Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

20 հոկ 2022 12:12

Խանզադյանի քարտեզներն այնպիսի «ռումբ» էին, որ եթե օգտագործվեին, շատ պետություններ կվերանային, ինչպես և՝ Թուրքիան.աշխարհին հայերը տվել են 2 խոշոր քարտեզագիր՝ Զատիկ Խանզադյան եւ Ադմիրալ Իսակով

Քարտեզագետ, լուսանկարիչ եւ նկարիչ, բազմաթիվ արժեքավոր գիրք-ալբոմների հեղինակ Սեն Հովհաննիսյանը հրատարակության է պատրաստում աշխարհահռչակ ֆրանսահայ քարտեզագետ Զատիկ Խանզադյանի ժառանգությունը։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանն ընդգծեց՝ Զատիկ Խանզադյանի ընտանիքի անդամներն են ցանկացել գրքում ամփոփված տեսնել նրա թողած ժառանգությունն, ու իրենց ցանկության մասին հայտնել են Դանիել Փափազյանին։


«Գրոնիկ Փափազյանի որդին՝ Դանիել Փափազյանը, որը Ժնեւում շատ մեծ հեղինակություն ունի, իմանալով, որ մեծ ցանկություն ունեմ ի լուր աշխարհի հանրայնացնել Զատիկ Խանզադյանի ամբողջ ժառանգությունն, առաջարկեց աշխատել դրանք տպագրելու ուղղությամբ։ Ես էլ մեծ հաճույքով ընդունեցի նրա առաջարկը»,- նշեց Սեն Հովհաննիսյանը։


Աշխատությունը լույս կտեսնի երկու լեզվով՝ ֆրանսերեն եւ հայերեն։ Խանզադյանի ժառանգությունն ամբողջացնող գրքում ներառվելու են նրա ձեռագրերը, ատլասները, անցած ուղին, կյանքը, մտորումները հոդվածների գիտական ժողովածուն եւ այլն։


Սեն Հովհաննիսյանի խոսքով՝ աշխարհին հայերը տվել են երկու խոշոր քարտեզագիր՝ Զատիկ Խանզադյան եւ Ադմիրալ Իսակով։


«Համաշխարհային քարտեզագրության պատմության մեջ, եթե տասը հոգի կա, ապա առաջին եռյակում են նրանք»,- նկատում է «Արմենպրես»-ի զրուցակիցն ու բացատրում, թե ինչումն է կայանում նրանց մեծությունը քարտեզագրության ոլորտում։


«Իսակովը աշխարհում առաջին անգամ իր խմբագրությամբ ստեղծեց ծովային ատլաս։ Մինչ այդ օգտագործում էին բրիտանական ծովային ատլասը, որտեղ բրիտանացիները հիմնականում տալիս էին իրենց ծովային ուղիները մինչեւ ափամերձ շրջանը։ Խորհրդային միության ժամանակներում Ստալինն Իսակովին առաջարկեց ծովային ատլասի համար խումբ ստեղծել։ Երկար տարիներ աշխատեցին այդ ուղղությամբ, արդյունքում ստեղծվեց այնպիսի ատլաս, որի մեջ ներառվեցին աշխարհի բոլոր ծովային երկրներն, ափամերձ շրջանները, նավահանգիստները»,- ասաց Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ Իսակովը միայն ծովակալ չէր, նա նաեւ քարտեզագետ եւ խմբագիր էր, խոշոր ազդեցիկ դեմք։


Անդրադառնալով Զատիկ Խանզադյանին՝ Սեն Հովհաննիսյանն ասաց, որ նա այնպիսի բարձր կրթություն եւ հեղինակություն է ունեցել, որ դարձել է Ֆրանսիայի գլխավոր քարտեզագիրը, ստեղծել է Ալժիրին, Մերձավոր Արեւելքին վերաբերող, եւ այլ բազմաթիվ ատլասներ։


«Խանզադյանը երիտասարդ տարիքում այնպիսի հեղինակություն ուներ, որ 1919թ․-ին դարձավ Ազգերի լիգայի գլխավոր քարտեզագիր։ Այդ տարիների ընթացքում, երբ հասկացավ, որ Ազգերի լիգայում Հայաստանը չեն ճանաչում, չգիտեն, պատճենահանեց Հայաստանին վերաբերող բոլոր քարտեզները եւ անվճար բաժանեց լիգայի անդամներին։ Նա իր տան նկուղում տղայի եւ փեսայի հետ միասին պատրաստեց Հայաստանի 1920 թ․-ի պատմական ատլասն ու դրեց Ազգերի լիգայի ներկայացուցիչների սեղանին, որպեսզի ճանաչեն մեր երկիրը»,-նշեց Հովհաննիսյանը։


Նրա խոսքով՝ այս քարտեզներն այնպիսի «ռումբ» էին, որ եթե օգտագործվեին, շատ պետություններ կվերանային, այդ թվում ՝ Թուրքիան։


«Խանզադյանը նաեւ հրաշալի նկարել է»,- ասում է Հովհաննիսյանը եւ ցույց տալիս նրա նկարազարդ քարտեզները։ Ասում է՝ բոլոր ժամանակներում քարտեզագիրը պետք է նաեւ նկարել իմանար, Խանզադյանը ֆանտաստիկ է արել այդ գործը։


«Նա մեծ հայ էր, ղեկավարում էր Սեւրի «Սամվել Ռաֆայելյան» վարժարանը եւ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր։ Զատիկ Խանզադյանը շատ մեծ գործեր է արել։ Մահացավ Փարիզում, հուղարկավորվեց շատ պատվավոր ձեւով, ինչպես Շառլ Ազնավուրը, եւ վայելում էր այն հեղինակությունն, ինչն՝ Ազնավուրը»,-եզրափակեց մեր զրուցակիցս։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր