«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 նոյ 2021 13:40

Հունվարի 2-ն էլ դարձավ ոչ աշխատանքային, տոնական օր

Ագային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության ներկայացրած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է, որ ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:


«Մենք առաջինից երկրորդ ընթերցմամբ ուզում ենք առաջարկել փոփոխություն կատարել և հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում», - ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկել էին հունվարի 2-ը և 7-ը թողնել ոչ աշխատանքային: Պատգամավորը հիշեցրեց նաև, որ Մայր Աթոռը նույնպես առաջարկել էր ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 5-ը և 7-ը:


«Էկոնոմիկայի նախարարությունը շատ կարևորում է պետություն-մասնավոր երկխոսությունը, նախագիծը քննարկվել է նախարարության ՓՄՁ ենթախորհրդում, բազմաթիվ ասոցիացիաների հետ հանդիպումների ընթացքում: Այնուամենայնիվ, այն փիլիսոփայությունը, որ դրել ենք այս օրենքի փոփոխության մեջ, որոշում է կայացվել այսպիսի տարբերակով առաջ գնալ», - ասաց Քերոբյանը:


«Փաստորեն, Էկոնոմիկայի նախարարությունը չի ընդառաջել Հայ առաքելական եկեղեցու՝ Մայր Աթոռի առաջարկներին», - արձագանքեց Աղվան Վարդանյանը:


«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն էլ ընդգծեց՝ պետք է ունենալ այնպիսի իրավական մշակույթ, երբ Մայր Աթոռի կողմից ներկայացվող առաջարկները պետք է ջանասիրաբար քննարկման առարկա դառնան:


«Մայր Աթոռը չի կարող ստանձնել օրենսդիր իշխանության գործառույթը, բայց կարող է իր հեղինակությամբ, իր խոսքով ուղենիշային լինել: Ես կարծում էի, որ նման հայտարարությունը և առաջարկը, որ Մայր Աթոռից ներկայացվել էր, պետք է որ էական նշանակություն ունենար», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:




Ըստ նրա՝ այդ նախագիծն այդ փոփոխություններով ընդունելի չէ: Նա հիշեցրեց, որ նախագիծը մշակվել էր դեռ 2017-2018 թթ՝ այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից:


«Սակայն այդ նախագծի շրջանակում էլ հաշվի էր առնվում մեռելոցի օրվա հետ կապված տրամաբանությունը և խորհուրդը: Հիմա այս պարագայում ինչո՞ւ է դրանից այդպիսի դիմադրություն ցուցաբերվում, ինձ համար հասկանաալի և ընդունելի չէ: Ինչ պետք է լինի, որ այսպիսի դիմադրություն դրա նկատմամբ ցուցաբերվի՝ առավել ևս պատերազից հետո», - ասաց պատգամավորը:


Վահան Քերոբյանն էլ հայտարարեց, թե նոյեմերի 9-ի հայտնի հայտարարությունից անցել է ուղիղ 1 տարի, իսկ դրա մեջ նշված է նաև 5 տարի ժամկետ՝ որոշակի գործողություններ անելու համար:


«Եվ ակնհայտ է, որ Հայաստանը պետք է այդ 5 տարվա մեջ մաքսիմալ ուժեղանա: Այդ տեսանկյունից «առավել ևս պատերազմից հետո» արտահայտությունը մենք ընկալում ենք, որ պետք է միայն հնարավորինս շատ աշխատել, ամրապնդվել, որպեսզի այն մարտահրավերները, որոնք կան, կարողանանք հաղթահարել: Մեր զոհված եղբայրների հիշատակը լավագույնս պատվելու եղանակը հզոր հայրենիք ունենալն է», - ասաց նախարարը:


Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ի Կառավարության նիստում որոշում էր ընդունվել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։


Ըստ դրա՝ Ամանորի և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։ Այդ օրերը ոչ աշխատանքային կլինեն։


Իսկ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր են սահմանվում։


Կառավարությունում կարծում են, որ օրենքի ընդունումը կապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրի, արդյունաբերության, ծառայությունների թողարկման ծավալի և այլ բնագավառների վրա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր