ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

23 ապր 2019 15:31

Բազմաթիվ տարբերություններից անկախ, որոշակի նմանություններ, այնուամենայնիվ, կան Թրամփի և Փաշինյանի մոտ. The Armenite

Բազմաթիվ տարբերություններից անկախ, որոշակի նմանություններ, այնուամենայնիվ, կան Թրամփի և  Փաշինյանի մոտ. The ArmeniteThe Armenite բլոգը ծավալուն անդրադարձ է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդհանրություններին՝ նկատելով, որ երկու քաղաքական գործիչների միջև առկա բազմաթիվ տարբերություններից անկախ, որոշակի նմանություններ, այնուամենայնիվ, կան:

«Առաջին հայացքից Թրամփն ու Փաշինյանը սրանից ավելի տարբեր չեն կարող լինել: Նրանցից մեկը միլիարդատեր է, մյուսը՝ աղքատ, մեկը հաջողակ գործարար է, մյուսը՝ ձախողված լրագրող, մեկը պրոֆեսիոնալ ձևով կարողանում է իր գործունեության համար մասնավոր ֆինանսավորում գտնել, իսկ մյուսը սակավ բանիմացություն է ցուցաբերում իր գործունեության համար օտարերկրյա կառավարություններից ֆինանսավորում գտնելու հարցում: Սակայն այս ամենը կարող է խաբուսիկ լինել»,-գրում է անդրադարձի հեղինակ Ուիլյամ Բայրամյանը:

Կասկածի ուժը

Հեղինակը հիշեցնում է, որ Թրամփի՝ քաղաքականություն մտնելու լուրջ քայլը սկսվեց նրանից, որ միլիարդատերն անընդհատ փորձում էր կասկածի տակ դնել այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամայի իշխանության օրինականությունը: Բացի այդ, նա վիճակում էր այն փաստը, որ Օբաման ծնվել է ԱՄՆ-ում: Նա ասում էր, որ ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը ծնվել է Միացյալ Նահանգների սահմաններից դուրս, ուստի՝ չի կարող նախագահ լինել: Թրամփի՝ ամեն ինչ կասկածի տակ դնելու մարտավարությունը չսահմանափակվեց միայն Օբամայով, ավելի ուշ նույն կասկածի տակ հայտնվեցին Հիլարի Քլինթոնը, Կենտրոնական հետախուզական վարչությունը, գլխավոր դատախազները, Գերագույն դատարանը և մյուսները:

«Ի տարբերություն Դոնալդ Թրամփի՝ Նիկոլ Փաշինյանը տասը տարով ավելի շուտ է սկսել դեպի ղեկավար պաշտոն տանող ուղին: Իջևանից եկած երիտասարդը քաղաքական դաշտ է մտել որպես ընդդիմադիր լրագրող, որը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո սկսեց քննադատել նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա կառավարության անդամներին, ինչպես նաև անհիմն մեղադրանքներ հնչեցնել նրանց հասցեին»,-գրում է հեղինակը՝ հիշեցնելով, որ թեև Փաշինյանն իշխանություններին մեղադրում էր կոռուպցիայի համար, սակայն իր մեղադրանքները չէր կարողանում հիմնավորել որևէ ապացույցով:

Բայրամյանը հիշեցնում է, որ տարիներ առաջ ԱՄՆ իշխանությունները Փաշինյանի «Հայկական ժամանակ»-ի վերաբերյալ նշել են, որ այն «քաղաքական սենսացիաներ անող տաբլոիդ է, որն անհիմն հրապարակումներ է անում, և փաստերն անտեսողի հեղինակություն ունի»:

Կրկին անդրադառնալով Թրամփի և Փաշինյանի միջև նմանություններին՝ հեղինակը գրում է, որ երկուսն էլ մեծ արհամարհանք ունեն ազգային ինստիտուտների նկատմամբ: Թրամփն ու իր «դաշնակից» լրատվամիջոցները միլիոնավոր ամերիկացիների հավատացրել են, որ այնպիսի հարգելի ազգային ինստիտուտներ, ինչպիսին են հետախուզական ծառայություններն ու պետական մյուս գործակալությունները, կոռումպացված են:

«Փաշինյանն իր հերթին տասնամյակներ շարունակ աշխատել է այժմ իր իսկ ղեկավարած նախարարությունների, կառավարական հաստատությունների օրինականությունը վիճարկելու ուղղությամբ՝ Թրամփի պես հայտարարելով, որ դրանք «արմատից փտած են», և որ «ճահիճը պետք է չորացնել»,-գրում է Բայրամյանը՝ մանրամասնելով, որ Փաշինյանի քննադատությունը վերաբերել է ՀՀ դատական, ընտրական համակարգերին, ոստիկանությանը, բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նախագահից մինչև ցածր օղակներ:

«Տարիներ շարունակ առավելապես անհիմն հարձակումներ անելու հետևանքով ստեղծվեց մի միֆ, որն անընդհատ Փաշինյանին տեսադաշտում էր պահում և որը, ինչպես և Թրամփի դեպքում, նրան օգնեց հասնել երկրի կառավարման բարձունքին»,-շարունակում է Բայրամյանը՝ նկատելով, որ Թրամփի և Փաշինյանի պես ինքնասիրահարված դեմագոգների համար առաջնային նպատակ է ամեն գնով իրենց ցուցադրելը, և նրանց ամենևին էլ չի մտահոգում այն, որ երկրի հասուն ղեկավարը պետք է գիտակցի, որ բարեփոխումների վրա աշխատելուն զուգահեռ, կարևոր է պահպանել ժողովրդի՝ երկրի ինստիտուտների նկատմամբ հավատը:

Ժամանակ և սոցմեդիա

Հեղինակը հիշեցնում է, որ սկզբում, երբ Թրամփը հայտարարեց նախագահական հավակնություններ ունենալու մասին, ոչ ոք նրան լուրջ չէր վերաբերվում: Սակայն Թրամփը հասկացավ, որ հանրությանը դուր են գալիս իր անսովոր, աղետալի ելույթները, հայտարարությունները, երբ լեփ-լեցուն մարզադաշտերում նա հայտարարում էր, որ «փտած համակարգը փրկչի կարիք ունի»:

«Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նա տարիներ շարունակ զրպարտում էր ցանկացած մեկին, որին իր սուր լեզուն հասնում էր: Իր հանրային ելույթներում Փաշինյանը Թրամփից է՛լ ավելի պերճախոս էր»,-նշում է Բայրամյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանը միշտ էլ «գիտեր»՝ ում մեղադրել Հայաստանի ամեն մի խնդրի համար, ինչպես այդ խնդիրները լուծել, և այդ մասին բարձրաձայնում էր:

Հեղինակի կարծիքով՝ թե՛ Թրամփի, թե՛ Փաշինյանի դեպքում նրանց հայտնիությանն առավելապես նպաստող գործոնը եղել է սոցմեդիան. Թրամփի դեպքում՝ Twitter-ը, Փաշինյանի դեպքում՝ Facebook-ը: Սա հարված էր երկուսի մրցակիցների համար էլ, և երբ նրանք գիտակցեցին, որ սոցմեդիայի էկոհամակարգն իրենց ձեռքում է, այն գրոհեցին կոնտենտով: Իրենց մրցակիցների հետ իմաստալից բանավեճերով զբաղվելու փոխարեն, նրանք նախապատվությունը տվեցին ավելի լայն լսարանի համար հեշտմարսելի շփումներին, որոնք հետզհետե ավելի ու ավելի շատ «տենդով բռնկված» աջակիցներ ապահովեցին:

Կոգնիտիվ դիսոնանս

«Սակայն այս երկուսի միջև ամենահետաքրքիր տարբերությունը ոչ թե անձնական հատկանիշների կամ կառավարման ձևի մեջ է, այլ նրա, թե ինչպես են նրանց ընկալում մարդիկ: Մինչ Թրամփին հաճախ համեմատում են Հիտլերի երկրորդ գալստյան հետ, Փաշինյանին գովաբանում են որպես Քրիստոսի կամ Գանդիի երկրորդ գալուստ»,-գրում է Բայրամյանը՝ նկատելով, որ Թրամփին քննադատող ամերիկահայերը Փաշինյանի մոլի աջակիցներն են:

«Միևնույն անձը կհանդիմանի ընկերներին և ընտանիքին, վերջիններիս կարծիքով, ստախոս իշխանատենչ շառլատանին չաջակցելու համար և միևնույն ժամանակ կքննադատի նույն բնութագրին համապատասխանող, սակայն աշխարհի մյուս ծայրում գտնվող ղեկավարին քննադատողներին: Կոգնիտիվ դիսոնանսն այստեղ շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան հակասական չլիներ: Առավել շփոթեցնող է շատերի՝ դեմագոգիայի համար Թրամփին որպես պոպուլիստ նեոֆաշիստ վերաբերվելու պատրաստակամությունն ու Փաշինյանի դեպքում նման բնութագիրն ընդունելու մերժումը՝ չնայած, որ Փաշինյանն իրականում Թրամփի պես ֆաշիստական միտումներ ունեցող դեմագոգ պոպուլիստ է և, գուցե, Թրամփից էլ մի քիչ շատ»,-գրում է Բայրամյանը: 

Այնուհետև հեղինակը հիշեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ՀՀ կառավարությունն այսքան շատ լրագրողների նկատմամբ ճնշում չի գործադրել: Բայրամյանն այս համատեքստում հիշեցնում է հայկական ամենահայտնի կայքերից մեկի գլխավոր խմբագիր, գործող իշխանությունների քննադատ Կոնստանտին Տեր-Նակալյանին Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության կանչելը, News.am և Yerevan.Today կայքերի գրասենյակներում խուզարկություններ անցկացնելը:

«Չնայած, որ Թրամփը կանոնավոր կերպով բանավոր հարձակումներ է գործում լրատվամիջոցների նկատմամբ, ամերիկացիները մխիթարվում են՝ իմանալով, որ հակաթրամփական լրատվամիջոցների գրասենյակներում խուզարկություններ չեն անցկացվում»,-գրում է Բայրամյանը:
Սակայն հեղինակին ավելի շատ անհանգստացնում է թե՛ Թրամփի, թե՛ Փաշինյանի արհամարհական վերաբերմունքն իրենց երկրների դատական համակարգերի նկատմամբ:

«Թրամփը հրապարակավ քննադատել է դատավորներին, դատական համակարգը, իսկ Փաշինյանն իր լկտիությամբ ավելի հեռուն է գնացել՝ թաղելով Հայաստանում անկախ արդարադատության վերաբերյալ բոլոր պատրանքները»,-գրում է Բայրամյանը՝ հիշեցնելով Փաշինյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ քրեական գործի ընթացքին միջամտելու վերաբերյալ արտահոսած խոսակցությունը, ինչպես նաև Փաշինյանի՝ հավաքված ամբոխին ուղղված հռետորական հարցը.«Այս երկրում կա՞ մի դատավար, որը կարող է իմ ասածին ոչ ասել»:

«Փաշինյանի աջակիցները ներում են այս ամենը՝ մոռանալով, որ իրենցից շատերը պատրաստ էին դրանից էլ պակաս բաների՝ հաճախ սոցիալական և քաղաքական բնույթի ենթադրյալ խախտումների համար խաչել Սարգսյանին: Արդարացման գործընթացը վերածվել է խենթ խմբակային մտածողության, որն անվերահսկելի է մնացել որոշիչ ձայների կողմից, որոնք լռեցվել են այսօրվա Հայաստանում և աշխարհի հայկական համայնքներում Փաշինյանի երկրպագուների կողմից: Փաշինյանի երկրպագուները բոյկոտում են, ծաղրում ու սպառնում այլընտրանքային կարծիքներ հայտնողներին: Ամրագրված սկզբունքների ռացիոնալացումն ու այլասերումն իրականում հետևանքն է կոգնիտիվ դիսոնանսի, որից տառապում են Փաշինյանն ու իր աջակիցները»,-գրում է Բայրամյանը:

Հեղինակն իր անդրադարձը եզրափակում է այն մտքով, որ քանի դեռ Փաշինյանն ու իր կառավարության պաշտոնյաներն ընդդիմության շարքերում էին, իրենց ներկայացնում էին որպես ժողովրդավարական արժեքների սկզբունքային պաշտպաններ, սակայն ժամանակի ընթացքում ակնհայտ է դարձել, որ այդ ամենն  իրենց վերջնական նպատակին՝ իշխանությանը հասնելու հարմար միջոցներ էին:

«Այժմ, երբ նրանք հասել են դրան, այլևս չեն մտահոգվում իրենց խոստումների կատարմամբ: Սակայն երբ գործը հասնում է թունավոր մեղադրանք կամ «խայթող» հայտարարություն անելուն, նրանք պատրաստակամ են: Սա կարծես թե հիշեցնում է Վաշինգտոնում գտնվող մեզ քաջ ծանոթ մեկին»,-գրում է հեղինակը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր