Ռազմավարական նշանակություն ունեցող Սարսանգի ջրամբարի համար վտանգ կա

Արցախի իշխանությունները խոստովանել են, որ այսպիսի հանդիպումների շարքը սկսվել է պատերազմից հետո դեռ 2021 թվականի փետրվարից, ուղղակի նախորդ անգամները չեն նկարահանվել։ Այս անգամ էլ նախաձեռնության հեղինակը, ըստ Արցախի «Ջրային կոմիտեի» նախագահ Գեորգի Հայրյանի, հայկական կողմն է, և Արցախի մասնագետներն էլ եղել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներում։
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունեցող ջրամբար է Արցախի բնակչության համար, և ադրբեջանցիների այստեղ հայտնվելը լուրջ վտանգ կարող է ներկայացնել Արցախի բնակիչների համար։ Տարակուսելին այս դեպքում Արցախի իշխանությունների վարքն է, որ նրանք շարունակում են տեղեկությունները թաքցնել հանրությունից և ստիպված են լինում սրտաճմլիկ հաղորդագրություններ տարածել միայն այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը որևէ նման դրսևորման մասին սեփական հաղորդագրությունն ու լուսանկարներն է տարածում։
Ըստ էության, Արցախի իշխանությունները ստիպված են լինելու ռուսների կողմից միջնորդավորված կամ ուղղակի համագործակցել Ադրբեջանի հետ, Արցախի բնակիչների անվտանգությունն ու նորմալ կենսապահովումը ապահովելու համար։
Մինչդեռ փաստն այն է, որ լրջագույն խնդիր է դարձել տեղեկություններն ամեն գնով պահպանելու այս քաղաքականությունը, նույնիսկ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն է Արցախի կառավարությունից պահանջել բնակչությանն իրազեկել երկրի շուրջ կատարվող իրադարձությունների մասին։ Նա վկայակոչել է Արցախի սահմանադրությունը, որն ամրագրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու յուրաքանչյուրի իրավունքը։
- Արցախի Հանրապետության քաղաքացիներն ունեն Արցախում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին իրազեկված լինելու իրավունք և բարոյական անհրաժեշտություն է, նմանատիպ հարցերում կառավարության անգործությունը կամ պասիվությունը հանրության շրջանում մեծացնում է անորոշության զգացողությունը, հավելյալ մտահոգության և անհանգստության պատճառ դառնում,- նշել է մարդու իրավունքների պաշտպանը։
Սա ընդամենը մեկ դրվագով ցույց է տալիս, որ Արցախի իշխանությունները ևս որդեգրել են Հայաստանի գործող իշխանությունների արատավոր վարքը և շարունակում են տեղեկությունները թաքցնել սեփական բնակիչներից։
1or.am/