Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

05 փետ 2022 21:53

Ի՞նչ նպատակ ունի այս թեկնածությունը, որը շատերի կարծիքով անցումային նախագահ է լինելու

Լսում էի իշխող մեծամասնության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Վահագն Խաչատրյանին, ու նա ինձ չհամոզեց, թե կարող է այնպիսի նախագահ լինել, որ Հայաստանի եւ Արցախի համար նոր ճակատագրական որոշումների ժամանակ կարողանա վարչապետին ու մյուս բարձրաստիճաններին ասել` «Տղերք, կանգ առեք, ճակատագրական սխալ եք գործում»: Ընդհանրապես չհամոզեց, որ նախագահ կարող է լինել` նրա նկատմամբ հնուց եկող ամենայն հարգանքով հանդերձ: Ընդդիմության հետ խոսելիս ճիշտ բառեր ընտրելով հո չի՞, իսկ ո՞ր սխալ բառերն էր ընտրում Արմեն Սարգսյանը, որ ոչ մի արժանահիշատակ բան չարեց կամ չկանխեց Հայաստանի գլխին թափված աղետները: Ու Պետրոսի հետ հարցազրույցում մի պահ թվաց, թե զրույցը վարողն ավելի լավ գիտե` ի՞նչ է պետք նախագահ լինելու համար: Է, լավ, ի՞նչն է խանգարում Պետրոսին նախագահի թեկնածու առաջադրել:

Իսկ եթե լուրջ` ապա մտովի փնտրտուքն այս պահին, իրոք, վեր չի հանում այն մարդուն, որը ժողովրդի վստահությունն ու հարգանքն է վայելում, որի խոսքը կարող է կշիռ ունենալ բոլորի` ընդդիմության, իշխանության, հասարակ մարդկանց շրջանում: Ու, ինչ, դուրս է գալիս, որ դեռ իր աշխատանքի արդյունավետությունը գնահատելու կարիք ունեցող վեց ամսվա նախարա՞րը պետք է վարչապետի մոտ նախագահ աշխատի: Ուղղակի ինստիտուտն է արժեզրկվում այս դեպքում, երբ համապատասխան կալիբրի թեկնածուն չի գտնվում: Ուրիշ բան, թե ի՞նչ նպատակ ունի այս թեկնածությունը, որը շատերի կարծիքով (եւ մենք էլ այդ մասին գրել ենք) անցումային նախագահ է լինելու, մինչեւ որոշեն, թե ի վերջո ի՞նչ տիպի կառավարում են ուզում որոշողները, ո՞ւմ հագով են կարվելու Սահմանադրության նոր փոփոխությունները հին-բարի ժամանակների նման:

Միանշանակ պնդել, որ այժմյան կառավարողները մտմտում են նախագահական կառավարման անցնել` կոնկրետ մարդու նկատի ունենալով (ասենք` վարչապետին, թեեւ նա իր վերջին ասուլիսում անձնական կարծիք հայտնեց, թե այս պահին կառավարման կարգի փոփոխության կողմնակից չէ), ճիշտ չէ` երկու պատճառով. առաջին` նույնիսկ Փաշինյանը կարող է գլխի ընկնել, որ սահմանադրական փոփոխություններից հետո սպասվելիք նախագահական ընտրություններից առաջ ներկա իշխանության վարկանիշը կարող է մոտենալ ամենացածր նիշին: Եթե, իհարկե, տարին մեկ նախագահ փոխելու ու այդպես հաջորդ խորհրդարանական ընտրություններին հասնելու նպատակ չի դրված  (համ էլ ամեն նախագահ կփոխի իր աշխատակազմը, ու ամեն մեկի կողմնակիցներով լցոնված աշխատակազմի տղերքն ու աղջկերքը բարձր աշխատավարձերով գոնե մեկ տարի տուն կպահեն, աշխատատեղերի ստեղծումն էլ ո՞նց է լինում), եւ երկրորդ, միգուցե հենց հիմա էլ ստվերային ծրագիր կա կոնկրետ այլ անձի նախագահ դարձնելու, իզուր չէ, որ Լեւոն-Տեր-Պետրոսյանի նախկին կողմնակիցները դանդաղորեն, բայց հաստատուն քայլերով պաշտոններ են ստանում:

Բոլոր դեպքերում սահմանադրական փոփոխությունների բուն բովանդակության բացահայտումը մասամբ լույս կսփռի այն հեռահար նպատակների վրա, որ մտմտում է իշխանությունը կամ Հայաստանի համար սցենարներ գծագրողը: Այդ հեռահար նպատակը կարող է լինել ե՛ւ կիսանախագահական կառավարման կարգը, քանի որ ներկա խորհրդարանական կարգը միայն անունով է խորհրդարանական, երկիրը կառավարում է մեկ մարդ, ե՛ւ լիարժեք նախագահականը, ե՛ւ, ինչու չէ, նաեւ ներկա կարգի պահպանումը, մինչդեռ սահմանադրական փոփոխությունները կարող են այլ գաղտնի նպատակ ունենալ, այս կասկածն էլ կարող է կյանքի իրավունք ունենալ` հայ-թուրքական հարաբերությունների լույսի ներքո եւ պահանջատիրության սահմանադրական արտացոլանքից հրաժարվելու մոտիվով, եթե հայերս դա թույլ տանք:

Իսկ ընդդիմության առումով վիճակն է՛լ ավելի վատ է, որովհետեւ եթե մենք չենք նկատում այն ֆիգուրին, որն այս պահին հանրության մոտ անառարկելի վստահություն է վայելում ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր շրջանակներում, նրան, որին ընդդիմությունը կարող էր գտնել-առաջադրել որպես Վահագն Խաչատրյանին այլընտրանք, այն աստիճանի այլընտրանք, որ անգամ իշխող մեծամասնությունը տատանվեր Վահագն Խաչատրյանին ընտրել, իսկ շարքային մեկին նախագահի թեկնածու առաջադրելով` ընդդիմությունն ուղղակի լեգիտիմացնելու է Վահագն Խաչատրյանի ընտրության գործընթացը խորհրդարանում, եւ ընդամենը, ուրեմն ինչ իմաստ կա թեկնածու առաջադրել:

Մարիետա Խաչատրյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր