Տեսանյութ.Ինչպես են Հայաստանում գտնում երկրորդ կեսին և ինչպես ստեղծել հայ ընտանիք` ապրելով Հայաստանից դուրս
Փետրվարի 12-ը ամուսնական գործակալությունների միջազգային տոնն է:
Հայացք մամուլի ակումբում հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուրարտու համալսարանի ռեկտոր Սեդրակ Սեդրակյանը և «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը խոսեցին «Ինչպես են Հայաստանում գտնում երկրորդ կեսին և ինչպես ստեղծել հայ ընտանիք` ապրելով Հայաստանից դուրս, ժամանակակից հայ ընտանիքի հիմնախնդիրները» թեմաների շուրջ:
Իլոնա Բաղիշյանը նշեց, որ արդեն 11-րդ տարին է ինչ գործում է «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալությունը: Տղամարդկանց դեպքում գրանցվելու համար տարիքային շեմը 28-տարեկանն է։ Ընդհանուր առմամբ, դիմողների մեծ մասը 30-ից 50 տարեկան անձիք են. «Մեզ հիմնականում դիմում են կայացած մարդիկ, որոնք, կարյերայի հետևից ընկնելով, պարզապես մոռացել են իրենց անձնական կյանքի մասին։ «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալությունը այդ բացը լրացնելու լավ հնարավորություն է»,-ասաց Իլոնա Բաղիշյանը։
Իլոնա Բաղիշյանը նաև ասաց, որ երբեմն գալիս են տղաների և աղջիկների մայրերը: Լինում են նաև դեպքեր, երբ ամուրիների համար զուգընկեր են փնտրում արդեն իրենք՝ երեխաները։
Իլոնա Բաղիշյանը նշեց, որ իրենց մոտ դիմողների անձնական տվյալները խիստ գաղտնի են պահվում, նույնիսկ ազգանունները չեն հայտնում. «Կանոններից մեկն էլ առանց կնոջ համաձայնության, վերջինիս մասին որևէ տեղեկատվություն չի տրամադրվում: Որքան էլ առաջինը տղամարդն է հավանում, միևնույնն է վերջին խոսքը կնոջինն է»,-նկատեց «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը:
Սեդրակ Սեդրակյանի կարծիքով էլ մայրերի ակտիվ մասնակցությունն այս գործին «լավ օրից չէ». «Միշտ կա հոգեբանական գոտի հասկացողությունը։ Մայրը շատ ապահով է լինում, երբ երեխային իր զոնայի մեջ է տեսնում: Կախվածության համար առաջին պատասխանատուն մայրն է։ Արտասահմանում այդպես չէ, ինչքան երեխան մեծանում է, այդքան զոնայից հեռանում է, թողնում են ինքնուրույն լինի»,-նշեց Սեդրակ Սեդրակյանը։
Մանրամասները՝ Hayacq.com-ի տեսանյութերում