Շատ մեծ պայքար է գնում նոր աշխարհակարգի համար, և մենք այդտեղ չենք կարող ՀՀ-ն դնել զոհասեղանին․Աշխարհում չկա և չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չճանաչի որպես Ադրբեջանի մաս

«Կա պայմանավորվածության արձանագրում, որ ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են՝ հիմնվելով 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա։ Բայց մեր մտահոգությունն այն է, որ Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում անընդհատ ասում է՝ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ենթադրում եմ, հղվելով Պրահայի փաստաթղթին, բայց չի ասում, որ Ադրբեջանն էլ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Էստեղ ավելի կարևոր է նախ այդ հարցում պարզաբանում մտցնել, Ադրբեջանը ճանաչո՞ւմ է ՀՀ տարածքային ամբողջականությունը, եթե այո, ՀՀ-ն էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,-ասաց նա՝ նշելով, որ ինքն այդ մասին խոսել է նաև իր հրապարակային ելույթներում։
«Մենք պետք է մի հարցում կողմնորոշվենք, արդյոք մենք որոշում ենք, որ միջազգային հանրության դեմ կռիվ ենք տալիս։ Այսինքն՝ պատերազմ ենք հայտարարում միջազգային հանրությանը, մենք տեսնում ենք աշխարհում ինչ է կատարվում, և նաև Ուկրաինայի իրադարձությունների տիրույթում շատ մեծ պայքար է գնում նոր աշխարհակարգի վերաբերյալ, և այդ նոր աշխարհակարգում մենք չենք կարող Հայաստանի Հանրապետությունը դնել զոհասեղանի վրա։
Աշխարհում չկա և չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չճանաչի որպես Ադրբեջանի մաս։ Եվ մենք ունենք ընտրություն՝ դասավորվել միջազգային զարգացումների տրամաբանության մեջ, թե հակառակ այդ տրամաբանությանը։ Երկուսն էլ ընտրություն են, երկուսն էլ ունեն արդյունք կամ հետևանք։ Մեր ընտրությունը պետք է լինի դրա մեջ։ Մենք ընտրում ենք խաղաղության օրակարգը, բայց դա չի նշանակում, որ մենք խաչ ենք քաշում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների և անվտանգության հարցերի վրա, դրանք շատ կարևոր հարցեր են և պետք է հասցեագրվեն։ Բայց այդ հասցեագրման հասցեատերը պետք է լինի ԼՂ ժողովուրդը»,-ասաց նա: