Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

13 նոյ 2021 13:45

Արցախցիները տեղում սպանում են 3 մանկասպաններին, լցնում «Черный вор» կոչված մեքենան ու վառում. Ադրբեջանն իր ձեռագիրը չի փոխել, հայասպանության դեպքերը կրկնվելու են

55 տարի առաջ՝ 1966 թ․-ին, ԼՂԻՄ Մարտունու շրջանի Կուրապատկինո գյուղում դաժանորեն սպանվեց 2-րդ դասարանցի Նելսոն Բենիկի Մովսիսյանը։ Դպրոցի տնօրեն Արշադ Մամեդովն իր բարեկամների՝ դպրոցի պահակ Ալամշադի ու վարորդ Զոհրաբի հետ առևանգում է Նելսոնին ու դաժանորեն սպանում․ երեխայի գլխի մեջ մեխ են մեխում, խոշտանգում են, հանում են աչքերը․․․

Հանցանքն ապացուցված էր, բոլորը վստահ էին, որ դատավորը գնդակահարության վճիռ է կայացնելու։ Սակայն հնչում է միանգամայն այլ դատավճիռ՝ Արշադ Մամեդովին 15 տարվա, Ալամշադին՝ 12 տարվա ազատազրկում, Զոհրաբին ազատել դատարանի դահլիճից։ Այս անպատժելիությունից խելագարված՝ արցախցիները հենց տեղում սեփական դատաստանն են տեսնում՝ սպանում են 3 մանկասպաններին, լցնում «Черный вор» կոչված մեքենան ու վառում։

Ադրբեջանական իշխանությունները, օգտվելով այս "առիթից", նոր հետապնդումներ են սկսում Արցախի հայ բնակչության նկատմամբ՝ խոշտանգումներ, ձերբակալություններ, մահվան դատապարտումներ, ազատազրկումներ, աշխատանքից ազատումներ և այլն։ Փաստացի, ըստ ամենայնի Ադրբեջանական ԽՍՀ հատուկ ծառայությունների կողմից նախապես ծրագրված այս միջադեպն այն ժամանակ արցախցիների դեմ ահաբեկչության և ռեպրեսիաների նոր ալիքի առիթ դարձավ։

Գանք մեր օրեր։
2021-ի հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարը սպանեց Մարտակերտի հարևանությամբ իր նռան այգում աշխատող 55-ամյա Արամ Տեփնանցին։ Սպանությունը մնաց անհետևանք ու անպատիժ։ Մեր կողմից ոչ մի արձագանք։
Նոյեմբերի 8-ին Շուշիի հարևանությամբ ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանցին, ըստ ամենայնի հրահանգավորված, սպանեց 22-ամյա Մարտիկ Երեմյանը, վիրավորեցին երեքին։ Կրկին՝ սպանությունը մնաց անհետևանք ու անպատիժ, մեր պատկան մարմինների կողմից 0 արձագանք։

Պետության դե ֆակտո բացակայությունը, թողտվության հանգեցնող լռությունը, անտարբերությունն ու ամլությունը օրինաչափորեն բերում են նրան, որ անհատը կամ հավաքական հանրույթը սկսում են գործել ինքնուրույն, ինչն էլ եղավ այսօր․ Մարտիկի եղբայրը՝ Նելսոնը, ի պատասխան եղբոր սպանության և այսօրվա սադրանքներին՝ նռնակ նետեց Շուշիի մոտ գտնվող անցակետի վրա։ Անմիջապես փակվեց Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս ճանապարհը, ողջ Արցախը՝ իր 50000-ից ավել բնակչությամբ, դե ֆակտո կտրվեց Հայաստանի Հանրապետությունից, հայտնվեց աքցանի մեջ։ Արդյո՞ք Ադրբեջանի ուզածը/ծրագրածն էլ հենց սա չէր։

Այս պահին ճանապարհն իհարկե բաց է, բայց հայտնի չէ՝ դեպքերն ինչ ընթացք կարող են ստանալ։ Վստահաբար կարելի է ասել մեկ բան․ Ադրբեջանն իր ձեռագիրը չի փոխել, նման սադրանքները, հայասպանության դեպքերը կրկնվելու են այնքան ժամանակ, քանի Ադրբեջանի համար ցանկալի "արդյունք" չեն տվել, չեն դարձել casus belli՝ ողջ Արցախը բռնազավթելու և հայաթափ անելու համար։
 
Ալվինա Աղաբաբյան
ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, դասախոս 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր