Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

09 հուն 2023 17:14

Արդյո՞ք H1N1 վիրուսը հայտնի «խոզի գրիպն է».H1N1-ի համար կա նաև հատուկ դեղամիջոց

Հայաստանն այս պահին գտնվում է գրիպի և սուր-շնչառական վարակների ակտիվության շրջանում։ Չնայած ակտիվ փուլի միջին մակարդակում ենք, սակայն հիվանդացության աճը պահպանվում է։ Հիմնականում շրջանառվում է H1N1 վիրուսը։

Նշենք՝ այս վիրուսի հետևանքով Հայաստանում արդեն 2 մահվան դեպք է գրանցվել: Մահացած պացիենտները 35 տարեկան էին: Ընդ որում, նրանցից մեկն ունեցել է խրոնիկ հիվանդություններ, 4-րդ աստիճանի ճարպակալում:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ H1N1 գրիպի տեսակով վարակվածության վերջին դեպքը մեզ մոտ գրանցվել էր 2018 թվականին։ 2019 թվականին շրջանառվում էր H3N2 տեսակը, իսկ արդեն 2020-2021 թթ. քովիդի համավարակն էր ճնշել այլ վարակներին:

«Թե՛ պոլիկլինիկա, թե՛ հիվանդանոցների և շտապ օգնության դիմելիության կանչերի ցուցանիշները բարձր են։ Այս պահի դրությամբ ունենք 622 հիվանդ, որոնք բուժում են ստանում ՀՀ տարբեր ԲԿ-ներում, հիվանդների 95 տոկոսը 0-18 տարեկան է։ 95 տոկոսից 74 տոկոսն էլ կազմում են 0-4 տարեկան երեխաները։ Այսինքն՝ ամբողջ ծանրաբեռնվածությունը երեխաների մասով է, քանի որ նրանք համարվում են խոցելի խումբ»,- ասում է Խաչատրյանը։

218 հիվանդ էլ այս պահին բուժում է ստանում թոքաբորբ հիվանդության դեմ, որից 54 տոկոսը ևս 0-18 տարեկան երեխաներն են։ Համաճարակաբանը նշում է՝ թվերի այս բարձր ցուցանիշը կապ ունի և՛ վիրուսի ակտիվության հետ, և՛ մարդկանց ուշ դիմելիության։ Յուրաքանչյուր տարի այս սեզոնին ակտիվությունը զգացվում է, վիրուսների տարածման նպաստավոր պայմաններն են մարդաշատ վայրերը, փակ տարածքները՝ առանց օդափոխման, վիրուսակիր մարդկանց հետ շփվելը։

«Այս ակտիվ ցուցանիշն առկա է Եվրոպական և մեր տարածաշրջաններում։ Վիրուսի ախտանշանները՝ H1N1-ի, տևում են մի քանի ժամից մինչև 3 օր։ Հատկապես ակտիվ է առաջին փուլը, երբ անձը ախտանշաններ ունի, բայց, միևնույն է, գնում է աշխատանքի, հյուր, շփվում այլ մարդկանց հետ և տարածում վարակը»,- ասում է համաճարակաբանը։

Հարցին՝ իսկ արդյոք H1N1 վիրուսը հայտնի «խոզի գրի՞պն է», Խաչատրյանը մանրամասնում է՝ սա սեզոնային գրիպի տեսակ է, որը փոխանցվում է մարդուց մարդ, այլ ոչ թե խոզից մարդուն, ինչպես 2009 թվականի համավարակի դեպքում էր․ «H1N1 գրիպի ենթատեսակի հարուցիչը H1N1 վիրուսն է, որը 2009 թ-ին Մեքսիկայում «խոզի գրիպի» համաճարակի բռնկման պատճառ դարձավ։ 2010 թ-ին ԱՀԿ-ն հայտնեց համաճարակի ավարտի մասին, իսկ H1N1-ը վերածվեց սեզոնային գրիպ հարուցող շտամներից մեկի։ Երբ սկսվեց փոխանցվել մարդուց մարդ, ունեցանք ծանր և մահվան դեպքեր, և դրանից հետո այն դարձավ սեզոնային գրիպ»։

Շնչառական վարակները բազմազան են, դրանց ախտանշանները՝ նույնպես՝ սկսած պարզապես քթահոսությունից, կոկորդի ցավից, գլխացավերից, մկանացավերից։ Գրիպը առավել ծանր է ընթանում: H1N1-ի ախտանշանները հետևյալն են՝ բարձր ջերմություն, մկանացավ, գլխացավ, դող, սրտխառնոց, փորլուծություն, հարբուխ։ Ընդհանուր առմամբ ախտանշանները նույն են, տարբեր է օրգանիզմի արձագանքն ու իմունային համակարգը։ Գրիպի այս տեսակի խոցելի խմբերը հղիներն են, 6 ամսականից մինչև 4 տարեկան երեխաները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները, 65-ից բարձր տարիքի անձինք։

Վիրուսի կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս՝

Պատվաստվել գրիպի դեմ, որը վիրուսի կանխարգելման արդյունավետ միջոցներից է և նվազեցնում է հիվանդանալու ծանր ընթացքը:
Ձեռքերը հաճախակի ու մանրակրկիտ լվանալը, կամ եթե չկա լվացվելու հնարավորություն, սպիրտային հիմքով ախտահանող միջոցների օգտագործումը։
Հազալու և փռշտալու ժամանակ բերանն անձեռոցիկով կամ արմունկով փակելը։ Դեմքին, հատկապես՝ աչքերին, քթին ու բերանին, դիպչելուց խուսափելը:
Պարբերաբար ախտահանել այն մակերեսները, որոնց հաճախակի եք դիպչում, վիրուսի տարածումը կանխելու համար։ Մարդաշատ վայրերից, գրիպով հիվանդ մարդկանց հետ շփումից հնարավորինս խուսափելը։
H1N1-ի համար կա նաև հատուկ դեղամիջոց, որը տրվում է հիվանդներին նրանց տարիքին և հիվանդության ընթացքին համապատասխան։

ՀՎԿԱԿ-ի մասնագետը զգուշացնում է՝ կարևոր է խուսափել ինքնաբուժությունից և ժամանակին դիմել բուժօգնության՝ մինչ բարդացումները կդրսևորվեն կլինիկական ծանր ախտանշաններով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր