Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

12 հուն 2023 15:40

Սեյրան Օհանյանի մտքով երբևէ անցե՞լ է զանգել ՀԱՊԿ ու իր կոլեգաներին հարցնել՝ ի՞նչ առաքելության եք դուք կոչված՝ կոլեկտիվ պաշտպանությա՞ն, թե՞ անդամ պետություններից մեկի նկատմամբ «երկակի խաղեր» խաղալու

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը, արձագանքելով ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունները ՀՀ-ում այս տարի չանցկացնելու փաստին, հայտարարել է, թե հիշյալ զորավարժությունները ռազմական տեսանկյունից Հայաստանին օգուտ էին տալու։ «Այսօր պետության ներսում հրաժարվել զորավարժություններից, նշանակում է թույլ աշակերտին չսովորեցնել, որ իր գիտելիքները, ունակությունները բարձրացնի: Հրաժարվել միջազգային զորավարժություններից՝ նշանակում է հրաժարվել այդ ուղղությամբ միջազգային փորձի փոխանակումից»,- հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Ս․ Օհանյանը միաժամանակ պատասխանելով հարցին՝ ադրբեջանամետ պետություններից կազմված կառույցի կողմից իրականացվելիք զորավարժությունը Հայաստանին ի՞նչ օգուտ էր տալու, նշել է․ «Ես չեմ կարծում, որ ադրբեջանամետ պետություններ են: Իհարկե, այդ պետություններն ունեն հարաբերություններ Ադրբեջանի հետ: Ես չգիտեմ՝ Լուկաշենկոն ինչ է ասում, դա նշանակում է, որ ՀՀ իշխանություններն են բերել հասցրել այս վիճակին՝ երկակի գործողություններ իրականացնելով, երկակի խաղեր խաղալով: Տարիներ առաջ այդ զորավարժություններն անցկացվել են Հայաստանում և այլ երկրներում, և ՀՀ զինված ուժերը առաջատարներից մեկն են եղել»:
Անհույս գործ է՝ ընդդիմությունից ակնկալել ադեկվատ և փաստարկված գնահատականներ ՀՀ անվտանգային խնդիրների, սպառնալիքների, դրանց լուծման վերաբերյալ։ Անցած մեկուկես տարիների ընթացքում ընդդիմությունը զբաղված է եղել ոչ թե պետությանն աջակցելով՝ իր փորձառությունն ի սպաս դնելով երկիրը հետպատերազմական իրավիճակից արագ հանելու համար, այլ լեգիտիմացնելով Ադրբեջան-Թուրքիա-ահաբեկիչներ ալյանսի գործողությունները՝ սեփական երկրին մեղադրելով 44-օրյա պատերազմը սադրելու մեջ։ 2021 թ․-ին ՀՀ ադրբեջանական ներխուժումից հետո էլ, երբ ՀԱՊԿ-ը անգործություն ցուցաբերեց՝ չկատարելով ՀՀ-ի նկատմամբ իր պարտականությունները, նույն ընդդիմությունը ՀԱՊԿ-ի առաջ պահանջներ դնելու փոխարեն ՀՀ-ին էր մեղադրում այդ կազմակերպության հետ հարաբերությունները փչացնելու ու, այսպիսով, ռազմական աջակցությունից զրկվելու համար։ Այնպես որ, այսպիսի որակի քաղաքական խմբակի ներկայացուցչի մտքի արգասիքը՝ «երկակի խաղեր խաղալու» մասին, տեղավորվում է վերը նկարագրված՝ սեփական երկրի իշխանության դեմ «գործ տվողի» տրամաբանության շրջանակում։
 
Բայցևայնպես «երկակի խաղեր տալու» մասին թեզի հեղինակներին մի հարց ենք ուզում տալ. երբ Սերժ Սարգսյանը, լինելով ՀԱՊԿ անդամ երկրի ղեկավար, մասնավորապես ապրիլյան պատերազմից հետո՝ 2017-ին, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսում «ուրախությամբ փաստում» էր, որ «այդ քառորդ դարի ընթացքում մեր փոխգործակցությունն աճել ու շարունակաբար համալրվել է նոր բովանդակությամբ՝ դառնալով ՀՀ բազմաշերտ անվտանգության համակարգի բաղադրիչներից մեկը», արդյոք «երկակի գործողություննե՞ր էր» իրականացնում։ ՀԱՊԿ-ից չէի՞ն բողոքում «բազմաշերտության» դեմ։ Երբ նույն ասուլիսում նույն Սարգսյանը խոսում էր այն մասին, թե «աշխարհն այսօր փոխկապակցված է», և «այլևս չկան առանձին պետությունների անվտանգային մարտահրավերներ, դրանք պատկանում են առանձին երկրների և բոլորին», արդյոք «երկակի խաղե՞ր էր» տալիս՝ միաժամանակ ակնկալելով, որ «ողջ միջազգային հանրությունը միավորվի» ԼՂ խնդրի «քաղաքակիրթ լուծման շուրջ՝ աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»:
Վերադառնանք Սեյրան Օհանյանի հնչեցրած մյուս մտքին. նրա պես սոլիդ փորձառությամբ զինվորականը, որը խորքից գիտի հայկական բանակն ու մեր անվտանգային համակարգի խնդիրները և պաշտոնի բերումով նախկինում առնչվել է ՀԱՊԿ կոչվող կառույցի «պերճանքին ու թշվառությանը», փաստորեն նորմալ է համարում այն, որ ՀԱՊԿ-ը զորավարժություն իրականացնի մի երկրում, որի նկատմամբ ամիսներ առաջ տեղի ունեցած ռազմական ագրեսիային ոչ միայն չարձագանքեց, այլև այդպես էլ քաղաքական գնահատական չտվեց։ Իսկ այժմ, փաստորեն, այդ նույն ՀԱՊԿ-ը պետք է «ցուցադրական միջոցառում» իրականացնի ագրեսիայի ենթարկված, «թույլ աշակերտի» կարգավիճակի բանակ ունեցող երկրում, որի սուվերեն տարածքի օկուպացված հատվածներից ագրեսորը դեռևս դուրս չի բերել իր զորքերը։

Ի դեպ, քանի որ Օհանյանը հիշեցրեց տարիներ առաջ ՀՀ-ում տեղի ունեցած զորավարժությունների մասին, ապա հարկ ենք համարում նրան հիշեցնել 2012 թ․-ին ՀՀ-ում առաջին անգամ անցկացված՝ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2012» քառօրյա համատեղ զորավարժությունների ժամանակ ՀԱՊԿ միասնական շտաբի կառավարման պետ, գեներալ-մայոր Անատոլի Յակովլևի պատասխանը այն հարցին, թե կա՞ն արդյոք մշակված սցենարներ կազմակերպության անդամ երկրներից մեկի նկատմամբ ռազմական ագրեսիայի դեպքում, և որքան ժամանակ անց կարող է ՀԱՊԿ-ը ռազմական պատասխան հասցնել։ «Նման սցենար առկա է ՀԱՊԿ պայմանագրում՝ եթե ագրեսիա կիրառվի ՀԱՊԿ անդամ պետություններից որևէ մեկի նկատմամբ, ապա կիրականացվի համատեղ պաշտպանություն: Յուրաքանչյուր նման դեպքի կապակցությամբ (կախված իրավիճակից) ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշում են կայացնում արագ արձագանքման ուժերի կազմի ու քանակի վերաբերյալ: Կախված իրավիճակից՝ դրանք կարող են լինել զուտ բանակային ստորաբաժանումներ, կարող են լինել նաև հատուկ նշանակության զորամիավորումներ: Ուստի յուրաքանչյուր դեպքի համար զորամիավորման մեծությունը կարող է տարբեր լինել, տարբեր կլինի նաև այդ ուժերի ծավալման համար նախատեսված ժամանակահատվածը»:

Նշենք, որ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի ամենամյա զորավարժությունները անցկացվում են 2009 թվականից ի վեր, երբ կազմակերպության անդամ երկրների ղեկավարների որոշմամբ ստեղծվեցին այդ զորամիավորումները՝ ռազմական ագրեսիային ու միջազգային ահաբեկչությանը դիմագրավելու համար:

Հետաքրքիր է՝ Օհանյանի մտքով երբևէ անցե՞լ է զանգել ՀԱՊԿ-ում պաշտոն զբաղեցնող իր կոլեգաներին ու հարցնել՝ թանկագին ընկերներ, ի՞նչ առաքելության եք դուք կոչված՝ կոլեկտիվ պաշտպանությա՞ն, թե՞ անդամ պետություններից մեկի նկատմամբ «երկակի խաղեր» խաղալու։ Գուցե չե՞ք կողմնորոշվում Ադրբեջանի՝ ՀՀ-ի նկատմամբ իրականացրած գործողություններին գնահատական տալու հարցում՝ ռազմական ագրեսիա՞, թե՞ միջազգային ահաբեկչություն։ Իսկ գուցե այդ երկուսը միաժամանա՞կ։
medianews.site

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր