Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

27 հուն 2022 12:17

Աշխարհը փոխվում է մեր աչքի առաջ, և ՀՀ նախագահի հեռանալը կարող է նոր լայնածավալ իրադարձությունների մի փոքրիկ նախազգուշացում լինել

iview.news–ը «Մասշտաբային իրադարձությունների փոքրիկ նախանշանը. քաղաքագետները գնահատել են այն, ինչը թաքնված է Հայաստանի նախագահի հրաժարականի տակ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել՝ ասելով, որ իր երկրում նախագահը չունի գործիքներ ու լիազորություններ՝ ազդելու պետության համար կարևորագույն թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական խնդիրների վրա։ Հայաստանում երեք տարի շարունակ ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկրի նախագահ է եղել Նիկոլ Փաշինյանի մրցակցի հովանավորյալը։ Դրանից էլ տրամաբանական է ենթադրել, որ գործող վարչապետը ընդամենը պահ ու առիթ է փնտրել իր մարդուն նախագահական աթոռին նստեցնելու համար: Քաղաքագետ Մարկովն իր հեռագրային ալիքում գրել է տեղի ունեցածի երկու հնարավոր վարկած: Առաջին տարբերակը «հեռացվածն» է:


Ըստ այդ վարկածի, Փաշինյանը վերջապես կարողացել է համոզել նախագահին՝ հրաժարական տալ, և նա դա կարողացել է անել Պուտինի հավանությունից հետո, երբ նա Ղազախստանի ճգնաժամի ժամանակ իդեալականորեն է խաղացել ՀԱՊԿ խորհրդի նախագահի իր դերը։ Երկրորդ տարբերակն է «սեփական կամքով գնալը»։ Սարգսյանը գիտեր, որ Փաշինյանը որոշ արմատական որոշումներ է պատրաստում, և ինքը պետք է ստորագրեր դրանք և պատասխանատվություն կրեր։ Բայց նա դա չի ցանկացել, ուստի հեռացել է՝ չկարողանալով դիմակայել այդ որոշումներին։ Որո՞նք են այդ արմատական որոշումները, որոնցից այդքան վախենում է նույնիսկ նախագահը։ Դա, ըստ երևույթին, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների արմատական բարելավումն է։ Այդ թվում՝ Հայաստանի կողմից ճանաչելը, որ ամբողջ Ղարաբաղը Ադրբեջան է։ Քաղաքագետ Օլեգ Մոլչանովն էլ ընդգծել է, որ չպետք է գերագնահատել Հայաստանի նախագահության ինստիտուտը: «Հայաստանում նախագահը զուտ նոմինալ է։


Պատահական չէ, որ Արմեն Սարգսյանը իր հրաժարականը պատճառաբանել է նրանով, որ նա ազդեցություն չունի ներքին և արտաքին քաղաքականության վրա։ Երևի հոգնել էր դրածո լինելուց»,- ասել է նա: Քաղաքագետ Ալեքսեյ Չեռնիկովը նույնպես այն կարծիքին է, որ Արմեն Սարգսյանը կարող էր հեռանալ իշխանության պակասի պատճառով: «Հրաժարականի իրական պատճառը կարող էր լինել լիազորությունների բացակայությունը։ Իսկապես, նախագահին տրված են զուտ ներկայացուցչական գործառույթներ։


Հայաստանում դե ֆակտո վարչապետն է պետության փաստացի ղեկավար, բայց դե յուրե երկիրը դեռ ղեկավարում է նախագահը»,- նշել է փորձագետը։ Քաղաքագետը նաև հավելել է. «Հասարակության մի մասի գիտակցության մեջ նա է պատասխանատու վերջին տարիներին Հայաստանին պատուհասած ձախողումների և աղետների համար։ Խոսքն առաջին հերթին 2020 թվականի պարտված պատերազմի մասին է։ Սակայն վերջին կաթիլը կարող էր լինել հայ խաղաղապահների գործուղումը Ղազախստան։ Հրապարակավ, որքան գիտեմ, Սարգսյանը չի արտահայտել իր դիրքորոշումը հայ զինվորականներին Ղազախստան ուղարկելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ նա անձամբ կարող էր բացասական վերաբերմունք ունենալ այդ գաղափարի նկատմամբ»։ Քաղաքագետը նաև նշել է, որ Հայաստանի նախագահի հրաժարականը որևէ կերպ չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա:


«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ իրադարձությունը չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Երևանը Մոսկվայից կրիտիկական կախվածության մեջ է՝ մոտավորապես այսօրվա Բելառուսի մակարդակով»,- եզրափակել է փորձագետը։ Արմեն Սարգսյանի հեռանալը չպետք է կապել քաղաքական ուժերի նոր դասավորության հետ, քանի որ Հայաստանում նախագահության ինստիտուտն իրականում էական դիրք չունի։ Սակայն չի բացառվում, որ այս իրադարձությունը կարող է կապված լինել աշխարհաքաղաքական գործընթացների առաջիկա սրման հետ։ Հատկանշական է, որ նախագահն իր պաշտոնը լքել է ոչ թե 2018 թվականի հեղաշրջումից հետո, այլ հիմա, երբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական կայունության մասին հայտնի բանակցություններն են ընթանում։ Եթե բանակցային գործընթացը մտնի անլուծելի փակուղի, ապա կարող է տեղի ունենալ դաշինքների համախմբում ուժային կենտրոնների շուրջ և հարաբերությունների սրում այդ դաշինքների առանձին մասնակիցների միջև։ ՆԱՏՕ-ի երկրները կկանգնեն ԱՄՆ-ի կողքին՝ հազվադեպ հնարավոր բացառություններով, ինչպիսին, օրինակ՝ Թուրքիան է: Հայաստանն ընդգրկված է հակառակ դաշինքում՝ որպես ՀԱՊԿ երկիր, որտեղ Ռուսաստանը կենտրոնական դեր ունի։ Ռուսաստանի վերջին աջակցությունը Ղազախստանին ցույց է տվել, որ մի կողմից՝ Ռուսաստանը չի լքում դաշնակցին, և հավաքական անվտանգության պայմանագիրը դատարկ պարկ չէ, մյուս կողմից՝ այն որոշակի պարտավորություններ է դնում կազմակերպության յուրաքանչյուր անդամի վրա։ Այսինքն՝ «խաբել չի ստացվի»:


Այս իրավիճակում կարող է տուժել հետխորհրդային տարածքի երկրների բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը։ Պուտինի ու Բայդենի չհամաձայնելու դեպքում Հայաստանը պետք է վերջնականապես որոշի, թե որ կողմում է։ Ինչպես գիտենք, Նիկոլ Փաշինյանը դեռ փորձում է հավասարակշռություն պահել երկու գերտերությունների միջև։ Ոչ վաղ անցյալում նա գնացել էր, այսպես կոչված, «Ժողովրդավարության գագաթաժողովին»։ iview.news–ն առցանց հրապարակմամբ արդեն ներկայացրել է այդ ուղևորության հնարավոր նպատակը. «Մինչ Ռուսաստանը չեզոք և նույնքան ջերմ հարաբերություններ է պահպանում երկու երկրների հետ, ԱՄՆ-ն ավելի բացասաբար է վերաբերվում Ադրբեջանին։ Դա հաստատում է այն փաստը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժողովրդավարության գագաթաժողովի հրավեր չի ստացել։ Ուստի, Հայաստանը դա տեսնում է որպես հնարավորություն և կարող է փորձել մերձենալ Վաշինգտոնի հետ հայ-ադրբեջանական հարաբերություններում արտասահմանյան գերտերության ազդեցությունն օգտագործելու համար»։


Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների իսպառ ձախողմամբ Հայաստանի՝ նման անորոշ դիրքորոշումն արդեն կարող է ավարտվել։ Ուստի Արմեն Սարգսյանի հեռանալը կարելի է կապել այն բանի հետ, որ նա իսկապես չի ցանկացել ձևական գործիչ լինել՝ զուտ ձևական առնչություն ունենալով հասունացող աշխարհաքաղաքական անկանխատեսելի գործընթացների հետ։ Աշխարհը փոխվում է մեր աչքի առաջ, և Հայաստանի նախագահի հեռանալը կարող է նոր լայնածավալ իրադարձությունների մի փոքրիկ նախազգուշացում լինել։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր