Պրոֆեսիոնալ բանակի անցնելու և ժամկետային զինծառայության տևողությունը կրճատելու վերաբերյալ այս պահին ամեն ինչ անհասկանալի է. «Հայկական ժամանակ»

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ բանակի բարեփոխումների մասին մոտ 7 ամիս է արդեն խոսվում է, բայց դրանց հետ կապված լուրջ, առարկայական քննարկումներ՝ փորձագիտական մակարդակում, հանրային քննարկումների ձեւով՝ չեն իրականացվել: «Այսինքն հանրությունը դրանց մասին գիտի այնքանով, ինչքանով որ տարբեր կտորներով կամ հատվածներով ներկայացվել է տարբեր հարցազրույցների կամ ասուլիսների միջոցով»,- նշեց նա մեր զրույցում: Աբրահամյանի խոսքով՝ ցանկացած հարց՝ այդ թվում պարտադիր ժամկետային ծառայության կրճատման հետ կապված, պետք է դիտարկել, քննարկել ընդհանուր բարեփոխումների տրամաբանության մեջ. «Ինձ համար օրինակ՝ հասկանալի չէ, թե ժամկետային ծառայությունը 6 ամսով կրճատելով ի՞նչ հարց ենք դրանով լուծում: Պայմանական՝ 1 տարով կրճատեինք: Այսինքն դրա հիմքում դրված տրամաբանությունը որեւէ ձեւով ընկալելի չէ ինձ համար»:
Ըստ նրա՝ պետք է հասկանալ՝ ինչպիսի բանակ է ունենալու Հայաստանը՝ 1, 3, 5 կամ 10 տարի հետո:
Հարցին՝ ժամկետային ծառայությունը 2 տարուց 1.5 տարի դարձնելու անհրաժեշտություն անձամբ ինքը տեսնո՞ւմ է, Աբրահամյանը պատասխանեց. «Ես այս փուլում ժամկետային ծառայության կրճատման հնարավորություն չեմ տեսնում: Կարծում եմ, որ մեզ նման երկրների համար դեռեւս վաղ է քննարկել, որովհետեւ դեռ պարզ չէ սպառնալիքի այն չափաբաժինը, որն ունենք մեր տարածաշրջանում: Չեմ կարծում, թե այս պահին բարեփոխումների մեջ պետք է առաջնայինը լինի ժամկետային ծառայության կրճատումը»:
Նա ընդգծեց, որ նպատակը պետք է լինի փոքր հնարավորություններով առավելագույն խնդիրներ լուծող զինված ուժեր ստեղծելը. «Մեր ժողովրդագրական իրավիճակը, հետպատերազմյան իրավիճակը հաշվի առնելով, քաղաքական եւ տարածաշրջանային իմաստով անելիքները բազմաթիվ են եւ ցանկացած դրվագ կարելի է քննարկել: Սակայն պարտադիր ժամկետային ծառայության կրճատման հարցը առաջնային դարձնելն ըստ նրա՝ պոպուլիզմ է:
Դիտարկմանը՝ ստացվում է ամեն դեպքում պետք է անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի, նա արձագանքեց. «Միանշանակ, բայց, երբ ես ժողովրդագրական վիճակի մասին խոսում եմ, հենց դա նկատի ունեմ: Օրինակ՝ 5 կամ 10 տարի հետո ժողովրդագրական ինչ վիճակ ենք ունենալու Հայաստանում եւ Արցախում: Պետք է խորը ուսումնասիրել եւ հասկանալ՝ հանրության որքան մասն է պատրաստ պայմանագրային այսինքն պրոֆեսիոնալ ծառայության: Պետք է հաշվարկել, վերլուծել դրա դինամիկան՝ 5, 10, 15 տարվա կտրվածքով եւ միայն դրա հիման վրա գնալ պրոֆեսիոնալ բանակի կազմավորման ճանապարհով»: Աբրահամյանի խոսքով՝ միգուցե այդ հաշվարկներն անելուց հետո օրինակ՝ 3 կամ 5 տարի հետո աստիճանաբար հնարավոր լինի հասնել նույնիսկ 1 տարվա կրճատման, բայց կան գործոններ, որոնք պետք է հաշվի առնել եւ հետո գնալ այդպիսի փոփոխությունների. «Երբ ամբողջական բարեփոխումների փաթեթը կամ դրա մեծ մասը հրապարակայնացվի այդ ժամանակ գնահատականները շատ ավելի ճշգրիտ կլինեն»:
Ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովի կարծիքով՝ պրոֆեսիոնալ բանակի անցնելու եւ ժամկետային զինծառայության տեւողությունը կրճատելու վերաբերյալ այս պահին ամեն ինչ անհասկանալի է, քանի որ հստակ չի նշվում, թե դա ինչ կերպ է լինելու. «Այդ գործընթացի չափանիշները շատ կարեւոր են, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչքանով դա էֆեկտիվության վրա կազդի եւ ինչպես»: Նա մեր զրույցում ասաց, որ այս պրոցեսը երկար է, քանի որ ռազմատեխնիկան բարդացել է եւ անգամ 2 տարին կարճ ժամանակահատված է սովորելու համար: Իսկ պրոֆեսիոնալ բանակի պարագայում՝ մարդիկ երկար են սովորում եւ հնարավորություն ունեն ձեռք բերել անհրաժեշտ հմտությունները: Ըստ նրա՝ ժամկետային ծառայությունը կրճատելու 3 տարբերակ կա.
Տարբերակներից մեկն այն է, երբ կա հսկայական տեխնոլոգիական առավելություն հակառակորդի նկատմամբ ու այդ պարագայում կարելի է գնալ ժամկետների կրճատման՝ չվախենալով, որ դա կբերի վատ հետեւանքների: Մյուս տարբերակը՝ եթե ցածր է ռազմական վտանգի մակարդակը եւ կարելի է գնալ ժամկետի կրճատման:
«Երրորդ տարբերակը՝ երբ կան ուժեղ ու շատ պատրաստված զորամիավորումներ, որոնք պրոֆեսիոնալ են ու կան որոշակի քանակի զորամասեր, որոնք կարճ ծառայություն են անցնում եւ նրանք ռեզերվի խնդիր են լուծում: Մոտավորապես նման մոդել հիմա ունեն ռուսական զինված ուժերը: Նրանց բանակի մի մասը պրոֆեսիոնալ է ու կա ժամկետային ծառայություն 1 տարի ու նրանք կարողացել են գնալ դրան, որովհետեւ ունեն հիմնական հարվածային կորիզը՝ պրոֆեսիոնալ բանակը»,- ասաց Հարությունյովը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։