19:29 - Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ է լռում իշխանությունը. Տեսանյութ         18:15 - Ձնահոսքի մեջ ընկածներին դուրս են բերել. Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը ՊՆ ուղղաթիռում մահացել է      17:48 - Ինչ արագությամբ կընթանան քաղաքական շարժերը` կախված կլինի, թե ինչ արագությամբ կհաջողի կամ կձախողի կառավարությունը    

09 փետ 2019 12:22

Եթե արձանի ապամոնտաժում, ապա առաջին հերթին Մառնեուլիում տեղադրված Ջալիլ Սաֆարովի կիսանդրին

Եթե արձանի ապամոնտաժում, ապա առաջին հերթին Մառնեուլիում տեղադրված Ջալիլ Սաֆարովի կիսանդրինՋավախքում, արցախյան ազատամարտի հերոս, Միքայել Ավագյանի կիսանդրու վերաբացման առիթով բարձրացած աղմուկի և հետագա զարգացումների շուրջ Hayacq.com-ը զրուցեց  «Ջավախք» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանի հետ:
 
-Ախալքալաքի Բուղաշեն գյուղում արցախյան ազատամարտի հերոս Միքայել Ավագյանի կիսանդրու վերաբացման առիթով վրաստանաբնակ ադրբեջանցիները մեծ աղմուկ բարձրացրեցին: Երեկ էլ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, ազգությամբ ադրբեջանցի մի խումբ քաղաքացիներ, ինչպես նաև մի քանի վրացի քաղաքացիական ակտիվիստներ բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով ապամոնտաժել արձանը: Ըստ Ձեզ,  ո՞րն է  միտումը և ի՞նչ նպատակ է հետապնդում:
 
-Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը հետևողականորեն և բոլոր հնարավոր միջոցներով փորձում է փչացնել  հայ-վրացական հարաբերությունները, կամ գոնե ստվերել այն։ Ներկայումս, պաշտոնական Երևանը և պաշտոնական Թբիլիսին, փաստորեն փորձում են միջպետական հարաբերությունները բաձրացնել մեկ այլ մակարդակի՝ նախապես ամրապնդելով փոխադարձ վստահությունը  և հուսով ենք, որ այդպես էլ կլինի։ Այս գործընթացն իհարկե ադրբեջանա-թուրքական տանդեմի և վերջինիս վրաստանյան արբանյակների սրտով չէ, քանի որ ինչպես նշեցի, նրանք այլ նպատակ ունեն։ 
 
-Ակցիայի մասնակիցները Միքայել Ավագյանին անջատողական են անվանել՝ հայտարարելով, թե իբրև նա մասնակցել է ոչ միայն Ղարաբաղի, այլև Աբխազիայի պատերազմին: Կարո՞ղ ենք սա որպես սադրանք դիտարկել: 
 
-Միքայել Ավագյանը Արցախյան ազատամարտի մասնակից է և միանշանակ սուտ է այն տեղեկատվությունը, որ իբրև մասնակցել է վրաց-աբխազական պատերազմին, որը տեղի է ուեցել 1992-93 թթ։ Միքայել Ավագյանը 1990 թվականից տեղափոխվելով Սյունիքի մարզ, մինչև զոհվելը մասնակից է եղել Հայաստանի սահմանների պաշտպանությանն ու Արցախի ազատագրմանը։ Վստահ չեմ, բայց  հուսով եմ չեն լինի մարդիկ, ովքեր կհավատան, որ Միքայելը ցերեկները մասնակցել է Արցախի ազատագրմանը, իսկ գիշերները վրաց-աբխազական պատերազմին։ Ակցիայի մասնակիցները, սադրանքի միջոցով, փորձում են խաղալ վրացիների նուրբ լարերի հետ, սակայն չեմ կարծում, որ Վրաստանի իշխանությունները կուլ կտան այդ խայծը։ 
 
-Հարցի վերաբերյալ ինչպիսի՞ն է Վրաստանի իշխանության և հասարակության վերաբերմունքը: 
 
-Հասարակության մեջ, հասարակական-քաղաքական հատվածում, զանգվածային լրատվամիջոցներում ցավոք գտնվում են մարդիկ, որոնք տրվում են ադրբեջանա-թուրքական սադրանքին, ինչ որ կոչերով հանդես գալիս և ավելի հեռուն գնալով վիրավորական արտահայտություններ հնչեցնում, ինչը միանշանակ չի բխում հայ-վրացական հարաբերությունների տրամաբանությունից և այստեղ պաշտոնական Թբիլիսին նույնպես մտածելու բան ունի։ 
Իսկ, իշխանությունը փաստորեն փորձում է պահպանել հավասարակշռված դիրքորոշում՝ ի ուրախություն մեզ և ի պատիվ իրեն։ 
 
-Իսկ Ջավախքում ինչպիսի՞ տրամադրություններ են:
 
-Ջավախքում լարվածություն չկա։ Առաջին անգամ չէ, որ նմանատիպ և այլ սադրիչ գործելաոճի են դիմակայել։ Պատասխանը տրված է, որ եթե արձանի ապամոնտաժում, ապա առաջին հերթին պետք է ապամոնտաժվի Մառնեուլի ադրբեջանաբնակ գյուղում տեղադրված, Արցախյան պատերազմի մասնակից  Ջալիլ Սաֆարովի կիսանդրին, որն աչքի է ընկել խաղաղ բնակիչներ սպանելով և հավանաբար այդ պատճառով էլ ստացել է հերոսի կոչում, իսկ այնուհետև նաև Հեյդար Ալիևի հսկայական արձանը Թբիլիսիի կենտրոնում։ 
Վստահ եմ, որ ջավախքցիներն ինչպես միշտ, կպահպանեն հավասարակշռված դիրքորոշում, բայց միևնույն ժամանակ թույլ չեն տա, որ ադրբեջանա-թուրքական սադրանքներն ու կեղտոտ խաղերը, արդյունքներ ունենան ու բացասաբար անդրադառնան Հայաստան-Վրաստան և ընդհանրապես հայ-վրացական հարաբերությունների վրա։ 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր