Աշուղ Ջիվանու և Վահան Տերյանի ծննդավայրերում կրկին տոն էր. Տեսանյութ

Հուլիսի 21-ին 52-րդ անգամ նշվեց Տերյանական պոեզիայի
տոնը պոետի հայրենի Գանձա գյուղում: Տոնակատարությունը կազմակերպել էր Վրաստանի Նինոծմինդայի շրջանի ղեկավարությունը՝
ի դեմս քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի և շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանի:
Հնչած ելույթներում Վահան Տերյանը արժևորվեց ոչ միայն որպես մեծանուն պոետ ու բանաստեղծ,
այլ նաև որպես պետական և ազգային հայտնի գործիչ, ով ջանքեր չի խնայել հայ ժողովրդի
բարօրության համար:
Ջիվանիական և Տերյանական պոեզիայի տոներին մշտապես
մասնակցում են Հայաստանի և Վրաստանի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ և հայտնի մշակույթի
գործիչներ, որով տոնը վերածվում է հայ և վրաց ժողովուրդների միջև բարեկամության իսկական
տոնահանդեսի: Տոնակատարությունների գագաթնակետը դաշտահանդեսն է, որտեղ հնչում են ջիվանիական
և տերյանական երգեր ու բանաստեղծություններ և սրտառուչ խոսքեր նրանց մասին: Պոեզիայի
այս տոները հիրավի համաժողովրդական տոնախմբություն են Ջավախքում, որոնց մասնակցում
են ոչ միայն հազարավոր ջավախցիներ, այլ նաև բազմաթիվ հյուրեր:
Տոնակատարության մասնակիցների թվում էին Հայաստանի
պաշտոնական պատվիրակության ղեկավար, «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ նախագահ,
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության
պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Մաթևոս Ասատրյանը, Սերգեյ
Մովսիսյանը, Սեդրակ Թևոնյանը, Հայկ Գևորգյանը, Նարեկ Զեյնալյանը, «Տերյան» մշակութային
կենտրոնի ղեկավար Առուշան Հակոբյանը, ՀՀ կառավարությանն
առընթեր տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը, ՀՀ կառավարությանն առընթեր տեսչական
մարմնի ղեկավարի տեղակալ, «Ջավախք» հիմնադրամի
հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտյուշ Գրիգորյանը, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր,
ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, գիտության վաստակավոր գործիչ, ջիվանիագետ Սամվել
Մուրադյանը, Հայաստանի գրողների միության անդամ, գրող, հրապարակախոս Հարություն Հովնաթանը,
գրականագետ, հրատարակիչ Վահագն Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ
Մելքոնյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը և այլ հյուրեր:
Տոնակատարություններին իրենց պատվավոր մասնակցությունը ցուցաբերեցին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսո Ամիրանիաշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը և Դավիթ Ճիճինաձեն, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրդը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը և այլոք:
Տոներին մասնակցելու համար Ջավախք էին ժամանալ նաև մի քանի մշակութային խմբեր և անհատ երգիչներ, այդ թվում ՀՀ հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» համույթը, «Կարին» ավանդական երգի և պարի համույթը, որոնք իրենց անզուգական կատարումներով բազմապատկեցին տոնական տրամադրությունը:
Հայաստանյան պաշտոնական պատվիրակության կազմակերպիչը մշտապես հանդիսանում է «Ջավախք» հայրենակցական բարեգործական ՀԿ-ն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: