Միասնականությունը չի կարող լինել պարտադրանք, դա արդեն ահաբեկչություն և բռնատիրություն կլինի
Ամենաշատ շահարկվող, պատեհ եւ ոչ պատեհ առիթներով օգտագործվող, եւ միեւնույն ժամանակ կարեւորագույն գաղափարներից ու հասկացություններից է հայրենասիրությունը:
Իսկ ի՞նչ է հայրենասիրությունը: Ինչո՞վ է այն արտահայտվում: Կա՞ն արդյոք չափման միավորներ:
Կարծում եմ, որ մի շարք գաղափարների ներգրավմամբ կարելի է վերհանել հայրենասիրության բանաձեւը:
Առաջին բաղադրամասը միասնականությունն է: Հայրենասիրությունը պահանջում է հասարակության եւ ազգի համախմբում, տարբեր մարտահրավերների եւ խնդիրների լուծման համար միասնական ճակատով հանդես գալու անհրաժեշտություն։ Իսկ ի՞նչն է միասնականության հիմքը, նամանավանդ, որ մարդիկ կարող են ունենալ տարբեր կարծիքներ եւ մոտեցումներ զանազան խնդիրների լուծման, տարբեր արժեքների եւ գաղափարների վերաբերյալ: Միասնականությունը, բնական է, չի կարող լինել պարտադրանք, ազատ կամարտահայտության արգելափակում կամ ճնշում: Սա արդեն միասնականություն չէ, այլ ահաբեկչություն եւ բռնատիրություն:
Հետեւաբար, միասնականության կարեւորագույն բաղադրամասերից է փոխադարձ հարգանքը մեկը մյուսի նկատմամբ: Ինչքան էլ որ տարբեր լինեն գաղափարներն ու մոտեցումները, առանց փոխադարձ հարգանքի դրանք բերում են թշնամանքի եւ երկպառակտման:
Փոխադարձ հարգանքն, ընդհակառակը, թույլ է տալիս զանազան, այդ թվում՝ իրարամերժ գաղափարներից ու մոտեցումներից ձեւավորել ընդհանուր հայեցակարգ, միասնական տեսլական:
Հետեւաբար, հայրենասիրությունը կարելի է բնութագրել հետեւյալ բանաձեւով՝
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ = ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ + ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐԳԱՆՔ
Այս բանաձեւը թույլ է տալիս չափել իրական հայրենասիրությունը տարբեր հասարակություններում: Եթե հասարակության մեջ կա հարգանք մեկը մյուսի հանդեպ, ապա դա հիմք է դառնում միասնականության համար, որն էլ հայրենասիրության կարեւորագույն դրսեւորումն է:
Այս պարզ բանաձեւը պահանջում է շատ մեծ աշխատանք՝ կրթադաստիարակչական ոլորտից մինչեւ պետականաշինություն:
Իհարկե, արհավիրքների ժամանակ տեղի է ունենում միավորում: Բայց եթե այդ միավորումն ստեղծվում է լոկ արտաքին վտանգը չեզոքացնելու համար, ապա այն ավելի կարճատեւ է լինում:
Իսկ մեզ պետք է երկարատեւ, հարատեւ միասնականություն: Այլընտրանք մենք չունենք:
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան