Կարող են լինել նաև զոհեր, բայց այս փուլը պետք է հաղթահարենք
Մեր առաջնահերթ խնդիրներից մեկը սահմանների ճշգրտումն է, որը լրջագույն աշխատանք է։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
Դիտարկմանը, որ մենք GPS-ով սահմաններ ենք գծում, Գուրգեն Արսենյանը նշեց, որ մենք երբեք GPS-ով սահման գծելու խնդիր մեր առջև չենք դրել։
«Բոլորիս էլ հուզում է, երբ ադրբեջանական կողմից տեսնում ենք գործողություններ, որի վերաբերյալ չենք կարողանում տալ ողջամիտ բացատրություններ։ Դա բոլորիս հուզում է, բայց կա արբանյակային համակարգ, և երբ դրանով մոտենում ես Հայաստան-Ադրբեջան նախկին բաժանարար սահմանին, այդ հեռախոսը անունը փոխում է, որովհետև արբանյակային ազդանշան է ստանում վերևից։ Հիմա դեմարկացիան դեռ չենք արել, այսինքն դետալացված չենք նշել, թե որ կոորդինատներով է անցնում Հայաստանի սահմանը։ Մենք դրան տալիս ենք բուռն էմոցիոնալ գնահատական։ Մենք էմոցիոնալ գնահատական կարող ենք տալ, երբ կավարտենք սահմանների ճշգրտումը, կհռչակենք, որ ՀՀ սահմանները սա է, դրանից հետո ցանկացած ոտնձգություն կարող է դիտարկվել որպես ՔՕ-ի համապատասխան արարք»,-ասաց Գուրգեն Արսենյանը։
Հարցին՝ ինչու՞ ենք պետական սահմանը վիճելի դարձնում և ինչու՞ ենք թշնամուն մինչ այս պահն այնտեղ թողնում, Գուրգեն Արսենյանն ասաց՝ խոսքը գնում է այն մասին, որ մինչև չճշգրտենք մեր սահմանները, չկրակենք իրար վրա։
«Այս պահին մեր խնդիրն իրար վրա չկրակելն է, որովհետև մեր պետությունը պետք է կարողանա անցնի այս փուլը։ Բոլորս էլ ծանր ենք տարել այն, ինչ տեղի է ունեցել։ Պետք է կարողանանք այս փուլն անցնել, եթե չկարողացանք այս փուլը հաղթահարել պետական մտածողությամբ, երբեք դուրս չենք գա այս քննարկումներից։ Կարող են լինել նաև զոհեր, բայց այս փուլը պետք է հաղթահարենք»,-ասաց Գուրգեն Արսենյանը։