Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ          Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը       Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները    

07 նոյ 2022 15:10

Հարավային Կովկասում ռուս-իրանական համակարգումը՝ Արևմուտքի թիրախում․ ի՞նչ վերադիրքավորում է ընթանում տարածաշրջանում

Ուկրաինական պատերազմին զուգահեռ՝ Հարավային Կովկասում արևմտյան ներգրավման փորձերին զուգահեռ, ռեգիոնալ խաղացողները փորձում են առաջ մղել 3+3 կամ, ավելի ճշգրիտ՝ Վրաստանի չմասնակցության պայմաններում 3+2 նախաձեռնությունը։
Հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ բանակցություններից հետո Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների տեղակայումը և արևմտյան ներկայության հետագա ընդլայնման հեռանկարը մտահոգում է ոչ միայն Ռուսաստանին, որը հանդես է գալիս այս ամենի դեմ, սակայն, ներկայիս իրավիճակով պայմանավորված, չունի ազդեցության մեծ ռեսուրս, այլև Իրանին, որը էականորեն ընդլայնելով հայ-իրանական կոնտակտները, ինչպես նաև քաղաքական ներկայությունը Սյունիքում, հստակ ուղերձներ է հղում Երևանին ու Բաքվին, որ ռեգիոնում անցկանկալի է օտարերկրյա ներկայություն։


«Իրանը դեմ է, որ տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում, ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ։


Մեզ համար շատ կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում, ինչպիսին է «3+3» պլատֆորմը»,- ասել էր ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանը Երևանում հոկտեմբերի 21-ին:


 
Այս պլատֆորմից Աբդոլլահիանը խոսել էր նաև Փաշինյանի հետ հանդիպմանը։


Հարկ է հիշեցնել, որ այս այցի ընթացքում խոսվեց հայ-իրանական հարաբերություններում ճանապարհային քարտեզի մասին, իսկ սրան հաջորդեց հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ բանակցություններից հետո Փաշինյանի կարճատև այցն Իրանի Իսլամական Հանրապետություն։


Սրան զուգահեռ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ ունեցավ Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարներ Մևլյութ Չավուշօղլուի և Ամիր Աբդոլլահիանի հետ, քննարկելով իրավիճակը և անվտանգությունը նաև Հարավային Կովկասում։ Իրան-ԱՄՆ հարաբերություններում ևս վերջին մեկ ամսվա ընթացքում դիվանագիտական հայտարարությունների մակարդակով նոր սրացում է նկատվում, որը նաև զուգորդվում է Ռուսաստանին իրանական ԱԹՍ-ների վաճառքի թեմայով ու այս առնչությամբ արևմտյան քննադատությամբ՝ ուղղված Իրանին։ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է, և ավելի ու ավելի տարօրինակ հայտարարություններ են հնչում ԱՄՆ-ից։


Օրերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է «ազատել» Իրանին։ «Մի՛ անհանգստացեք, մենք պատրաստվում ենք ազատել Իրանը։ Իրենք իրենց արդեն շատ շուտով կազատեն»,- հանկարծակի ասել էր Բայդենը։ ԱՄՆ Պետքարտուղարությունը նաև Հայաստանին ու Ադրբեջանին ուղղված նախազգուշական դիվանագիտական հայտարարություն էր արել ռուս-իրանական տանդեմի վերաբերյալ։


168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ Հարավային Կովկասում ռուս-իրանական համակարգում է ընթանում։ Սա, նրա խոսքով, բավարարում է և ծառայում Ռուսաստանի ու Իրանի ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական շահերին, քանի որ Արևմուտքի ակտիվ քաղաքականությունը Հարավային Կովկասում ոչ ՌԴ-ի, ոչ Իրանի շահերից չի բխում, իսկ համակարգումը թույլ է տալիս ՌԴ-ի թուլացած ազդեցությունը լցնել իրանականով։


«Ինչպես տեսնում ենք, սա ևս արժանանում է ԱՄՆ քննադատությանը, քանի որ ԱՄՆ-ը նկատում է Իրանի ազդեցության ընդլայնումը։


Նկատենք նաև, որ Թուրքիայի դերին Հարավային Կովկասում ԱՄՆ-ը չի անդրադառնում, այստեղ կա տարբերակում։ ԱՄՆ-ի համար սպառնալիք է այստեղ դիտարկվում Իրանն ու ՌԴ-ն։ Այս ամենի ֆոնին պատահական չէ, որ կրկին քննարկվում է տարածաշրջանում վեցակողմ պլատֆորմ ներդնելու հնարավորությունը։ Այստեղ Վրաստանի դեմ դիրքորոշումն է խոչընդոտ, բայց հայ-ադրբեջանական թեմատիկան այսօր հետաքրքրում է նաև Վրաստանին՝ միջնորդական ջանքերի հեռանկարի հարցով։


Ուստի չի բացառվում, որ հնարավոր լինի հայ-ադրբեջանական թեմատիկայով կապել ռեգիոնը, լուծել անվտանգային բոլոր խնդիրները, հատկապես, երբ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց կողմից իրենց հարաբերությունները Հայաստանի հետ մեկ փաթեթով են քննարկում։ Հարավային Կովկասում փորձ է արվում գեոպոլիտիկ ազդեցության փոփոխություն գրանցել արտատարածաշրջանային ուժերի միջոցով, սակայն տարածաշրջանային տերություններն էլ իրենց հերթին են վերադիրքավորվում այնպես, որը բխում է իրենց իսկ շահերից»,- ասաց վերլուծաբանը՝ ամփոփելով, որ վերադիրքավորում ընթանում է երկու մակարդակում՝ և ռեգիոնում ռեգիոնալ ուժերի միջև, քանի որ ՌԴ ուկրաինական պատերազմի ֆոնին կենտրոնացել է մեկ ուղղության վրա, և աշխարհում՝ ռեգիոնալ ուժերի և Արևմուտքի միջև։ «Ինչով կավարտվի այս մեծ գործընթացը, բարդ է ասել»,- ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր