ բարեփոխումների հարցում:
Թավշյա հեղափոխությունն` իր արժեքային համակարգով, միանշանակ եվրոպական երևույթ է և հեղափոխության արժեքների կապիտալացումը բերելու է եվրոպական մոդելի պետության ստեղծման: Նման արժեհամակարգ ունեցող Հայաստանն օբյեկտիվորեն չի կարող պահպանել արտաքին քաղաքական այսօրվա ստատուս-քվոն. մեր երկրի սուբեկտության անխուսափելի մեծացումը անհանդուրժելի է դարձնելու ռուսական վասալության ռեժիմը, մյուս կողմից` Եվրամիության հետ այսօրվա հարաբերությունների օրակարգը և ինստիտուցիոնալ հիմքը չափազանց սահմանափակ են լինելու դեմոկրատական Հայաստանի համար, որի հավակնությունների նշաձողն անհամեմատ բարձր է լինելու:
Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններն արտաքին քաղաքականության վեկտորալ ստատուս-քվոյի պահպանման մասին ավելի շատ մարտավարական բնույթ ունեն և հասցեագրված են ռուսական լսարանին:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր