Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

04 փետ 2020 12:31

Որքանո՞վ ենք վստահում իրավապահ մարմիններին, այդ թվում՝ ԱԱԾ-ին, որը ժամանակին ոչ պակաս մասնակցություն և պատասխանատվություն է ունեցել հենց Հոկտեմբերի 27-ի հետ կապված

«Բոլոր հիմքերը կան կարծելու, որ որոշակի չափով տեղեկատվություն Նաիրի Հունանյանը կարող էր փոխանցել, բայց ես կարծում եմ, որ Հունանյանն ընդամենը գործիք է եղել և չունի ամբողջական ցանկը Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասնակիցների, ներգրավվածների, որով հնարավոր է բացահայտել Հոկտեմբերի 27-ի գործը: Նաիրի Հունանյանի նամակը՝ հասցեագրված վարչապետին, իր մեջ կարող էր ամեն ինչ պարունակել՝ օգտակար տեղեկատվություն, սեփական կյանքը փրկելու, ազատության կոչ, կարող էր լինել նաև սուտ տեղեկատվություն: Ոչինչ էլ չի բացառվում: Կարծում եմ, որ իրավապահ մարմինները պիտի զբաղվեն այս գործով, բայց այստեղ ուրիշ խնդիր կա, այսինքն որքանո՞վ ենք վստահում իրավապահ մարմիններին, այդ թվում՝ ԱԱԾ-ին, որը ժամանակին ոչ պակաս մասնակցություն և պատասխանատվություն է ունեցել հենց Հոկտեմբերի 27-ի հետ կապված: Այդ ժամանակահատվածում Սերժ Սարգսյանն էր Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով քննությանը և գործով առանցքային մեղադրյալ Նաիրի Հունանյանի նամակին՝ ուղղված վարչապետին:
Նինա ԿարապետյանցԸստ իրավապաշտպանի՝ այդ ժամանակներից մինչև օրս այս կառույցում բարեփոխում, լյուստրացիա, անցումային արդարադատություն տեղի չի ունեցել, և հույս ունենալ, որ այս կառույցը կբացահայտի գործն ամբողջ ծավալով, անհավատալի է: «Նման իրադարձություններից հետո բոլոր նորմալ երկրներում ԱԱԾ ղեկավարը հրաժարական պիտի տար, բայց մեր երկրի պարագայում այլ էր: Սերժ Սարգսյանը ոչ միայն հրաժարական չտվեց, այլ նաև առաջընթաց ունեցավ հետագայում՝ դառնալով երկրի նախագահ: Եվ այս պայմաններում որքանո՞վ են պահպանվել տեղեկությունները, որքանո՞վ են պահպանվել ապացույցները, իսկ եթե դիտարկենք այն ֆոնին, որ փաստաթղթեր են կորչում, և որևէ մեկը մինչ օրս դրա համար պատասխանատվության չի ենթարկվել: Կասկածի տակ եմ դնում, որ այդ կառույցն այսօր առանց լյուստրացիայի, փոփոխությունների, գործ կբացահայտի»,- նշեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:


«Մենք պետք է հասկանանք՝ նախկինում ով ում է ծառայել այս տարիների ընթացքում, պիտի հասկանանք՝ կա՞ն արդյոք գործակալներ, թեև շատերի մոտ կասկածը փարատված է: Իմ խորին համոզմամբ՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն ուղղակի գործակալ է. իր գործունեությունը, աշխատանքից ազատվելն ու Ռուսաստան մեկնելը, որոշակի ակտիվությունն ինձ համար ապացույց է, որ նա գործակալ է»,- ավելացրեց Կարապետյանցը:



ԳԱԼԱ-ի հարցին, թե արդյոք կլինի արդար քննություն, և կարճված գործի վերաքննման արդյունքում կլինե՞ն նոր բացահայտումներ, կհրապարակվե՞ն նոր անուններ, Կարապետյանցը պատասխանեց. «Ես չեմ սպասում նոր անունների, նոր բացահայտումների: Այս պայմաններում, այս ելակետային տվյալները, որը մենք ունենք, որևէ բացահայտում ես չեմ սպասում: Ավելին, ես սպասում եմ, որ այն ամեն ինչը, որը հնարավոր կլինի կոծկել, նորից կոծկելու են. այս պարագայում Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասը նորից քննելը ճիշտ որոշում չեմ համարում»:
ԳԱԼԱ-ի այն դիտարկմանը, որ Հոկտեմբերի 27-ի մասով ներքաղաքական դրդապատճառների, արտաքին ուժերի միջամտության և այլ գործոնների մասին կարծիքներ են շրջանառվում, և այս պարագայում ինչո՞ւ է գործի քննությունը դոփում տեղում, միգուցե և՛ նախորդ, և՛ ներկա իշխանությունները կաշկանդված են ինչ-որ առումով, իրավապաշտպանն արձագանքեց. «Ձգձգումների պատճառն այն է, որ ներգրավված են եղել պետական կառույցներ, այդ թվում՝ ԱԱԾ-ն, բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր մինչև հիմա աշխատում են համակարգերում կամ մեծ ազդեցություն ունեն այդ համակարգերի վրա, և այդ պայմաններում բացահայտման սպասելը միամտություն է: Հոկտեմբերի 27-ի գործի հետ առնչվող խոսակցությունները, բոլոր տարբերակները կյանքի իրավունք ունեն, որովհետև հասկանալի է, որ այն ուժերը, որոնք հաջորդեցին Հոկտեմբերի 27-ին, ոչ ժողովրդավարական էին, ոչ էլ գործել են հանուն Հայաստանի Հանրապետության, շատ դեպքերում անգամ նաև ՀՀ շահերին դեմ են գործել:


Կանխատեսելը դժվար կլինի՝ թե ինչ կարող էր լինել և ինչ կանխվեց Հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ, բայց որ Հայաստանն ուներ շանս՝ դառնալու ավելի անկախ և զարգացած պետություն, մենք ունեինք բավականին իմաստուն, փորձառու ղեկավար, մենք ունեինք Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան: Այսինքն՝ առաջընթացի հարցում մեծ էր շանսը»:


«Հաշվի առնելով, թե ինչ տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ից հետո, ովքեր եկան իշխանության, ով շահեց Հոկտեմբերի 27-ից, եթե հաշվի առնենք նախորդ իշխանության հլու-հնազանդ ենթարկվելը Ռուսաստանի Դաշնությանը, այո՛, ես կարծում եմ, որ Ռուսաստանը որոշակի շահեր կարող էր ունենալ, եթե չասեմ՝ մասնակցություն: Արտերկրի միջամտությունը Հայաստանի համար ամենամեծ մարտահրավերներից մեկն է»,- եզրափակեց Կարապետյանցը:
Հիշեցնենք, որ 2019թ. տարեվերջին ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել էր Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի բողոքն առ այն, որ Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասը վերաբացվի:
Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժել էր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանել ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին: Ահաբեկիչների նկատմամբ դատական գործը սկսվեց 2001թ. փետրվարին և տևեց մինչև 2003թ. դեկտեմբերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր