Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

17 փետ 2022 13:09

Աշխարհաքաղաքական հորիզոնում արդեն որոտներ են հնչում. «Թուրքիան ու Ադրբեջանը հակառուսական դաշինք են ստեղծում»

Regnum.ru-ն «Ինչո՞ւ թուրք-ադրբեջանական դաշինքը չի նյարդայնացնում Մոսկվային ու Պեկինին» վերնագրով հոդվածում գրում է, որ եթե գնահատենք այն, ինչ այժմ կատարվում է թուրք-ադրբեջանական հարաբերություններում, պարզենք «փաստ», «դեպք», «խնդիր» հասկացությունների վերլուծական կառուցվածքը և էությունը, ինչպես նաև հաշվի առնենք երեք գործողությունները՝ «ժամանակը», «տեղը» և «հանգամանքները», ապա ի հայտ է գալիս որոշակի ինտրիգային աշխարհաքաղաքական հավասարում: Նախ՝ փաստերի մասին: Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին Շուշիի հռչակագիրը։ Ավելի վաղ դա արել էր Ադրբեջանի խորհրդարանը։

Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Կիրանն ասել է, որ Անկարան և Բաքուն «համատեղ կանոնավոր հանդիպումներ կանցկացնեն ազգային անվտանգության հարցերով», որպեսզի ավելի խորացնեն «երկու պետություն-մեկ ազգ» եզակի սկզբունքը։ Նրա խոսքով, «այդ համագործակցությունը կիրականացվի տարբեր ձևերով՝ կախված ոլորտներում իրադարձությունների զարգացումից», այդ թվում՝ «անվտանգության ոլորտի»։ Իրադարձությունների այս ընթացքը ենթադրում է, որ կողմերը հստակ պատկերացում ունեն իրենց ընդհանուր պոտենցիալ սպառնալիքների մասին։ Սակայն հրապարակայնորեն Թուրքիան և Ադրբեջանը չեն մատնանշում արտաքին թշնամուն: Թուրք փորձագետների կարծիքով խնդիրն այստեղ այն է, որ երկու նախագահները՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը, «ունեն զարգացող աշխարհաքաղաքական անկայունության զգացում և ինչ-որ բանի են պատրաստվում»։ Բայց կոնկրետ ինչի՞։ Այդ առնչությամբ որոշ վերլուծաբաններ նշում են, որ «Թուրքիան ու Ադրբեջանը հակառուսական դաշինք են ստեղծում»։

Բայց այդ տեսակետը չեն կիսում անգամ բրիտանացի գիտնականները, որոնք հեռու են Ռուսաստանի հանդեպ քաղաքական համակրանք ունենալուց։ Նրանցից Ջոնաթան Քոհենը վստահ է, որ «Ադրբեջանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո կխուսափի ռիսկերից՝ հասկանալով, որ չնայած տարածքներ է վերադարձրել ու հաղթել, բայց նա սպասվածից պակաս շահեկան վիճակում է և այժմ պետք է շատ աշխատի Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար»: Սա՝ առաջին հերթին։ Երկրորդ հերթին՝ ինչպես նշել է թուրք փորձագետ Էնգին Օզերը, հաջողությամբ օգտագործելով Թուրքիայի ռեսուրսները՝ Ալիևը «Անկարայի հետ փաստացի դաշնակցային հարաբերությունները օրինականացնում է»։

Բայց նա չի գնում Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմակայանի ստեղծմանը, քանի որ դա ոչինչ է Ռուսաստանի դեմ, իսկ Հայաստանի դեմ ակնհայտորեն ավելորդ է։ Ադրբեջանը ճանապարհներ, հյուրանոցներ և օդանավակայաններ է կառուցում, այսինքն՝ նրանք չեն պատրաստվում պատերազմի: Բայց կա մի «ոսկոր կոկորդին»: Խոսքը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին է, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանը կապելու է Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման պայման է դրել նման երթուղու ստեղծումը։ Բայց այդ միջանցքը արտաքին ուժերի կողմից կարող է ընկալվել որպես չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի մեջ տեղավորվող, իսկ դա նոր խնդիրներ կբերի։ Աշխարհաքաղաքական հորիզոնում արդեն որոտներ են հնչում։

Աֆղանստանի և Պակիստանի միջև սահմանային հակամարտություն է բռնկվել Դուրանդի գծում, որոշակի ուժեր սկսել են «հրահրել» թալիբներին Պակիստանի դեմ։ ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ջունի խոսքով, «ահաբեկչական սպառնալիքներ են սկսվել Արևել յան Թուրքեստանի իսլամական շարժումից և Թուրքեստանի իսլամական կուսակցությունից»: Այսինքն, իրական նշաններ կան, որ ինչ-որ մեկը սկսել է խարխլել իրավիճակը Աֆղանստանում և նրա շուրջ՝ որպես նոր ձևավորվող Մեծ մետաքսի ճանապարհի առանցքային օղակ, որի երթուղիներից մեկն էլ Ադրբեջանով և Հայաստանով անցնում է դեպի Թուրքիա։ Կան նաև այլ կարևոր ռազմավարական կետեր: Դրանք Լևանտայի երկրներն են (Սիրիա, Պաղեստին, Լիբանան):

Աֆղանստանի սեփականատերը կարող է վերահսկել մայրցամաքային Եվրասիայի տրանսպորտային զարկերակներն այնպես, ինչպես Մերձավոր Արևելքի տերը վերահսկում է Ասիայից Եվրոպա հիմնական ծովային և ցամաքային ուղիները։ Այսպիսով, Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը, կապված Անդրկովկասում Մետաքսի ճանապարհի հնարավոր ուղիները վերահսկելու հետ, ունեն գլոբալ համընկնող շահեր։ Հավանաբար, հենց դրանով կարելի է բացատրել Մոսկվայի հավասարակշռված, ռազմավարական ճշգրտված և ռեսուրս խնայող քաղաքականությունն այդ տարածաշրջանում։ Այստեղից էլ՝ նրա հանգստությունը Թուրքիայի և Ադրբեջանի մերձեցման հարցում։ Ինչպես և Չինաստանի։ Պեկինը չի արտահայտում զայրույթ՝ կապված Բաքվի և Անկարայի դաշինքի հետ։

Շուշիի արձանագրությունը քաղաքական տարածքում արձանագրված իրադարձություն է։ Հակառակ որոշ կարծիքների, դա «Թուրքիայի կողմից Ադրբեջանի կլանման բաղադրիչներից չէ»։ Միաժամանակ, ինչպես նշել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, «տարածաշրջանը բարդ ժամանակ է ապրում, և Անկարան ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը»։ Կենտրոնական Ասիայի ամենամեծ թյուրքալեզու երկրի՝ Ղազախստանի վերջին իրադարձությունները ցույց տվեցին Թուրքիայի սահմանափակ ռեսուրսները, թյուրքական աշխարհում նրա մեծ խաղ խաղալու ունակությունը։ Միևնույն ժամանակ, Մոսկվայի հետ հարաբերություններում նկատելի է կոնֆլիկտային ներուժի բացակայություն։ Մերձավոր Արևելքի փորձագետ Բասիլ Ալ-Հաջի Ջասեմը պնդում է. «Դժվար թե հնարավոր լինի ասել, որ Ռուսաստանը Ղազախստանում առաջ է անցել Թուրքիայից:

Նրանք բոլորովին այլ հարաբերություններ ունեն միմյանց հետ։ Այո, դա առանց մրցակցության չի, բայց կողմերը դեռ չեն հասել առճակատման»։ Էրդողանը այնպիսի անձնական հարաբերություններ ունի Պուտինի հետ, որը չունի արևմտյան շատ առաջնորդների դեպքում: Ոչ ոք չի ուզում կորցնել դա։ Այդուհանդերձ, Ռուսաստանն ու Թուրքիան հեռու են իրական ռազմաքաղաքական դաշինք ստեղծելուց, և գուցե երբեք էլ դա չլինի։ Հիմա խոսքը ոչ թե ռազմավարական գործընկերության, այլ մարտավարական շահերի համընկնման մասին է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր