Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

05 սեպ 2018 11:45

Որքան ապօրինի փող է դուրս բերվել Հայաստանից և որքանով է իրատեսական դրանց վերադարձը

Որքան ապօրինի փող է դուրս բերվել Հայաստանից և որքանով է իրատեսական դրանց վերադարձըԹավշյա հեղափոխությունից հետո շատերը հույս ունեն, որ նոր իշխանությունները հետ կբերեն նախկինների թալանած և նրանց կողմից արտերկրներ տեղափոխված հսկայական գումարները։ Ավելին, կառավարությունն էլ հայտարարել է, որ այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատում է։ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-ին տեղեկացրեց, որ երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի նույնականացման և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ է գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը:

«Գաղտնիք չի, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալերկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվան գտնելու։ Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի և UNODC-ինախաձեռնությամբ հիմնված մի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը: Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը»,- նշել էր ՀՀ առաջին փոխվարչապետը:
Իսկ մոտավորապես ի՞նչ գումարների մասին է խոսքը
Global Financial Integrity-ի (GFI) կազմակերպության անունը Հայաստանում վերջին 2 տարիներին բավականին հաճախ է շոշափվում։ Հենց GFI-ն է ամեն տարի զեկույց հրապարակում զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի ապօրինի ֆինանսական հոսքերի մասին։
 Այս հարցում մեծ թյուրըմբռնում, և հետևաբար՝ չափազանցված ակնկալիքներ կան։
Օրինակ, շատերդ լսած կլինեք «վերջին 10 տարում Հայաստանից ապօրինի դուրս է բերվել 9.8 մլրդ դոլար» արտահայտությունը։ Սա հնչել է ամենատարբեր ելույթներում, հոդվածներում, հարցազրույցներում, և այլն։ Այս գնահատականը վերցված է Global Financial Integrity-ի (GFI) կազմակերպության զեկույցից, որն ամեն տարի զեկույց է հրապարակում զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի ապօրինի ֆինանսական հոսքերի մասին։
Շատերը հիմնվում են հենց այս գնահատականի վրա և կարծում են, որ ՀՀ կոռումպացված չինովնիկներն ու օլիգարխները այդքան գումար փոխանցել են արտերկրներում գտնվող իրենց հաշիվներին կամ ներդրել դրսում գտնվող բիզնեսի մեջ, և հույս ունեն, որ կառավարությանը կհաջողվի վերադարձնել այդ գումարը կամ դրա մի զգալի մասը։
Դա, մեղմ ասած, այնքան էլ այդպես չէ։ Global Financial Integrity-ն հետաքննական մեթոդներով չի գնահատում և չի կարող գնահատել, թե Հայաստանից (կամ այլ երկրից) կոնկրետ անձինք ինչ գումարներ են ապօրինի դուրս բերել։ Global Financial Integrity-ն ունի այլ մեթոդաբանություն, որը հիմնված է արտաքին առևտրի տվյալների վրա, և որի հետ կապված շատ մասնագետներ մեծ վերապահումներ ունեն։
Ինչպե՞ս է GFI-ը գնահատում ապօրինի հոսքերը
 
Նախ նշենք, որ վերը նշված 9.8 մլրդ դոլարը վերաբերում է 2004-2013թթ., ոչ թե վերջին 10 տարիներին, սակայն, ինչ խոսք, միլիարդների էֆեկտը դրանից չի փոխվում։
Ընդ որում, GFI-ի վերջին զեկույցը, որը վերաբերում է արդեն 2005-2014թթ., հրապարակվեց 2017 թվականի մայիսի 1-ին։ Այն Հայաստանում անուշադրության մատնվեց, միգուցե այն պատճառով, որ հասարակությունը զբաղված էր Երևանի ավագանու ընտրություններով։
Նախքան Global Financial Integrity-ի նոր զեկույցին անդրադառնալը՝ հիշեցնենք նախորդը։
GFI-ի նախորդ  զեկույցի համաձայն՝ 2004-2013թթ. ընթացքում Հայաստանից ֆինանսական միջոցների ապօրինի արտահոսքը կազմել էր ընդհանուր առմամբ 9 մլրդ 834 մլն դոլար։
Տարեկան միջին արտահոսքը 10 տարվա կտրվածքով կազմում էր 983 մլն դոլար։
Ընդ որում, ըստ տարիների՝ այդ չափն աճել էր. եթե 2004թ. Հայաստանից ապօրինի արտահոսքը 403 մլն դոլար էր, ապա 2013թ.՝ ավելի քան 1.8 մլրդ դոլար։
2005-2014թթ. զեկույցում, ինչպես նշեցինք, ապօրինի ֆինանսական հոսքերի համար ներկայացված են ոչ թե բացարձակ թվեր, այլ տոկոսներ՝ արտաքին առևտրի նկատմամբ։ Ընդ որում, ներկայացված է նվազագույն և առավելագույն արժեքը։
Այսպես, 2014 թվականին Հայաստանի ապօրինի արտահոսքը, ըստ GFI-ի, կազմել է այդ տարվա արտաքին առևտրի 8%-22%-ը։ Արտաքին առևտրի չափը զեկույցում 5 մլրդ 921 մլն դոլար է։ Ստացվում է, ըստ GFI-ի զեկույցի, 2014թ. Հայաստանից եղել է 474 մլն դոլարից մինչև 1.3 մլրդ դոլարի ֆինանսական միջոցների ապօրինի արտահոսք։ 2005-2014թթ. համար՝ 10 տարվա կտրվածքով, ապօրինի արտահոսքը գնահատվել է 9%-21%, այսինքն՝ 4.3-10 մլրդ դոլար (արտաքին առևտուրն այդ ընթացքում կազմել է 47.7 մլրդ դոլար)։
Ինչպես տեսնում եք, թեպետ բացարձակ ցուցանիշով Հայաստանի ապօրինի հոսքերը տարածաշրջանի երկրների համեմատ այնքան էլ մեծ չեն, սակայն տոկոսային առումով դրանց կշիռը բավականին մեծ է։
ԱՐՏԱՀՈՍՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Պատկերացրեք, որ ձեր մեքենան փչացել է, և տարել եք արհեստավորի մոտ։ Արհեստավորն ասում է, որ ինչ-որ մաս է փչացել, և հարկավոր է նորը գնել։ Նա նաև ասում է, որ այդ մասն ինքն էժան գնով, ասենք, 10 հազար դրամով, կարող է ձեռք բերել իր ծանոթից։ Դուք 10 հազար դրամը տալիս եք արհեստավորին և մյուս օրն ուրախ-ուրախ գալիս ձեր մեքենայի ետևից։ Իրականում, սակայն, արհեստավորը մեքենայի մասի համար վճարել է 7 հազար դրամ, մնացածը դրել է իր գրպանը։ Այսինքն՝ ձեր կողմից գնված ապրանքի գինն ուռճացրել է (կամ գերարժևորել), որի պատճառով դուք ունեցել եք գումարի կորուստ (կամ արտահոսք)։ Ինչպե՞ս կարող էիք դուք դրանում համոզվել։
Ճիշտ է՝ եթե հնարավորություն ունենայիք ստուգել, թե մեքենայի պահեստամասեր վաճառողը որքան է իրականում ստացել։ Այս տրամաբանությամբ էլ GFI-ը ստուգում է երկրի արտաքին առևտուրը` համեմատելով գործընկեր երկրների վիճակագրությունը։ Մասնավորապես, ներմուծման դեպքում համեմատում է մեր (մեքենայի տիրոջ) և պահեստամասեր վաճառողի (այն երկիրը, որտեղից ներմուծում ենք անում) տվյալները։
Այսպես, եթե մեր վիճակագրությունն ասում է, որ X երկրից ներմուծել ենք 1 մլն դոլարի ապրանք, ենթադրվում է, որ այդ ներմուծման դիմաց մեր երկրից դուրս է գնացել 1 մլն դոլար։ Սակայն X երկրի վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդտեղից մեր երկիր արտահանվել է ոչ թե 1 մլն դոլարի, այլ 700 հազար դոլարի ապրանք։ Ստացվում է 300 հազար դոլարի շեղում։ Այսինքն՝ այդ 300 հազար դոլարը մեր երկրից դուրս է եկել, սակայն ոչ թե՝ ներմուծման դիմաց, այլ՝ դրա անվան տակ։ Հենց սա էլ՝ ներմուծման գերարժևորումը (import overinvoicing), GFI-ն օգտագործում է արտահոսքը չափելու համար։
Սակայն միայն դա չէ, որ հաշվի է առնվում։ Նաև արտահանման թերարժևորումն է (export underinvoicing) խոսում արտահոսքի մասին։ Մեկ այլ կենցաղային օրինակով դա ցույց տանք։ Դուք ձեր ծանոթին խնդրում եք գնորդ գտնել ձեր մեքենայի համար։ Նա գտնում է մեկին, ով պատրաստ է վճարել 5000 դոլար, սակայն ձեզ ասում է, որ 4000 հազար դոլարով է վաճառում։ Ինքներդ գնորդին չեք տեսնում, ամեն ինչ վստահում եք ձեր ծանոթին։
Արդյունքում՝ նա մեքենան վաճառում է 5000 դոլարով, ձեզ տալիս է 4000-ը, իսկ 1000-ը՝ դնում գրպանը։ Ստացվում է՝ դուք ունեցաք 1000 դոլարի արտահոսք՝ գնման գնի թերարժևորման (underinvoicing) պատճառով։ Նույն կերպ էլ արտահանման թերարժևորումը խոսում է երկրից ֆինանսական միջոցների արտահոսքի մասին։
Ահա, հիմնականում այս երկու գործիքներով է GFI-ը չափում ֆինանսական միջոցների ապօրինի շարժը։ Սրան գումարած՝ հաշվի են առնվում նաև վճարային հաշվեկշռի ճշգրտումները։ Օրինակ՝ երբ դեբետն ու կրեդիտն իրար չեն համապատասխանում, և բալանսը փակելու համար վճարային հաշվեկշռի վերջում ավելացնում են «զուտ սխալներ և բացթողումներ» տողը։ Դա, պատկերավոր ասած, «չհիմնավորված գումարների»   տողն է։ Սակայն GFI-ի զեկույցում ֆինանսների ապօրինի հոսքի մեջ վճարային հաշվեկշռի ճշգրտումները փոքր կշիռ ունեն։
Համեմատության համար նշենք, որ մեր կողմից այդքան շրջանառված 9.8 մլրդ դոլարից 8.7 մլրդ-ը հենց առևտրի հետ կապված գնահատականն է։ Կարճ ասած, GFI-ը հետաքննություն չի անցկացնում՝ պարզելու համար, թե օլիգարխ Պետրոսը կամ պաշտոնյա Պողոսն ապօրինի ճանապարհներով որքան գումար դուրս բերեց երկրից և որ օֆշորներում տեղաբաշխեց։ Նման հաշվարկ գործնականում ոչ ոք չի կարող անել։ Որքան էլ դա դուր գա կամ դուր չգա՝ GFI-ի մեթոդաբանությունը դա է։ GFI-ի զեկույցն առաջին հերթին՝ վեր է հանում մաքսային համակարգերում առկա բացթողումները, և հետազոտության նպատակը երկրների միջև այդ շեղումները նվազագույնի հասցնելն է, առևտրային «քաոսը» վերացնելը։
ՆԵՐՀՈՍՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Եվս մի կարևոր նկատառում, որի մասին ոչ ոք չի խոսում։ GFI-ը գնահատում է ֆինանսական միջոցների ապօրինի հոսքերը, այսինքն՝ և՛ արտահոսքը, և՛ ներհոսքը։ Մեզանում խոսվում է միայն արտահոսքի մասին, մինչդեռ, ըստ նույն զեկույցի, ոչ պակաս ծավալի ներհոսք էլ ունենք։ Օրինակ, 2014 թվականին ապօրինի ներհոսքը գնահատվել է արտաքին առևտրի 3%-9%,  178-533 մլն դոլար։  2004-2013թթ. երբ գրանցվել է 9.8 մլրդ դոլարի արտահոսք, եղել է նաև 5.6 մլրդ դոլարի ապօրինի ներհոսք։
Իսկ ինչպե՞ս է գնահատվում ապօրինի ներհոսքը։ Նույն կերպ, ինչպես արտահոսքի դեպքում՝ ներմուծման և արտահանման տվյալների վերլուծության միջոցով։ Պարզապես, եթե արտահոսքը գնահատելու համար հաշվի են առնում ներմուծման գերարժևորումն ու արտահանման թերարժևորումը, ապօրինի ներհոսքի գնահատման համար, հակառակը՝ հաշվի են առնվում ներմուծման թերարժևորումն ու արտահանման գերարժևորումը։
Սա էլ մի պարզ կենցաղային օրինակով ցույց տանք։ Ասենք, ընտանիքի հայրը ցանկանում է մեքենա գնել, որն արժե 15 հազար դոլար, սակայն կինը դեմ է։ Նա զարտուղի ճանապարհներով ձեռք է բերում 5 հազար դոլար, տանից վերցնում է ևս 10 հազար դոլար, վճարում է մեքենայի համար 15 հազար, սակայն ընտանիքի անդամներին ասում է, որ գնել է 10 հազար դոլարով։ Այսինքն՝ նա փողի ավելցուկը հիմնավորելու կամ այն ցույց չտալու համար թերարժևորում է գնման իրական գինը։ Նույն կերպ էլ` երկրի մասշտաբով, ներմուծման թերարժևորումը (import misinvoicing) անուղղակիորեն վկայում է ֆինանսական միջոցների ապօրինի ներհոսքի մասին։ Ահա սա է Gobal Financial Integrity-ի զեկույցի իմաստը։
Հետևություն
Կարծում ենք՝ այսքանից հետո սխալ կլինի ակնկալել ու առավելևս՝ պահանջել, որ ՀՀ նոր իշխանությունները Հայաստան վերադարձնեն 10 մլրդ դոլար։ Այն պարզ պատճառով, որ այդ փողը դրսում որևէ սնդուկում կամ որևէ մեկի հաշվին չկա։ Կամ միգուցե կա, սակայն հիմնավոր տվյալներ ու փաստեր չկան։
Ի դեպ, նոր իշխանությունները ինտենսիվ պայքար են մղում ստվերի ու կոռուպցիայի դեմ, և հատկապես մաքսային ընթացակարգերը զգալիորեն բարելավվել են։ Սա նշանակում է, որ բարելավվել է նաև մաքսային վիճակագրությունը և մոտեցել իրական պատկերին։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ 2018 թվականի վերաբերյալ GFI-ի զեկույցում Հայաստանի ապօրինի ֆինանսական հոսքերը պետք է նվազած լինեն։ Սակայն այդ գնահատականները կհրապարակվեն 2-3 տարի հետո։










Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր