Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

21 օգոս 2019 16:24

Արտառոց դեպք. մահացածի ներքին օրգանները տոպրակով տվել են հարազատին.«տարե՛ք, հետը կգցեք փոսի մեջ»

«Ժողովուրդ» օրաթերթին է դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի բնակիչ, որի դժգոհությունը կապված է Վարդենիսի դիահերձարանի հետ: Քաղաքացու պատմելով` օրեր առաջ Վարդենիսում իր հարազատի դիակը դիահերձել են, իսկ ներքին օրգանները լցրել են տոպրակի մեջ ու տվել մահացածի հարազատին` ասելով` «տարե՛ք, հետը կգցեք փոսի մեջ»:

Ըստ մասնագետների` այս երեւույթը խիստ վտանգավոր է, քանի որ նախ այն վայրում, որտեղ կատարվում է հերձումը, երկար ժամանակ տհաճ հոտ է գալիս, բացի այդ, բժշկական նորմալ հերձում չկատարելու դեպքում դիակը կարող է դառնալ վտանգավոր ինֆեկցիաների բռնկումների պատճառ: Չէ՞ որ մահացածը կարող էր ինֆեկցիա ունենալ ու դրա պատճառով մահանալ, իսկ նրան այդպես տանեն եւ թաղեն` այդպիսով վարակելով նաեւ հողը: Դա տեղանքի ուժեղ վարակվածության կբերի, նույնիսկ այն դեպքում, եթե մահացածը հիվանդ չլինի: Անձրեւ գալու դեպքում էլ հողի պարունակությունը ջրի հետ խառնվում է ու տարածվում:
Այս ահազանգի հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը խոսեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի դատական բժիշկ Արտաշես Խաչատրյանի հետ, որը կտրուկ հերքեց, որ դիահերձման ժամանակ մահացածի ներքին օրգաններն իր կողմից մշակվում եւ փակվում են մահացածի որովայնում: «Տոպրակով ում են տվել, ինչ են արել` ես չհասկացա… Նման բան չի եղել իմ հետ, հաստատ չի եղել, դատաբժիշկը ես եմ Վարդենիսում, դիահերձողը սանիտարն է: Ինքն իր գործն անում է, վերջում օրգանները լցվում են որովայնում, կարվում է, եւ հանգուցյալին ճանապարհվում է հուղարկավորվելու»,- բացատրեց դատական բժիշկը:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցրեց` արդյոք սանիտարը դատական բժշկի հետ համաձայնեցնում է իր աշխատանքը, թե ոչ. չէ՞ որ հնարավոր է` սանիտարը ներքին օրգանները լցնի տոպրակի մեջ ու փոխանցի մահացածի հարազատին. «Չէ, ինքը իմ սանիտարն է, ինչպե՞ս կարող է անկախ գործել»:
Նկատենք, որ ժամանակին որոշ հիվանդանոցներ պայմանագրեր են կնքել այնպիսի ծառայություն իրականացնող ընկերությունների հետ, որոնք գնում էին մահացած մարդու ներքին օրգանները, լցնում հատուկ տարաների մեջ եւ կազմակերպություն էլ կար, որ գալիս էր այն վերցնում ու տանում էր այրման: Սակայն նման կազմակերպության հետ Վարդենիսի դիահերձարանը պայմանագիր չունի կնքած: Նշենք, որ հիմա ոչ բոլոր բուժհաստատություններն են պայմանագիր կնքում նման ծառայություն իրականացնող ընկերությունների հետ, քանի որ դա իրենց համար ծախսատար է:


«Մեզ մոտ նման բան չկա, մենք դատաբժշկական փորձաքննությունների ժամանակ բոլոր ներքին օրգանները լցնում ենք իրենց տեղը, մնացած պաթանատոմիական հերձումների ժամանակ Երեւանում կամ այլ տեղերում հնարավոր է ինչ-որ կազմակերպություններ լինեն, որոնք օրգանները վերացնում են: Բայց կոնկրետ դատաբժշկական փորձաքննության ժամանակ օրգանները դրվում է որովայնում համապատասխան մշակումից հետո:
Բացառված է, որ նման բան լինի, ոչ ոք տոպրակով մահացածի հարազատին ներքին օրգանները չի տվել»,- արդարացավ դատական բժիշկը:

Ապա ընդգծեց, որ դատաբժշկական հերձումների չափորոշիչների մեջ նշված է, որ փորձագետը կատարում է դիակի հերձում, փորձաքննություն, որոշման առաջադրված հարցերի պարզաբանում, վերջում դիակի հնարավորինս վերականգնում:
Իսկ, ահա, ախտաբան Գարիկ Աղաբեկյանն էլ իր հերթին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ արգելվում է հարազատի ձեռքին տալ մահացածի ներքին օրգանները: «Շատ շուտ նման բան եղել է, հետո արգելվեց: Համապատասխան մշակում պետք է արվի ու նորից դրվի դիակի մեջ, ապա պետք է հուղարկավորեն:
Հին ժամանակներում` ավելի քան 10 տարի առաջ, տալիս էին հարազատի ձեռքն ու ասում էին` տարե՛ք թաղեք, բայց դա շատ շուտ էր, ու այդ ժամանակ ինֆեկցիա բռնկվեց, որովհետեւ այն թաղել չի կարելի: Չէ՞ որ դիակը 2 մետր խորության վրա պետք է թաղես, ավելի սաղր չի կարելի, դա ինֆեկցիա է առաջացնում եւ ստորգետնյա ջրերը կախտահարվեն: Այդ ժամանակ անգամ քրեական գործեր հարուցվեցին: Հետո երբ ես գլխավոր պաթանատոմ էի, այդ հարցը կարգավորեցի. տալիս էին այրելու համապատասխան հիմնարկներին, իհարկե ոչ դատական դեպքերը:

Նման դեպքերում պետք է տարվի դիակի հետ թաղվի, որովհետեւ հնարավոր է նորից բողոք լինի եւ արտաշիրման հարց բացվի»,- «Ժողովուրդ» օրաթերթին իրավիճակը ներկայացրեց ախտաբանը:
Նրա պատմելով` նախկինում անգամ տնային պայմաններում են դիահերձում կատարել. «Ես այն ժամանակ արգելել էի, չէր արվում, հիմա այս պահին չեմ կարող ասել: Բայց դա արգելվում է: Երեւանում կարող եմ ասել, որ բացառվում է արվի, բայց մարզերում չգիտեմ»:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը ստացած բողոքի շուրջ զրուցեց նաեւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչ Լիլիթ Հունանյանի հետ, քանի որ, ինչպես հայտնի է, տեսչական մարմնի գործառույթների մեջ է մտնում նաեւ դիահերձարաններում ստուգումներ իրականացնելը:

«Մենք վերջերս ունեինք դիմում-բողոք` ախտաբանաանատոմիական բաժանմունքի դիահերձարանի վերաբերյալ. հարուցվել է վարչական վարույթ եւ այն ընթացքում է: Կան սանիտարական նորմեր, կանոններ, որոնց նկատմամբ իրականացնում ենք հսկողություն վարույթի շրջանակներում:
Բողոքը կապված է եղել քաղաքացու հոր դիահերձման գործընթացի հետ, որը վճարովի է եղել, բայց ինքը դրա մասին տեղյակ չի եղել»,- ներկայացրեց Լիլիթ Հունանյանը: Նրա խոսքով` չի եղել կարգ, հրապարակված գնացուցակ փակցված չկա: Բացի այս, բողոքը վերաբերել է սանիտարական նորմերի չպահպանմանը:
«Դա կարգավորվում է: Կան բժշկական թափոնների սանիտարահամաճարակաբանական նորմեր, որոնք կարգավորում են այդ ամենը: Անպայման պայմանագիր պետք է ունենան ախտաբանաանատոմիական թափոնների համար:

Սանիտարական կանոններն ու նորմերը դիահերձարանին ներկայացվող բոլոր պահանջներն են` ինչ բաժիններ պետք է ունենան, թեկուզ դիահերձարանն ինչ մակերեսով պետք է լինի, տաք եւ սառը ջուրը ինչպես պետք է լինի` ցնցուղով, թե… ինչ սենյակներ պետք է ունենան, որտեղ ինչ պահեն»,- տեղեկացրեց մասնագետը:
Հ.Գ. Բացի այս, ախտաբան Գարիկ Աղաբեկյանը մեզ հետ զրույցում բարձրաձայնեց եւս մեկ լուրջ խնդրի մասին: Նրա խոսքով` դատական դեպքերի դիահերձման աշխատանքները պետպատվերի շրջանակներում են իրականացվում, իսկ պաթանատոմիականի արժեքը կազմում է 13 հազար դրամ: Բայց, չգիտես, թե ինչու, դատական բժիշկները որոշել են իրենց ծառայությունը գնահատել 40-45 հազար դրամ մարզերում, իսկ Երեւանում, բնականաբար, այն ավելի թանկ է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր