Սրանք էս ինչ զուլում են մեր գլխին բերում․․․Այսօր՝ հայ-թուրքական սիրախաղի դարաշրջանում, իրավիճակ է փոխվել          Մենք որոշակի քայլեր արել ենք, բայց ՀՀ-ն իր վրա եղած ճնշումների պատճառով դեռ չի կարողանում մեր ուզած համարձակ քայլերն անել       Քաղաքացիությունից կզրկվեն այն մոլդովացիները, ովքեր կկռվեն ՌԴ-ի կողմից    

21 դեկ 2021 11:11

Միամտություն է ներկայիս իրավիճակում հայ-թուրքական երկխոսությունից որևէ դրական ակնկալիք ունենալը. «Փաստ»

Շուտով կմեկնարկեն հայ-թուրքական բանակցությունները։ Կամ գուցե արդեն փաստացի մեկնարկել են: Թուրքիայի կողմից այս հարցով բանագնաց է նշանակվել հակահայկական դիրքորոշում ունեցող և Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը հերքող պրոֆեսիոնալ դիվանագետ Սերդար Քըլըչը։ Թվում էր, թե այս քայլին ի պատասխան հայկական կողմից էլ Թուրքիայի հետ բանակցելու համար նույնպես փորձված դիվանագետ է նշանակվելու, սակայն պատվիրակ նշանակվեց ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը։


Վերջինիս նշանակումը աղմուկի ու տարակուսանքի պատճառ դարձավ, քանի որ նա չունի համապատասխան դիվանագիտական աշխատանքի փորձ և ընդունակություններ, առավել ևս թուրք պատվիրակի փորձառության ֆոնին։ Թերևս Ռուբինյանին նշանակելու հիմնական պատճառը կապվում է Թուրքիայում նրա սովորելու հանգամանքի հետ, սակայն դժվար թե հայկական կողմի համար այն որևէ դրական ազդեցություն ունենա։ Այսուամենայնիվ, խնդիրը նույնիսկ Ռուբինյանի նշանակումը չէ և ավելի գլոբալ, ավելի խորքային բնույթ է կրում։ Մեծ հաշվով, Հայաստանի դիրքերը ոչ թե մեկ պատվիրակի գործողություններից են կախված, այլ իշխանությունների բնույթից։




Պատերազմից հետո Փաշինյանի իշխանությունը որևէ կերպ ընդունակ չի եղել վերականգնել Հայաստանի խարխլված հեղինակությունը ու, արժանապատիվ դիրքերից հանդես գալու փոխարեն, անընդհատ ընդառաջ է գնացել թուրք-ադրբեջանական պահանջներին։ Այսինքն՝ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ բանակցությունները մեծապես կապված են երկրի ղեկավարության դիրքորոշումից։ Իսկ Փաշինյանը գոնե մինչ այս պահը միայն զիջողի ու հարմարվողի դերում է հանդես գալիս։ Եվ այս համատեքստում ստացվում է, որ հայկական կողմի բանագնացն ընդամենը շարքային կապ հաստատողի դերակատարություն է ունենալու։ Եվ ով էլ բանագնաց նշանակվեր, դրանից շատ բան չէր փոխվելու։


Օրինակ՝ եթե Ռուբինյանի փոխարեն հայկական կողմից բանագնաց նշանակվեր Փաշինյանի «թիմից» ցանկացած մեկ ուրիշը կամ նույնիսկ որևէ պրոֆեսիոնալ դիվանագետ, միևնույնն է, նույն արդյունքն ենք ունենալու։ Խնդիրը նույնիսկ արդյունքի բովանդակությունը չէ, արդյունքի շահեկանությունը չէ, այլ պարզ արձանագրումը, որ ցանկացած բանագնաց իրականացնելու է օրվա իշխանությունների կուրսը: Մյուս կողմից էլ՝ իրավիճակն այնպիսին է, որ դժվար թե փորձ ունեցող որևէ պրոֆեսիոնալ դիվանագետ համաձայներ կատարել բանագնացի առաքելությունը Փաշինյանի կառավարման պայմաններում, երբ Հայաստանն ընդհանրապես դադարել է տարածաշրջանային գործոն լինելուց։


ԱԳ նախարար Արա Այվազյանի հրաժարականից հետո փորձված դիվանագետներից ոչ ոք չհամաձայնվեց անգամ արտգործնախարար աշխատել, ուր մնաց, որ համաձայնեին լինել Փաշինյանի պատվիրակը, որը թուրքերին անընդհատ խնդրողի ու նրանց զիջումները բավարարողի առաքելություն է իրականացնում։ Իսկ Անկարան շարունակում է հայկական կողմի վրա ճնշում գործադրել նաև Ադրբեջանի պահանջների միջոցով։ Եվ դրանով է պայմանավորված, որ թուրքական պաշտոնական շրջանակների կողմից անընդհատ դիրքորոշում է հնչում առ այն, որ Հայաստանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները կախված են նաև հայ-ադրբեջանական հարաբերություններից։


Ինչ վերաբերում է ներկայիս իրավիճակի ու 2008-2011 թվականների ընթացքում «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը ստացած գործընթացի միջև տարվող համեմատականներին, ապա այս երկու գործընթացներն ուղղակի անհամեմատելի են, քանի որ տարիներ առաջ Թուրքիան ստիպված էր հաշվի նստել Հայաստանի դիրքորոշման հետ, որը պահանջում էր հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների։ Իսկ շփումները տեղի էին ունենում նախագահների ու արտգործնախարարների մակարդակով, այլ ոչ թե հատուկ նշանակված բանագնացների։


 
Բանագնացների միջոցով բանակցելու նպատակահարմարությունը թուրքական կողմը միակողմանի է որոշել, քանի որ դրանով մի կողմից՝ Անկարան միջազգային հանրությանը ցույց կտա, թե իրենք շարժվում են բարիդրացիության սկբունքներից ելնելով, մյուս կողմից էլ՝ ժամանակ կձգեն ու Հայաստանի վզին նորանոր պահանջներ կփաթաթեն, իսկ եթե պետք լինի, բանակցությունները կտանեն փակուղի ու դրանում կմեղադրեն հայկական կողմին։ Այնպես որ, միամտություն է այսպիսի իրավիճակում հայ-թուրքական երկխոսությունից որևէ դրական ակնկալիք ունենալը։




Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր