Մոտ ապագայում կբարձրացվի նաև փոխհատուցման հարցը. Տեսանյութ
Հունիսի 3-ին Հայացք մամուլի ակումբը հյուրընկալել էր պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներն ուսումնասիրող Աշոտ Հայրունուն:
Աշոտ Հայրունին խոսեց Գերմանիայի Բունդեսթագում ընդունված Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի և դրա հետագա նշանակության ու ազդեցության մասին: Նրա կարծիքով՝ սա բեկումնային նշանակություն ունեցող փաստաթուղթ է, քանի որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է Օսմանյան պետության թիվ մեկ դաշնակցի կողմից և բանաձևում հստակ ամրագրված է նաև Գերմանիայի մեղսակցությունը: «Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևը թուրք հասարակության վրա ավելի ուժեղ կազդի, քանի որ ընդունվել է Արևմուտքում Թուրքիայի գլխավոր գործընկերոջ կողմից՝ մի երկրի, որը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նրա գլխավոր դաշնակիցն էր։ Այնպես որ այս ճանաչումը թուրք հասարակության մոտ մի շարք հարցեր կառաջացնի»,- ասաց Աշոտ Հայրունին։
Նրա խոսքով` բանաձևի տեքստը բարդ սահմանումներ և որոշակի անճշտություններ ունի, սակայն այն շրջադարձային է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում։ «Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևի տեքստում ընդունվելուց առաջ, ցանկալի կլիներ, որ շտկումներ լինեին ձևակերպումներում։ Օրինակ՝ հայերի հետ կատարված ոճրագործությունները բնութագրվում են որպես զանգվածային սպանություններ, վտարումներ, էթնիկական զտումներ, այնինչ կարելի էր պարզապես ձևակերպել, որ գործ ունենք Հայոց Ցեղասպանության, 20-րդ դարի սկզբի ամենամեծ ցեղասպանության հետ։ Նաև գերմանական կառավարությանը կոչ է արվում դասագրքերում, օժանդակ ձեռնարկներում այս թեման լուսաբանել. նշվում է, որ այն պետք է էթնիկական զտումների մաս դարձնել: Այս ձևակերպումը սխալ է, քանի որ Հայոց ցեղասպանությունը էթնիկական կոնֆլիկտ չէր, այն քաղաքական խնդիր էր, որ իրականացվեց թուրքական կառավարության կողմից»,-ասաց պատմաբանը: Հայրունին բանաձևի ընդունումը կարևորեց նաև Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացում, նշելով, որ այն կարող է օրինակ լինել այլ պետությունների համար և, որ բանաձևով Գերմանիան պատասխանատվություն է վերցրել այսօրվա հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համար: Անդրադարնալով թուրք-գերմանական հարաբերություններին, Աշոտ Հայրունին կարծիք հայտնեց, որ այդ հարաբերությունները որևէ փոփոխություն չեն կրի, քանի որ Թուրքիան առավել շատ կախում ունի Գերմանիայից, քան Գերմանիան Թուրքիայից. «այսօրվա Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները սպասելի էին, բայց դրանցից առավել գործողությունների Թուրքիան չի դիմի»-, ասաց նա:
Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, ապա, բանախոսի կարծիքով, այդ մասին խոսելը դեռ վաղ է, սակայն հավանական է, որ մոտ ապագայում կբարձրացվի նաև այդ հարցը։