Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

10 հուն 2019 12:08

Տեսանյութ. Հայաստանից երեխանե՞ր են որդեգրվում օրգանների համար.Ճնշումս բարձրացավ

Տեսանյութ. Հայաստանից երեխանե՞ր են որդեգրվում օրգանների համար.Ճնշումս բարձրացավԱյսօր՝ հունվարի 10-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով Տասնութ տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին հարցը, նշեց, որ նախագծով 18 տարին լրացած անձն իրավունք է ունենում տեղեկություններ ունենալ իր կենսաբանական ծնողների մասին: Սակայն եթե կենսաբանական ծնողները ցանկանան, կարող են մնալ չանձնավորված: Կառավարության որոշմամբ, երկու սուբյեկտների իրավունքները հավասարակշռված են, որպեսզի չխախտվի կողմերի իրավունքները: Եթե կենսաբանական ծնողը չի ցանկանում, որ իր երեխան իմանա, թե ով է իր ծնողը, երեխան իրավունք է ունենում գոնե ունենալու այնպիսի տեղեկություններ, որոնք բավարար են, սակայն չեն կարող օգնել նույնականացմանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, թե վերջին շրջանում տեղեկություններ է ստանում, որ Հայաստանում որդեգրման գործընթացում արհետսական խոչընդոտներ կան. «Իհարկե հասկանալի է, որ նուրբ հարց է: Սակայն պետք է հասկանալ, թե որն է մեր քաղաքականություն՝ խթանել որդեգրումը, թե խանգարել դրան: Իհարկե հասկանալի է, որ պետք է ամեն ինչ արվի երեխաների իրավուքնները և շահերը պաշտպանելով»:
Զեյնալյանը նշեց, որ այս առումով համագործակցություն կա սոցիալական ծառայությունների հետ, կան ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթեր և Սահմանադրություն, պետք է առաջ գնալ շահերի հավասարակշռման իրավունքի ապահովման սկզբունքով, որպեսզի կողմերից մեկին ավելի շատ իրավունք չտրվի մյուսի իրավունքների հաշվին: Այսինքն այնպես պետք է արվի, որ որդեգրումը հնարավոր լինի կազմակերպել հնարավորինս հեշտ, սակայն որդեգրված երեխայի իրավունքներն ու շահերն ապահովվեն:
Այսօր Հայաստանում կա 300 երեխա, որոնք ենթակա են որդեգրման, և մոտ 140 ընտանիք, ինչպես նաև 47 օտարերկրյա ընտանիք, ովքեր ցանկություն են հայտնել երեխա որդեգրել: Սակայն հարկ է նշել, որ որդեգրման ենթակա երեխաների հիմնական մասը հաշմանդամություն ունեցող երեխաներ են, իսկ որդեգրել ցանկացողները ցանկանում են առողջ երեխաներ որդեգրել: Վերոնշյալ երեխաներն այն երեխաներն են, որոնց ծնողները հրաժարվել են իրենց զավակներից:
Գործադիրում խոսեցին նաև մանկատան երեխաներին բնակարաններով ապահովելու մասին: Վարչապետի պաշտոնակատարը կարևորեց այդ հարցը՝ միևնույն ժամանակ նշելով վերջիններիս կրթություն ստանալու հնարավորությամբ ապահովելու կարևորության մասին, քանի մյուսների պարագայում ընտանիքը, ծնողները օգնում են. «Մենք պետք է մտածենք, թե ինչ նոր լուծումներ պետք է առաջարկենք»:
Իր հերթին Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը խոսեց կարգի մասին, թե ինչպես է որդեգրման մասին ինֆորմացիան հասանելի դառնում քաղաքացիներին: Նրա կարծիքով, կարող են այստեղ կոռուպցիոն ռիսկեր լինել:
Փաշինյանը նշեց, որ որդեգրման գործընթացին պետք է լրջորեն անդրադառնալ, հասկանալ, թե ինչ է կատարվում, քանի որ մարդիկ ասում են, որ խնդիրներ կան, որդեգրումը գումար արժե:
Հարցի մասին խոսեց նաև առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ հարցը շատ նրբազգաց է, կան բաներ, որոնք կարելի է բարձրաձայնել, բաներ էլ կան՝ ոչ. «Ես չեմ ուզում անմեղության կանխավարկածը խախտել: Բայց ես այստեղ կկիրառեի ավելի խիստ բառ, քան կոռուպցիան: Մենք գործ ունենք մաֆիայի հետ: Գումարները, որի մասին խոսվում է, որոնք սկսվում են ծննդատներից, այսբերգի միայն գագաթն են, շատ ավելի ցավալի իրողություններ կան՝ մասնավորապես խոսքը վերաբերում է երեխաների օրգանների վաճառքին, այդ թվում արտասահմանում որդեգրվող»:
Միրզոյանի խոսքերով, մինչ այսօր ստուգումների արդյունքում նման դեպք չի բացահայտվել, սակայն կասկածներ կան, որ որոշ կեղծ մարդիկ կարող են տարբեր երկրներից երեխաներին որդեգրել, արդյունքում երեխաները կարող են զրկվել մի երիկամից և այլն. «Մենք միակը չենք: Դրանք օդում կախված լուրեր են»:
Փաշինյանը նշեց, որ դրանք շատ զգայուն թեմաներ են. «Ո՞նց, նման բանե՞ր են եղել: Այս ընթացքում ճնշումս բարձրացավ»:
Միրզոյանը նշեց, որ նման դեպքեր չեն եղել, ուղղակի լրջագույն վերահսկողության կարիք կա, որպեսզի ռիսկերը իրականություն չդառնան:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Միրզոյանի բարձրացրած թեմայի մասին տեղեկություններ չունեն, Հայաստանից երեխաներ չեն որդեգրվել օրգանների համար, ու իրավիճակը գտնվում է իրենց վերահսկողության ներքո:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր հերթին խոսեց որդեգրման ընթացակարգի և մասնավորապես այն մասին, թե ինչպես է որոշվում, թե որ ընտանիքն է որդեգրելու տվյալ երեխային. «Կարգի համաձայն, առաջինը դիմած ընտանիքն է իրավունք ստանում որդեգրելու, հարց է առաջանում, թե որտեղ է տվյալ ընտանիքն իմանում որդեգրման ենթակա երեխայի մասին: Կարծում եմ, որ ամենաառաջին քայլը պետք է լինի կարգի մասով նոր լուծումներ տալը: Ինչ վերաբերում է օրգանների վաճառքի մասին հարցին, ապա ես որևէ նման դեպք չեմ հիշում»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատ Հակոբ Արշակյանն էլ առաջարկեց որդեգրման ժամանակ հաշվի առնել որդեգրող ծնողների տվյալները՝ բարձրագույն կրթություն, աշխատանքի առկայություն և այլն:
Փաշինյան նշեց, որ որպես բարձրագույն կրթություն չունեցող մարդ բացասական է արձագանքում առաջարկին:
Նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը:

 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր