Թուրքիայում վիճակը բավականին ծանր է հատկապես քրդաբնակ շրջաններում          Թուրքիայում զոհերի թիվն աճում է. Ափամերձ գոտին ջրի տակ է անցել. Թուրքիայի Իսկենդերունի բնակիչներին տարհանում են       Թուրքիայում երկաշարժից տուժածները բողոքում են, որ ոչ ոք չի մտածում իրենց մասին, նույնիսկ սնունդ չեն մատակարարում, Նույնիսկ փրկարարները սնունդ չեն ստանում    

09 սեպ 2016 19:11

Ավելի կարևոր է իմանալ սուիցիդի բանալիները, քան կամուրջների մոտ արգելափակող պատնեշներ կառուցելը

Սեպտեմբերի 10-ը ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է: Այս կապակցությամբ  սեպտեմբերի 9-ին  Հայացք մամուլի ակումբը հյուրընկալել էր Խ Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն  սուիցիդոլոգ (ինքնասպանագետ), հոգեբանական գիտությունների դոկտոր Կամո Վարդանյանին և Սուիցիդի (Անտիսուիցիդ) կանխարգելման և վերլուծությունների հայկական կենտրոնի ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանին: 
«Ինքնասպանությունները աշխարհում 3-րդ տեղն են զբաղեցնում ՝ դժբախտ պատահարներից և սպանություններից հետո: 2003 թվականին Համաշխարհային առողջապահական կազմակերպությանը կից ստեղծվեց Սուիցիդների կանխարգելման ասոցացիան, որն էլ 2003 թվականից ի վեր սեպտեմբերի 10-ը սահմանեց որպես ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օր: Հայաստանում ինքնասպանությունների թիվը աճ է արձանագրում, սակայն ճգնաժամային չէ: Միջազգային ստանդարտների հետ համեմատ նկատելի է թվաքանակի դանդաղ աճ: 2009-2012թթ աճ է գրանցվել, իսկ 2012-ից  մինչև 2015 թվականը մնացել է նույնը, իսկ 2015-ից հետո այդ աճը իջնում է»,- նշեց Կամո Վարդանյանը և նկատեց, որ Հայաստանում վերջին տարիներին ակտիվացել են ինքնասպանությունների կանխարգելման աշխատանքները:

 Ըստ Կամո Վարդանյանի գոյություն ունի նախասուիցիդալ շրջան, երբ մարդը անցնում է մի քանի փուլով, երբ ունենում է անտիվիտալ մտքեր, սուիցիդալ մտքեր, սուիցիդալ որոշում և սուիցիդալ փորձ. « Յուրաքանչյուր փուլ ունի իր նշանները, որոնք կոչվում են սուիցիդի բանալիներ: Շատ հազվադեպ է լինում, երբ մարդիկ ինքնասպանություն են գործում պահի ազդեցության տակ: Ինքնասպանության դեպքերը բավականին երկար ժամանակահատվածի արդյունք են: Կան մարդիկ, ովքեր տարի ու կես կարող են գտնվել այդ փուլում: Ինքնասպանություն գործելու որոշում կայացրած մարդիկ սկսում են բաժանվել իրենց նվիրական իրերից: Կամ եթե նախկինում խանդել են կնոջը, դառնում են անտարբեր: Նրանք սկսում են մեկուսանալ մարդկանցից, դիտել տխուր, մահվան մասին ֆիլմեր: Մարդիկ պետք է հասկանան այս բանալիները: Անձը պետք է ուշադիր լինի իր ուսուցչի, աշակերտի, գործընկերոջ նկատմամբ: Այս նշանները նկատելիս պետք է ուղղորդել տվյալ անձին համապատասխան մասնագետի մոտ: Սա պայքարի ավելի արդյունավետ միջոց է, քան սահմանափակող միջոցառումները, օրինակ, կամուրջների մոտ արգելափակող պատնեշներ կառուցելը, որ մարդ իրեն չկարողանա գցի. նա այլ միջոցներ կգտնի կյանքին վերջ տալու»: Կամո Վարդանյանը նաև նշեց, որ արդյունավետ է գործընթացը կանխարգելել սկզբնական փուլում. «Եթե նկատում եք, որ մարդը մեկուսացել է, տխուր է, մահվան մասին է խոսում, շփումներում սահմանափակ է, ուրեմն  ակնհայտ է, որ տվյալ պահին  նա ապրում է սոցիալական մահ: Նմանատիպ անձինք չեն ուզում անվերապահ մեռնել: Ուղղակի իրենք այլ ելք չեն տեսնում: Այդ է պատճառը, որ դուռը բաց են թողնում, լույսը վառ են պահում, որպեսզի մեկը բռնի նրանց ձեռքը ու ասի՝ մի´ արա: Նրանք զգում են մարդու կարոտ: Նրանք ուշադրության կարիք ունեն, բայց չեն ստանում դա: Հաճախ մարդու տանը տեղի է ունենում ինքնասպանություն, իսկ ընտանիքի անդամների համար դա բացարձակ անակնկալ է: Պատճառն այն է, որ մարդիկ միմյանց նկատմամբ ուշադիր չեն: Սա կոչվում է հոգեբանական քաղաքակրթություն, որը Հայաստանում այնքան էլ զարգացած չէ»,- ասաց Կամո Վարդանյանը: 

Ըստ հոգեբանի՝ ինքնասպաններին հատուկ է 3 հոգեվիճակ: Առաջին՝ սթափ վիճակը, երբ գործում է պատասխանատվության գործոնը: Օրինակ, մարդը խոշոր գումար է վարկ վերցրել և հասկանում է, որ չի կարող վճարել: Նա ինքնասպանությունն է համարում ելքը: Երկրորդը՝ ախտաբանական վիճակը՝ շիզոֆրենիկ, դեպրեսիվ պսիխոզների ժամանակ, որոնց ընթացքում գիտակցության մթագնում է տեղի ունենում: Երրորդը՝ սահմանային վիճակում իրականացվող ինքնասպանություններ: Այդ դեպքում մարդը հիվանդ չէ, բայց գտնվում է մի հոգեվիճակում, որը նաև նորմալ չէ: Ի դեպ, ամենից մեծ թվով ինքնասպանությունները այդ վիճակում են կատարվում: 

«Անտիսուիցիդ» կենտրոնի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանն էլ նշեց, որ այն ընտանիքները, որտեղ ինքնասպանության դեպք է գրանցվել, գտնվում են ռիսկային խմբում: Հոգեբանները պետք է նրանց հետ ակտիվորեն աշխատեն: Կարիք կա աշխատելու նաև հիվանդանոցների հետ, որպեսզի ուղիղ կապ լինի այն մարդկանց հետ, որոնք ինքնասպանության փորձ են արել: Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանում 2015 թվականին ստեղծվել է «Անտիսուիցիդ» հոգեկան առողջության կենտրոնը, որը համակարգում է բոլոր գործընթացները. «Միջազգային փորձի համաձայն՝ կենտրոնում աշխատում են այնպիսի մարդիկ, ովքեր կատարել են ինքնասպանության փորձ, սակայն հետո հասկացել են, որ պետք է ապրեն: Կարևոր է, որ նրանք փոխանցեն սեփական փորձը: Կարևոր հանգամանք է նաև մասնագետների վերապատրաստումը արտերկրում, ինչը նույնպես այսօր ակտիվորեն կատարվում է»,- ասաց Լիլիթ Բաղդասարյանը: 
Լիլիթ Բաղդասարյանը նաև նշեց, որ իրենց գլխավոր նպատակներից մեկը Սուիցիդների կանխարգելման ազգային ծրագրի ստեղծումն է, քանի որ միայն կառուցվածքային մոտեցման միջոցով է հնարավոր հաջողության հասնել, որպեսզի յուրաքանչյուրը ստանա օգնություն, եթե դրա կարիքը ունի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր