ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

12 մայիս 2022 13:00

Իսկ եթե հանկարծ ՀՀ ընդդիմությունը գա իշխանությա՞ն...իրենք այդ ի՞նչ գումարով են ստեղծելու խոստացված հզոր բանակը, բացելու ճանապարհները

Vestikavkaza.ru-ն գրում է, որ այս տարի հայաստանյան ընդդիմության գարնանային սրացումը սկսվել է ապրիլի 25-ից և մինչ օրս չի դադարել։ Ցուցարարներին դուր չի գալիս իշխանությունների քաղաքականությունը ղարաբաղյան կարգավորման հարցում, և ոչ միայն դա:


Երթերի կազմակերպիչները կոչ են անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ: Ղարաբաղյան հարցում «նշաձողն իջեցնելու», Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և խաղաղ բանակցություններ սկսելու մասին նախադրյալներն են պատճառ դարձել ազգայնական տրամադրված ընդդիմության ներկայիս ելույթների։ Դեռ մայիսի 3-ին ընդդիմությունը պնդում էր, որ Փաշինյանի հեռացումը մեկ-երկու օրվա խնդիր է լինելու, սակայն վարչապետը դեռ նստած է իր աթոռին ու ծաղրում է ցուցարարներին պնդելով, որ նրանք կրկնօրինակում են 2018 թվականին իր կողմնակիցների նախաձեռնած բոլոր քայլերը։


Իհարկե, ընդդիմության առաջնորդները նյարդայնացել են և արդեն սկսել են բախվել ոստիկանների հետ։ «Դիմադրության» շարժման համակարգող, Ազգային ժողովի փոխնախագահ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը կոչ է արել իր կողմնակիցներին կաթվածահար անել երկիրը, որպեսզի Փաշինյանի իշխանությունն այլևս չկարողանա որևէ գործողություն իրականացնել։ Սաղաթելյանն անգամ կարծես թե նոր կառավարություն ստեղծելու ծրագիր ունի: Եթե ​​ենթադրենք, որ Հայաստանն իրոք ստանում է նոր իշխանություն, ապա բնական հարց է առաջանում. ի՞նչ դիրքորոշում կլինի ամենամոտ հարևանների հետ հարաբերություններում։


Հիշեցնենք, որ Ադրբեջանում ցանկանում են ի դեմս Հայաստանի իշխանության տեսնել գործընկերոջ, որին կարելի է վստահել, և ում հետ հնարավոր է համաձայնության գալ կայուն խաղաղության հասնելու համար։ Փետրվարին Բաքուն խաղաղության համաձայնագրի հինգ հիմնարար սկզբունքներ է ներկայացրել Երևանին, և հայկական կողմը հայտարարել է, որ իր համար այդ հիմնարար սկզբունքներում անընդունելի ոչինչ չկա։ Առայժմ Բաքուն Երևանից սպասում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկին, բայց եթե Հայաստանում իշխանության գան ներկայիս ընդդիմադիր գործիչները, բանակցությունների մասին կարելի է մոռանալ։ «Դիմադրության շարժումը» չի թաքցնում իր ռևանշիստական ​​նկրտումները, համենայն դեպս, արդեն սպառնացել է վերականգնել հայկական բանակի մարտունակությունը, այն էլ «ռազմավարական գործընկերների ներգրավմամբ»։




Նախիջևան տանող ճանապարհի հարցում հայ ռևանշիստների հաշտարար դիրքորոշումը այնքան էլ չի կապվում նման ռազմատենչ հայտարարությունների հետ։ Այսինքն նրանք կողմ են 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի հայտարարության այն կետերի կատարմանը, որոնք ենթադրում են տրանսպորտային հաղորդակցությունների բացում, սակայն դեմ են Զանգեզուրի միջանցքի նախագծին։ Նման անորոշությունը վերլուծաբաններին ստիպում է ասել, որ եթե ընդդիմությունը գա Հայաստանում իշխանության, դա ամեն կերպ կխոչընդոտի Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացին։ Հավանական է, որ հայ ազգայնականները բանակցություններ սկսելու համար նոր պայմաններ առաջադրեն, ինչն անխուսափելիորեն վերջ կդնի այդքան երկար ընթացող գործընթացին։


Թվում է թե ընդդիմությունը կփորձի նաև ժխտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին ձեռք բերված մի քանի հաջողությունները։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչն արդեն երեք հանդիպում են անցկացրել։ Սակայն Երևանում իշխանության գալ ցանկացող արմատականները ոչ միայն պատրաստվում են կասեցնել հայ-թուրքական բանակցությունները, այլ նաև բացառել ցանկացած համաձայնագիր, որը կարող է կասկածի տակ դնել «հայ ժողովրդի հոգևոր կապերը»՝ նկատի ունենալով 1915 թվականի իրադարձությունները, ինչպես նաև հայերի իրավունքը կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ։


Ընդդիմության Բաքվի և Անկարայի նկատմամբ այս բոլոր ծրագրերը այլ կերպ, քան պոպուլիստական, չի կարելի անվանել։ Հայաստանի յուրաքանչյուր ողջամիտ բնակիչ չի կարող չմտածել այն մասին, թե ներկայիս ընդդիմադիրներն ի՞նչ գումարով են ստեղծելու խոստացված հզոր բանակը, ինչպե՞ս են առանց տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու, փաստացի մնալով շրջափակման մեջ, աշխուժացնելու առանց այն էլ թույլ, և 44-օրյա պատերազմի արդյունքում տուժած տնտեսությունը։ Միգուցե՞ ազգայնականները հույս են դրել Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների վրա, որոնք եկել են Հայաստան Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցների ժամանակաշրջանում։ Բայց ակնհայտ է, որ հանգստացողների և նույնիսկ մշտական ​​բնակության Հայաստան տեղափոխվածների ռեսուրսները չեն բավարարում նման վեհ ծրագրեր իրականացնելու համար։


Առանձին խոսակցություն է արտերկրի հայկական սփյուռքի հարցը. նրանք գնալով ավելի քիչ են ցանկանում ներդրումներ կատարել Հայաստանի անցողիկ ծրագրերում։ 


Մի խոսքով, ընդդիմության իշխանության գալը կարող է երկիրը ներքաշել կա՛մ նոր պատերազմի մեջ, կա՛մ ներքին քաոսի անդունդը, կա՛մ էլ երկուսը միասին։ Հենց այդ իսկ պատճառով էլ իշխանությունների ներկայիս հակառակորդները չեն կարողանում գտնել իրենց այդքան անհրաժեշտ աջակցությունը բնակչության շրջանում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր