Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

19 հուն 2020 14:24

ՀՀ-ում կա մոտ 60 000 վարակակիր, որից 20-25000-ը՝ առողջացած, նույնքան էլ՝ չգրանցված դեպք, որը մեկ շաբաթում կարող է կրկնապատկվել

Միջազգային փորձը և կատարված թեստերի ու դրական դեպքերի տոկոսային համեմատությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ում այս պահին մոտավորապես 60 000 վարակակիր կա: Այն է՝ բնակչության 2 տոկոսը, որի մի մասը՝ 20-25 000 անձ, արդեն առողջացել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:


Նրա խոսքով՝ թեստերի դրական պատասխանների կշիռը ցույց է տալիս, թե կատարված թեստերից քանի՞սն է դրական եղել, ինչից կարող ենք հասկանալ, թե իրականում որքան դրական դեպեր կան:


«Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ եթե դրական թեստերի կշիռը 5 տոկոսից ավելի է, ապա զգալի թվով չբացահայտած դեպքեր կան: 20 տոկոսի դեպքում արդեն կարող ենք խոսել, որ դեպքերի մեծամասնությունը՝ կեսից ավելին, չի բացահայտվել: Այսպիսով, ՀՀ-ում էլ որոշ ժամանակ մինչև 40 տոկոս էր դրական թեստերի թիվը, կարող ենք եզրակացնել, որ դեպքերի զգալի մասը չի բացահայտվել»,-պարզաբանեց նա:


Այսպիսով՝


Եթե հիմա կա 60 000 վարակակիր, որից 25 000-ը առողջացել են, 429-ը մահացել են, ուրեմն՝ ունենք մոտավորապես 34-35 000 ակտիվ վարակակիր, որից գրանցված է շուրջ 10 000 ակտիվ վարակակիր, այսինքն՝ մոտավորապես 20-25 000-ը գրանցված չէ, և ռիսկ կա, որ այդ 20-25 000-ը մեկ շաբաթվա ընթացքում կվարակի նույնքան մարդու:


Փորձագետը նկատեց՝ եթե անձը բացահայտված վարակակիր է, նրան մեկուսացնելն ավելի հեշտ է լինում, և վարակի տեմը դանդաղում է: «Իհարկե, մինչև նույնիսկ թեստ անելը մարդը շատ դեպքերում հասցնում է ուրիշներին վարակել: Քանի որ այժմ ոչ բոլորին ենք կարողանում գրանցել, դրանով վարակն ավելի արագ է տարածվում, քան եթե բոլորին գրանցեինք»,-հավելեց նա:


Որպեսզի դեպքերի զգալի մասը բացահայտվի, ըստ Միքայելյանի, ՀՀ-ում պետք է օրական մոտավորապես 4 անգամ ավելի շատ թեստավորում կատարվի, այն է՝ 10 000, այդ դեպքում հնարավոր կլինի եզրակացնել, որ դեպքերի մեծամասնությունը կբացահայտվի:


Տնտեսագետի կարծիքով՝ ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարը որոշակի թերություններ ուներ, որոնք բերեցին բացասական հետևանքների, և այս պահին Հայաստանն ակտիվ գրանցված վարակակիրների թվով աշխարհում այս երկրորդն է, ինչը, ըստ Միքայելյանի, բավականին վատ ցուցանիշ է:


«Դրա պատճառն այն է, որ ՀՀ-ում կարանտինային միջոցառումները պատշաճ չկազմակերպվեցին: Երկրորդ՝ պարետատան աշխատանքը, պարետ նշանակելը անհասկանալի էր և ճիշտ չաշխատեց: Ի սկզբանե, Կառավարությունը չուներ կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդաբանություն. սկզբից ուզում էին վարակը կասեցնել, հետո՝ տնտեսությունը ակտիվացնել: Հիմա ուզում են և՛ մեկը, և՛ մյուսն անել: Այս միտումների փոփոխությունը Կառավարությանը թույլ չի տալիս հստակեցնել իր ներուժը և մի ուղղությամբ ավելի շատ արդյունք ստանալ: Ընդ որում, եթե Կառավարությունը կարողանար սկզբից առողջապահական, հետո՝ տնտեսական խնդիրը լուծել, մենք հիմա ամբողջությամբ տնտեսական խնդրի լուծման փուլում կլինեինք»,-ասաց նա:


Տնտեսագետի դիտարկմամբ՝ քանի որ այժմ արդեն աշխարհում և ՀՀ-ում բազմաթիվ նոր հետազոտություններ կան, բնակչությունն ու Կառավարությունը ավելի տեղեկացված են, և, այնուամենայնիվ, որոշակի միջոցառումներ կազմակերպվում են, տեսնում ենք, որ վիրուսի տարածումը դանդաղել է:


«Այժմ ունենք գծային աճ, որն այս իրավիճակում կարող ենք գնահատել որպես միջանկյալ ձեռքբերում, սակայն չպետք է ակնկալենք, որ վարակի տարածումը կկասեցվի ամբողջությամբ: Եղանակի գործոնը ևս աջակցում է, բայց այն աշնան վերջում կսկսի արդեն բացասական դեր խաղալ: Ես կարծում եմ, որ մենք դեռ չպետք է ակնկալենք, որ այս խնդիրն ինքնուրույն կլուծվի»,-ասաց նա:


Հիշեցնենք, որ այս պահին ՀՀ-ում հաստատված վարակակիրների ընդհանուր թիվը 19 157 է, մահվան դեպքերինը՝ 429, ընդհանուր առողջացածներինը՝ 8266: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 91 943 քաղաքացի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր