Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

24 օգոս 2018 16:12

Հայկ Մարտիրոսյանի վերլուծությունը «Սասնա Ծռերի» վերաբերյալ

ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՆԴԵՊ ԻՄ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
 
Հանրային ոլորտում որոշակի կարևոր հարցեր կան, որոնց, մինչ այժմ չեմ անդրադարձել: Հիմա, հատկապես Առաջին ԷյԷմ-ի տաղավարում իմ մասնակցությամբ երեկվա քննարկումից հետո, կարծում եմ, այլևս ժամանակն է անդրադառնալ:
Սասնա Ծռերի անդամներից որևէ մեկին, ընդգծում եմ՝ որևէ մեկին անձամբ ծանոթ չեմ և անգամ երբևէ չեմ հանդիպել: Անգամ՝ պատահական: Երբևէ ոչինչ չեմ քննարկել, երբևէ ոչինչ չեմ խոսել: Երբևէ: Ցայսօր: Ներառյալ այս պահը:
Հիմնադիր խորհրդարանից ճանաչում եմ Գարեգին Չուգասզյանին, որ հորս հայտնի գործընկերոջ՝ Բաբկեն Չուգասզյանի որդին է: Փախադարձ հարգանք կա և մարդկային համակրանք: Դա նաև մեր անվանի գիտնական և հայագետ հայրերի հանգամանքով է պայմանավորված: Տեսնվել ենք թերևս տաս տարին մեկ կամ երկու անգամ:
Ծանոթացել եմ Գարո Եղնուկյանի հետ: Միայն՝ իր ազատվելուց հետո՝ նույն օրը: Հանդիպել եմ իրեն միայն մեկ անգամ՝ այդ նույն օրը: Խոսել ենք երկու րոպե: Շնորհավորել եմ: Այդքանը: Նյու Յորքում ծանոթ եմ իր եղբորը: Սասնա Ծռերի գործողությունից գրեթե մեկ տարի անց եմ ծանոթացել՝ պատահական: Իմ համոզմունքն է եղել և է, որ Եղնուկյանն ընդհանրապես գործողությունից տեղյակ չի եղել, թեև դա կարևոր էլ չէ հիմա և այս թեմային չի առնչվում:
 
Ծռերի գործողությունից հետո քայլել եմ ժողովրդական այն երթում, որում նաև զուգահեռաբար Նիկոլ Փաշինյանն ու իր կուսակից ընկերներն էին քայլում՝ հատկապես Աբովյան փողոցի հատվածում: Ի տարբերություն շատերի՝ իմ գործընկեր և ընկեր Արա Պապյանի հետ միասին կողմ եմ եղել, որպեսզի Փաշինյանը ստանձնի անառաջնորդ մնացած և այլոց ելույթները լսող զանգվածների առաջնորդությունը: Գտել եմ, որ Խորենացու փողոցի հանրային բողոքը՝ թափ հավաքելու համար կարող է և քաղաքական տեսք ստանալ և որ եթե Փաշինյանն է հավակնում այն առաջնորդել, ապա պետք է թույլ տալ, որ առաջնորդի: Դա, ցավոք, տեղի չունեցավ: Կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք:
 
Խորենացու փողոցի իրադարձությունների ժամանակ նախկին իշխանությունը երկար գաղտնի քննություն անցկացրեց, փորեց ամեն ինչ՝ զանգերի լոգեր, հանդիպումներ, տարբեր մարդկանց հարցաքննություններ, գաղտնալսումներ և հետևել ու ոչինչ, բացարձակապես ոչ մի կապ չգտավ իմ և Ծռերի միջև: Եթե գտնեին՝ վստահ եմ, որ միջոցներ կձեռնարկեին, որովհետև ես մասնակից էի Շուշիի Հռչակագրի ստեղծմանը և հենց դրան նախորդող օրերին խոսում էի հողերի հանձնման անթույլատրելիությունից: Ու քանի որ Նիկոլ Փաշինյանի, Դավիթ Սանասարյանի ու բազում այլ հանրային, հասարակական ու քաղաքական գործիչների պես այդ օրերին ժողովրդի մեջ էինք՝ Խորենացու փողոցի բարիկադներից այս կողմ՝ իշխանությունը կասկածներ ուներ, որ կարող է ինչ-որ կապ լինել:
 
Սասնա Ծռերի հայտնի գործողության մարտավարությունն ինձ համար մինչև հիմա հանելուկ է մնացել: ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդող ողջ ժամանակամիջոցում՝ մինչև հիմա չեմ ընկալել կոնկրետ այդ գունդը գրավելու և ներսում բարիկադավորվելու ռազմավարության էֆեկտիվության հաշվարկը: Համարել եմ, որ իրատեսական չէր ակնկալել նման գործողությամբ երկրում իշխանափոխության հասնելը: Չեմ կարողացել բացատրություններ գտնել նաև մի քանի այլ մարտավարական հանգամանքների դեպքում ևս: Բայց Ծռերի գործողության ընդհանուր համատեքստն այդ գործողության դրդապատճառները վերլուծելիս՝ ինձ համար ընկալելի են եղել և են: Ապրիլյան պատերազմից հետո ստեղծվել էր նոր իրավիճակ, երբ ակնհայտ էր, որ Հայաստանին վտանգ է սպառնում ներսից՝ իշխանությունն ուզուրպացրած ռեժիմի կողմից և որ տասնամյակների խաղաղ ցույցերը մի ռեժիմի դեմ, որ մարտի մեկ է արել՝ ոմանց պատկերացմամբ այլ ելք չէր թողել՝ քան զենքի ուժով բռնատիրության դեմ պայքարելը: Ինչ վերաբերում է ինձ՝ ապա ինքս տեսականորեն անգամ նման դաշտում ինձ տեսնել չեմ կարող: Ես բացառապես քաղաքական դաշտին եմ պատկանում, բայց չհասկանալ մարդկանց, որոնք սեփական ժողովրդին ոչնչացնող ապօրինի իշխանությունից ազատվելու այլ ելք այլևս չեն տեսնում՝ կուրություն կլիներ: Նման մարդիկ նման պայմաններում լինում են ամենուր, բոլոր երկրներում և դա քաղաքական օրինաչափություն է՝ որպես երևույթ: Պատահական չէ, որ նմանատիպ զինված ապստամբությունները Լիբիայում, Չադում և այլուր մեծապես ողջունվել են Արևմուտքի կողմից: Այսօր Արևմուտքը զինված պայքարը լռելյայն ողջունում է Նիկարագուայում, որտեղ ընտրված կառավարություն կա և գործող նախագահ և որտեղ կոնֆլիկտը կառավարության և ժողովրդական զանգվածների միջև արյունալի և լուրջ ծավալներ է ընդունել: Հիշենք նաև, որ Նելսոն Մանդելան, որ ժողովրդավարության, խաղաղության և ազատության բացառիկ մարմնավորում և իդեալ է համարվում ողջ Արևմուտքում՝ զինված պայքար նախաձեռնեց Հարավային Աֆրիկայում՝ հիմնելով Աֆրիկյան Ազգային Կոնգրեսի ռազմական թև հանդիսացող «Մկոնդո վե Սվիզվե» /«Ազգի նիզակ»/ կառույցն՝ ընդդեմ ապարտեիդի կառավարության և գլխավորեց զինված պայքարը:
 
Սասնա Ծռերը հիմա, փառք Աստծո, ռազմական ուղուց հեռանում են և դա ողջունելի քայլ է: Ռազմական անհրաժեշտություն որևէ մեկի համար այլևս չկա և չպետք է այլևս լինի: Ներկայիս իշխանությունը բոլորովին այլ իրականություն է հաստատել երկրում և սա քաղաքական պայքարի իրականություն է, որտեղ Ծռերի և այլոց նմանատիպ, զենքով գործունեությունը ոչ պահանջարկ, ոչ էլ որևէ դրսևորում պետք է ունենա: Հայաստանում դա պետք է բացառվի ընդմիշտ և հուսով եմ, որ այլևս բացառվելու է:
Ասեմ նաև, որ որևէ կուսակցության կամ որևէ շարժման անդամ չեմ ու չեմ հարում: Ընդհանրապես: Ներառյալ՝ Քաղաքացիական Պայմանագրին և Սասնա Ծռերին: 
Անկախությունն ինձ համար նախընտրելի վիճակ է, և այդ վիճակն ինձ հաջողվել է մինչ այս պահը պահպանել:
Սատարում եմ նոր կառավարությանը՝ ի դեմս վարչապետի: Դա համարում եմ անհրաժեշտություն նոր Հայաստանի այս փուլի համար: Վարչապետի ձախողումը ոչ միայն առանձին խմբերի կամ անհատների է վնասելու, այլև նշանավորելու է Հայաստանի կործանումը: Այս հեղափոխության տրամաբանությունն է այդպիսին: Երբ իրավիճակ կփոխվի, և տեսականորեն հնարավոր է՝ սկսեն լուրջ թերություններ կամ սխալներ թույլ տրվել՝ այդժամ, չեմ բացառում, որ որպես իմ ոլորտի ներկայացուցիչ և քաղաքական թիմի անդամ չհանդիսացող ազատ քաղաքացի՝ հանդես կգամ արդեն այլ մոտեցումներով: Առայժմ Հայաստանում միակ ուժը, որին անհրաժեշտ եմ համարում սատարել՝ դա Հայաստանի բարձրագույն գործադիր ղեկավարությունն է:
 
Անձնական ակնկալիքներ և սպասելիքներ չունեմ վարչապետից, առավել ևս՝ կառավարությունից: Ինձ կառավարությունում շատ լավ գիտեն: Շատերն ուղղակիորեն անձամբ, իսկ շատերը՝ հանրային կյանքից: Եթե հակված լինեի՝ ապա իրենց ուղղված գովասանքով չէ, որ պետք է համոզեի, որպեսզի ինձ նկատեն և պաշտոն տան: Շատ ավելի իրատես եմ և շատ ավելի փաստերի եմ տիրապետում, քան ոմանք կարծում են: Թե՛ ներսում և թե՛ դրսում: Եվ կրկնեմ՝ որևէ պաշտոնի ակնկալիք այս իշխանությունից ամենևին չունեմ: Ասում եմ դա անկեղծ, ամենայն ազնվությամբ: Նրանք ովքեր թե՛ հակահեղափոխական ճամբարում և թե՛ նաև իշխանության որոշակի օղակներում ուզում են իմ գործունեության մեջ քծնանք տեսնել՝ իրենց չափանիշներով են ինձ չափում և ամեն բան սեփական փորձի դիտանկյունից են տեսնում: Հակահեղափոխական ճամբարի պարագայում դա հասկանալի մոտեցում է, իշխանական ճամբարի որոշ գորշ ներկայացուցիչների պարագայում՝ անձնական հակակրանքի, խանդի, կամ մրցակցության անտեղի զգացման արդյունք: Հեղափության դեռևս շատ անորոշ ելքով օրերից ես մասնակից եմ դարձել իրադարձություններում՝ իմ դաշտում: Շարունակում եմ այդ գիծը և գտնում եմ, որ ստեղծված իրավիճակում եթե վարչապետի դիրքերը սասանվեն կամ կառավարությունն ընկնի՝ անդառնալի աղետ է տեղի ունենալու: Իմ ակտիվությունն ու նրանց սատարումը բացատրվում է միայն այդ հանգամանքով:
 
Որևէ բան ինձ իմ ուղում չի կասեցնելու: Որևէ հանգամանքով կաշկանդված չեմ, կենսագրությունումս բծեր չունեմ, որոնցից զգուշանամ: Բամբասանքներ, զրպարտություններ և հայհոյանքներ մշտապես եղել են և լինելու են: Մարդկային հասարակության օրենքն է այդպիսին: Դրանց ես շատ հանգիստ և հեգնանքով եմ մոտենում: Նաև՝ փիլիսոփայորեն: Այն ոլորտում, որում ես եմ՝ ոչ դիմացկունները տեղ չունեն: Անելիքներ դեռ շատ կան և այս դաշտում և ես ինձ դեռ երկար եմ տեսնում:
Հայկ Մարտիրոսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր