Ոստիկանությունը բիրտ ուժ է գործադրել՝ չնայած դիմադրության բացակայության. Արթուր Դանիելյանը շարունակում է բժշկական հետազոտության ենթարկվել
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի նկատմամբ բերման ենթարկելիս բիրտ ուժ է գործադրվել՝ չնայած դիմադրության բացակայությանը։
«Անիմաստ, անհասկանալի էր թե՛ ձերբակալությունը, թե՛ ձերբակալության բովանդակությունը՝ ցուցադրաբար բիրտ ուժ կիրառելու իմաստով ուղղակի իրավական տեսանկյունից անհասկանալի էր»,- «Փաստինֆո»-ին ասաց Ա. Դանիելյանը՝հավելելով, որ այն օրինաչափ է քաղաքական տեսանկյունից։
Նրա փոխանցմամբ՝ բժշկական հետազոտությունները դեռևես չեն ավարտվել և այս պահին չի կարող ասել, թե ինչ վնասվածքներ է ստացել։
«Ձախ կողմից ամբողջ երկայնքով ցավ կար, թուլություն կար, թմրացություն կար։ Ըստ ամենայնի՝ նյարդամկանային վնասվածք է, բայց հստակ պատասխանը միայն հետազոտություններից հետո կկարողանանք իմանալ»,- նշեց Դանիելյանը։
Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է հաղորդում ներկայացնել՝ իրեն բերման ենթարկելու ընթացքում անհարկի ուժ կիրառելու վերաբերյալ, Դանիելյանն ասաց, որ դեռևս այդ հարցը չի քննարկել իր փաստաբանների հետ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 28-ին Ոստիկանության 6-րդ վարչություն են բերման ենթարկվել «Վետո» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանը, միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Գրիգոր Մինասյանը և Ազատ Ադամյանը։Նրան բերման էին ենթարկել թմրանյութ պահելու կասկածանքով, այնուհետև՝ նրան տեղափոխել են շտապօգնության մեքենայով։«Ադեկվադ» միաբանության անդամ Լիլիթ Թումանյանն ասել էր, որ զրուցել է Արթուր Դանիելյանի հետ, ով տեղեկացրել է՝ չի կարողանում շարժել իր թևը և ոտքը։