ՈՒղիղ. Մենք հորդորում էինք, որ չկրակի, բայց կրակում էր. Սմբատ Բարսեղյանը ցուցմունք տվեց
«Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստում շարունակվում է ամբաստանյալների հարցաքննությունը։ Այսօր դատարանում ցուցմունք տվեց ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանը։ Նրան բացի այլ արարքներից մեղսագրվում է նաև երկու ոստիկանի սպանություն: Նա նախկին իշխանություններին մեղադրեց, իր ձևակերպմամբ, դավաճանական գործողությունների համար։ Բարսեղյանի պաշտպան Տիգրան Եգորյանը մի քանի հարց ուղղեց նրան, խոսքը մասնավորապես ոստիկան Արթուր Վանոյանի սպանության հանգամանքներին էր վերաբերվում։ Բասեղյանն ասաց, թե գունդ մտնելիս իրենք Վանոյանին հորդորել են չկրակել և ոստիկանին ոչինչ չի պատահի, բայց նա շարունակել է կրակել իրենք էլ ի պատասխան այդ կրակոցների պատասխան կրակ են բացել։
«Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով հարցաքննվող Սմբատ Բարսեղյանից նրա պաշտպան Տիգրան Եգորյանը հետաքրքրվեց, թե արդյոք ՊՊԾ գնդի գրավման օրերին շենքի տանիք Բարսեղյանը բարձրացել է, ամբաստանյալն ասաց, որ այո՝ դիտարկում կատարելու համար։ Եգորյանը հարց տվեց՝ երբևէ կրակե՞լ եք, ինչին ի պատասխան Բարսեղյանն ասաց որ ոչ, նա նաև նշեց, որ վերջին երկու օրերին, նախքան զենքերը վայր դնելը, առհասարակ տանիք չի բարձրացել։ Այս քննարկումը, հիշեցնենք, վերաբերում է մեքենայում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքներին։ Նրա սպանությունը վերագրվում է հենց Սմբատ Բարսեղյանին, որ նա գտնվելով շենքի տանիքում դիպուկահար զենքով սպանել է ոստիկանին, մինչդեռ Բարսեղյանը մեղադրանքը չի ընդունում։ Նա պնդեց, թե ոստիկանները զոհ են տվել, որպեսզի գրոհ կազմակերպեն։