Տեսանյութ.Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Բագրատ Սրբազանին          Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջև       Մայիսի 8֊ին Շիրակը հանուն հայրենիքի շարժումը միանալու է Տավուշից սկիզբ առած երթին    

13 հուն 2022 12:09

Քանի որ Լավրովը Անկարայից է ժամանել Երևան, դա թույլ է տալիս ենթադրել, որ նա որոշ նոր գաղափարներ է բերել , որի ոչ բոլոր մանրամասներն են հանրությանը հայտնի

Ng.ru-ն գրում է, որ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է իր գործընկեր Արարատ Միրզոյանին և առանձնազրույց ունեցել նրա հետ։ Այդ բանակցությունները տեղի են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքի ֆոնին։ Ընդդիմությունը վճռական լինելով ամեն գնով իր դիրքորոշումը Մոսկվային հասցնելու հարցում՝ հանրահավաքի ժամանակ անցել է ռուսերենի։ Դժվար թե, իհարկե, Լավրովը լսած լինի ընդդիմության հայտարարությունները առ այն, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը մանդատ չունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունների համար, ինչպես նաև այն, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողությունները խաթարում են Երևանի և Մոսկվայի ռազմավարական հարաբերությունները։ Բայց այդ ամբողջ ակցիայի սիմվոլիկան եղել է թափանցիկ:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Դիմադրության շարժումը» մայիսի սկզբից ակցիաներ է անցկացնում կառավարության հրաժարականի պահանջով։ Մինչև Լավրովի ժամանումը նրանք դիմել էին պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ Պետդումայի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին առանձին հանդիպման խնդրանքով, ընդգծվել էր, որ «Հայաստանի ներկայիս իշխանությունը չի ներկայացնում հայկական պետության ու հայ ժողովրդի շահերն ու դիրքորոշումը»։ Սակայն հանդիպումը չէր կայացել։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը Երևան էր ժամանել Անկարայից, որտեղ հանդիպել էր իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ։ Ըստ թուրքական աղբյուրների` կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Այնուհետև Չավուշօղլուն ասել է, որ իրենք քննարկել են նաև 3+3 ձևաչափի արդյունավետությունը Կովկասում, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։

Վերլուծաբան Դավիթ Պետրոսյանը, մեկնաբանելով Սերգեյ Լավրովի այցը, «Ng.ru»-ի հետ զրույցում ասել է, որ դժվար թե դա լուրջ գործընթացներ պարունակի։ «Երևանի և Անկարայի միջև բանակցությունները դանդաղ են ընթանում: Կողմերը հստակ սպասում են, թե ինչպես կզարգանան համաշխարհային գործընթացները, այդ թվում Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը։ Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն այժմ առաջնահերթություն չէ: Նրա համար շատ ավելի կարևոր է իրավիճակը Ուկրաինայում և իր իսկ գործողությունը Սիրիայում։ Իսկ Մոսկվայի համար գլխավորը տեղյակ պահելն ու իր օրակարգն առաջ տանելն է»,- ասել է նա։

Հայաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպումից հետո Սերգեյ Լավրովը և նրա գործընկեր Արարատ Միրզոյանը համատեղ մամուլի ասուլիս են հրավիրել, որում իրենց հանդիպումը անկեղծ են անվանել։ Լավրովն ասել է, որ ավարտվում է ճանապարհային հաղորդակցության հարցի համակարգումը, ճանապարհների բացումը ողջ տարածաշրջանում։ Նրա խոսքով, ընդհանուր ըմբռնում կա, որ գործընթացը շարժվում է, թեև «գուցե մենք կցանկանայինք ավելի արագ տեմպեր տեսնել»։ Նա ընդգծել է, որ սահմանների սահմանազատման հարցերում Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել՝ ներառյալ քարտեզներով։

Սերգեյ Լավրովը հանդիպել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին։ Քննարկվել են երկկողմ դաշնակցային հարաբերությունների, Մոսկվայի և Երևանի միջև համագործակցության ընդլայնման հարցերը ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում՝ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում։ 

Այնուամենայնիվ Երևանում կարծում են, որ ռուս նախարարի և Հայաստանի ղեկավարության այցի և բանակցությունների ոչ բոլոր մանրամասներն են հանրությանը հայտնի դարձել։ Մասնավորապես, քաղաքական մեկնաբան Աշոտ Գազազյանը «Ng.ru»-ին ասել է, որ քանի որ Լավրովը Անկարայից է ժամանել Երևան, դա թույլ է տալիս ենթադրել, որ նա որոշ նոր գաղափարներ է բերել հայկական մայրաքաղաք:

«Հնարավոր է, որ Երևանը վերջապես ստացել է այն հարցի պատասխանը, թե իրականում ինչպե՞ս պետք է իրականացնել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, եթե ադրբեջանական զինուժը ինքնիշխան Հայաստանի տարածքում է ավելի քան մեկ տարի և շարունակում է այնտեղ ամրապնդվել: Հայաստանի իշխանությունները խոսում են մոտ 40 քառակուսի կմ ճանապարհների, արոտավայրերի և գյուղատնտեսական նշանակության հողերի զավթելու մասին։ Չնայած իրականում օկուպացված տարածքը կարող է կրկնապատիկ ավելին լինել։ Ստացվում է, որ ադրբեջանական կողմն արդեն իսկ սահմանազատել և սահմանագծել է յուրովի` չդիմելով ո՛չ ՌԴ Գլխավոր շտաբի քարտեզներին, որոնց մասին խոսում է Մոսկվան, ո՛չ էլ, ըստ էության, առանց ռուս մասնագետների այդ գործընթացում մասնակցության»,- ասել է Գազազյանը։

Նրա խոսքով, կասկած չկա, որ Երևանում խոսք է գնացել ՀԱՊԿ-ի պատրաստության բարձրացման մասին, որ հնարավոր լինի լուծել այն խնդիրները, որոնք ծագում են այդ կազմակերպության անդամ երկրների տարածքում։ Զրուցակիցը միաժամանակ ընդգծել է, որ Երևանում փորձագետների մեծամասնությունը համոզված է, որ Հայաստանի պարագայում, որի տարածքները զավթել է Ադրբեջանը, ՀԱՊԿ-ը պարզապես չի կատարել իր այնպարտավորությունները, որոնք ամրագրված են այս դաշինքի համապատասխան փաստաթղթերում։

Մեկ այլ կարևոր խնդիր է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանին կապում է Նախիջևանի ինքնավարության հետ։ Բաքուն շահագրգռված է այս նախագծի շուտափույթ իրականացմամբ։ Դրանում շահագրգռված է նաև Ռուսաստանը, քանի որ նման կերպ բարեկամ երկրների տարածքով ցամաքային ելք է ստանում դեպի Թուրքիա։ Բայց Հայաստանը ծանր քաղաքական վիճակում է: Ավելին, ընդդիմությունը մեծացնում է ճնշումը իշխանության վրա Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունների հարցում մեղադրելով նրան ազգային շահերը դավաճանելու մեջ։ Բացի դա միջանցք բացելու գաղափարը չափազանց անընդունելի է հայ հասարակության համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր