Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»          Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել    

26 օգոս 2019 13:21

Կառավարությունը սխալվեց.ակնկալվող ներդրումների առումով շատ բան կախված է լինելու Ամուլսարի հարցի լուծումից

Ամուլսարի հարցում Հայաստանի նոր իշխանությունների հաշվարկներն ակնհայտ սխալ դուրս եկան։ Ժամանակին, երբ բնապահպաններն ու ակտիվիստները շրջափակում էին հանք տանող ճանապարհները` կառավարությունն անթաքույց աջակցում էր ակցիայի մասնակիցներին։
Հիմա իրավիճակը փոխվել է. կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում ապաշրջափակելու ճանապարհները և վերսկսելու հանքի շահագործման աշխատանքները, բայց դա այլևս հեշտ չէ։ Հասարակության մի ստվար հատված կտրականապես դեմ է հանքի շահագործմանը և հակված չէ ընդունել ոչ մի հիմնավորում` անկախ նրանից, թե դա ով է ներկայացնում։
Ոչինչ չփոխեց նաև «հակամարտության գոտի» Նիկոլ Փաշինյանի հանկարծակի այցը։ Ընդհակառակը` տեղի բնակչության հետ վարչապետի շփումներից պարզ դարձավ, որ մարդիկ դադարել են անվերապահ հավատալ նրա ասածներին։ Եվ դա բնավ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի տված բազմաթիվ խոստումներ այդպես էլ իրականություն չդարձան։
Իշխանություններին առայժմ չի հաջողվում թոթափել Ամուլսարի շուրջ հասարակության շրջանում առկա մտահոգությունները։ Արդեն շուրջ 10 օր շարունակվող լարվածությունը հանգուցալուծման նշաններ ցույց չի տալիս։ Հարցին արագ լուծում տալու փոխարեն` կառավարությունը նախընտրել է գնալ ժամանակ ձգելու ճանապարհով։ Թեև այդ բոլոր փորձերն ուղղված են մեկ նպատակի` հասնել հանքի շահագործմանը։ 
Ի՞նչ կստացվի դրանից, ցույց կտա ժամանակը։ Եկել է որոշում կայացնելու պահը, իսկ կառավարությունը պարտրաստ չէ դրան։ Մի կողմից ուզում է վերսկսել ծրագիրը, մյուս կողմից` վախենում է կորցնել հասարակության վստահությունը։
Ամուլսարը դարձել է փորձաքար կառավարության համար։ Խնդիրն այն է, որ բնապահպանականից բացի, այն ունի նաև կարևոր տնտեսական նշանակություն։
Ժամանակին մեղադրելով նախկիններին` հիմա Նիկոլ Փաշինյանը հակված չէ հրաժարվել դրանից, որովհետև ծրագրի իրականացումը տնտեսական ու սոցիալական մեծ աջակցություն կարող է լինել կառավարությանը։ Հատկապես որ, տնտեսության զարգացումների ու թռիչքային աճերի վերաբերյալ վարչապետի հայտարարությունները մնում են օդում կախված և իրականություն չեն դառնում։
Եթե հանում ենք բնապահպանական ռիսկերը, ապա ցանկացած կառավարություն իսկապես կերազեր նման ծրագրի իրականացման մասին. տարեկան մի քանի հարյուր մլն դոլարի արտահանում, մի քանի տասնյակ միլիոն դոլարի հարկային մուտքեր, լրացուցիկ մի քանի հարյուր աշխատատեղեր, ընդ որում` բարձր վարձատրվող, բազմաթիվ այլ հարակից ազդեցություններ, այդ թվում` տնտեսական աճի վրա։ Ու սա դեռ ամենը չէ։ Ո՞ր կառավարությունը կհրաժարվեր սրանից։
Մյուս կողմից` կա ոչ պակաս կարևոր մեկ այլ խնդիր. Նիկոլ Փաշինյանի կառավարության համառ ջանքերով Ամուլսարը դարձել է գործոն` ներդրումների և հատկապես օտարերկրյա ներդրումների արգելակման համար։ Ու ճիշտ կլիներ, որպեսզի կառավարությունը համարձակություն ունենար խոստովանել, որ ժամանակին այս ծրագիրն արգելափակելու հետևանքով էական վնաս է հասցրել երկրի, առանց այն էլ չփայլող ներդրումային միջավայրին ու տնտեսությանն ընդհանրապես։ Առաջիկայում էլ ակնկալվող ներդրումների առումով շատ բան կախված է լինելու Ամուլսարի հարցի լուծումից։
Բայց դա չի նշանակում, թե պետք է անտեսվեն բնապահպանական ռիսկերը, որոնք շատ ավելի կարևոր են, քան ցանկացած ներդրում կամ տնտեսական արդյունք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր