Հայաստանն այսօր չգիտի` Ղարաբաղը Հայաստան է, թե` ոչ.Առանց մեզ հետ խաղաղության պայմանագրի, հայերը կարող են նորից տուժել ապագայում
Ես բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղ բանակցություններ սկսել Հայաստանի հետ և աշխատել խաղաղության համաձայնագրի վրա։ Առայժմ Հայաստանի ղեկավարությունից պատասխան չի ստացվել։ Ավելի քան վեց ամիս ես մի քանի անգամ նման հայտարարություններ եմ արել. իսպանական El Pais ամսագրին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Սա ցույց է տալիս, որ նրանք խաղաղություն չեն ուզում, քանի որ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում դրա հիմնական դրույթներից մեկը լինելու է երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, իսկ Հայաստանը չի ցանկանում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ամբողջ աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ղարաբաղը համարում է նրա անբաժան մասը։ Հայաստանը չի ասում՝ ճանաչում է տարածքային ամբողջականությունը, թե` ոչ։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից առաջ նրանց վարչապետը հրապարակավ հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Այս հայտարարությունը, ըստ էության, խարխլեց բանակցային գործընթացը և այն դառը պարտության մի մասն էր, որը նրանք կրեցին անցյալ տարի: Բայց այսօր Հայաստանը կարծես թե դիրքորոշում չունի այս հարցում։ Մենք շատ բաց ենք խոսում Հայաստանի հետ համապարփակ խաղաղության համաձայնագրի շուրջ անհապաղ բանակցություններ սկսելու մեր ցանկության մասին։ Ինչպես ասացիք, սա ոչ թե զինադադարի, այլ լիարժեք խաղաղության համաձայնագիր է լինելու։ Այնուամենայնիվ, հուսով եմ, որ եվրոպացի գործընկերները, հավանաբար, կկարողանան Հայաստանին համոզել նման դիրքորոշման անիմաստության մեջ։ Կարծում եմ, որ առանց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի, նրանք կարող են նորից տուժել ապագայում», - ասել է Ալիևը: