Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

17 հուն 2023 16:31

ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի դեմ կայացված 6 վճիռ կա, որոնք Ադրբեջանը չի կատարում. իսկ ինչո՞ւ ԵԽ-ի կողմից չի պարտադրվում Ադրբեջանին կատարել այդ վճիռները

Civic.am-ի զրուցակիցն է ՀՀ արդարադատության նախկին նախարար, փաստաբան, գերիների, անհետ կորածների, սպանվածների իրավունքների խախտման հարցերով զբաղվող Արտակ Զեյնալյանը։


— Պարոն Զեյնալյան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով: Ի՞նչ ակնկալենք Նախարարների կոմիտեից, ինչպե՞ս է դա վերահսկվելու, ակնկալե՞նք առաջիկայում միջանցքի բացում, թե՞ այդ վերահսկումն ընդամենը քաղաքական երանգ ունի։


— Իհարկե, Նախարարների կոմիտեն քաղաքական մարմին է, սակայն դատարանը արդարադատության՝ իրավունքի ոլորտում քաղաքականություն ձևավորող, փոփոխող մարմին է և շատ ավելի դատական իշխանություն է, քան քաղաքական՝ համեմատած Նախարարների կոմիտեի հետ։ Նախարարների կոմիտեն տվյալ դեպքում դատական ակտերի կատարման հսկողության մարմին է, Հայաստանի ներկայացուցիչը պատշաճ ինֆորմացիայով ապահովել է Եվրոպական դատարանին, և դատարանը գնահատել է, որ չի կատարվում Եվրոպական դատարանի՝ իր որոշումը և ներկայացրել է կատարման՝ Նախարարների կոմիտե։ Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ որոշման կատարումը պետք է ապահովի Նախարարների կոմիտեն։ Ադրբեջանը Նախարարների կոմիտեին պետք է ներկայացնի քարտեզ, գործողությունների պլան՝ ինչպես է այն կատարելու, և պետք է զեկուցի Նախարարների կոմիտեում այդ վճռի կատարման ընթացքի վերաբերյալ, և նախարարները՝ երկրների ներկայացուցիչները, պետք է դրա վերաբերյալ արտահայտեն իրենց դիրքորոշումը՝ որքանո՞վ է այն կատարվում կամ չկատարվում։ Ի վերջո, կարող է դա հանգեցնել Եվրոպայի խորհրդի վեհաժողովի գործողություններին և նաև դատարանի գործողություններին։


Հրատապ միջոցը միջանկյալ միջոցն է մինչև հիմնական դատական ակտի կատարումը, և Եվրոպական դատարանը կարող է նկատի ունենալ դա և հաշվի առնել՝ արդյոք Ադրբեջանը կատարո՞ւմ է իր պարտավորությունները, որոնք ստանձնել է Եվրոպայի խորհրդի առջև, և կատարո՞ւմ է արդյոք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով  ստանձնած իր պարտավորությունները, որոնք նաև Ադրբեջանի Սահմանադրության ուժով հանդիսանում են Ադրբեջանի ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս, ունեն ներպետական իրավական ակտերի նկատմամբ բարձրագույն իրավաբանական ուժ և, այդպիսով հանդերձ, Ադրբեջանի կառավարության պարտականություններն են։


 
— Տեղյա՞կ եք գործողությունների կատարման ժամկետներից, ե՞րբ պետք է Ադրբեջանը Նախարարների կոմիտեին ներկայացնի գործողությունների պլանը, և ինչքա՞ն կտևի այդ գործընթացը՝ մինչև նախարարները դիրքորոշում հայտնեն։


— Դրանք պետք է արվեն նիստերի ժամանակ, ոչ թե ուղարկվեն յուրաքանչյուր պետության՝ կարծիք լսելու համար։ Նիստերի ժամանակ երբ զեկուցվում է կատարման հարցը, նաև դրա վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտում նախարարները։ Այդ վճռի կատարման քարտեզի վերաբերյալ կարող են ալտերնատիվ քայլերի ամբողջականություն ներկայացնել նաև ԵՄ անդամ երկրները, և յուրաքանչյուր իրավապաշտպան՝ իրավաբանական անձ, կարող է ներկայացնել իր զուգահեռ առաջարկը, թե ինչպես պետք է կատարվի վճիռը։  ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այստեղ զգալի անելիք ունի։
Հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ հսկողություն իրականացնելու պահանջ Եվրոպական դատարանն էլի է ներկայացրել Նախարարների կոմիտե, և դա չի կատարվել, ուստի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեծ անելիք ունի։


— Ո՞ր միջանկյալ որոշման մասին է խոսքը, որը չի կատարվել Ադրբեջանի կողմից, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ԱԳՆ-ն։


— 44-օրյա պատերազմի ժամանակ կայացված հրատապ միջոցների մասին որոշումները։ ԱԳՆ-ն պետք է շատ ակտիվ լինի այս ուղղությամբ, նաև մեր դեսպանությունն ու Եվրոպայի խորհրդում Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունն ու անդամները պետք է մեծ ակտիվություն ցուցաբերեն։ Մարդու իրավունքների պաշտպանը հանձնակատարի հետ մշտապես պետք է աշխատի վճիռների կատարման ուղղությամբ։ Զգալի անելիքներ կան, ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանի դեմ կայացված 6 վճիռ կա Եվրոպական դատարանի կողմից, որոնք Ադրբեջանը չի կատարում, անգամ չի վճարում արդարացի փոխհատուցման վնասը՝ իրավունքի խախտման զոհերի։ Սա նշանակում է Ադրբեջանը չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, չի կատարում Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները, ինչը վավերացրել է։ Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանին իր կազմ ընդունել է նախապայմանով, իսկ Ադրբեջանը խախտում է նախապայմանները և դրա համար պետք է պատժվի՝ կրի այն հետևանքները, որոնք ինքը նախապես իմացել է, որ կարող է կրել՝ հնարավոր է, որ վրա կհասնեն, եթե չկատարի Եվրոպական կոնվենցիայի սկզբունքները։


— Մենք տեսնում ենք, որ նոր տնտեսական հարաբերություններ են զարգանում ԵՄ-ի և Ադրբեջանի միջև՝ գազի, այնուհետև էլեկտրաէներգիայի մատակարարում Ադրբեջանի կողմից։ Հնարավո՞ր է այս քաղաքական շահի վրա աչք փակել ու պարտադրել Ադրբեջանին ի կատար ածել ՄԻԵԴ վճիռները։


— Դուք բարձրացնում եք հետևյալ հարցը՝ արդյոք եվրոպական երկրները կախվածության մեջ չե՞ն Ադրբեջանից։ Ադրբեջանի վաճառած էներգակիրները Եվրոպայի պահանջարկի չնչին մասն են կազմում, և Ադրբեջանը շատ մեծ կարիք ունի իր էներգակիրները վաճառելու։ Ասեմ ավելին՝ Ադրբեջանը իր էներգակիրները չի, որ վաճառում է, նա ընդամենը ռուսական էներգակիրների վաճառքի դիլերն է։ Եվ Ադրբեջանն այսօր նաև կախվածության մեջ է Ռուսաստանից, և դրա դիմաց առևտուր կա՝ Ռուսաստանն Ադրբեջանին ինչ-որ բան վաճառում է դրա դիմաց, այստեղ շահերը շատ ավելի բազմաշերտ են և խճճված։ Ուստի պետք չէ մտածել, որ Եվրոպայի խորհուրդը այդ մի քանի տոկոս էներգակիրների համար պետք է ծնկի գա։


— Այս դեպքում ինչո՞ւ Եվրոպայի խորհրդի կողմից չի պարտադրվում Ադրբեջանին կատարել այդ վճիռները։


— Ճնշում կա այդ ուղղությամբ, բայց այն մեզ չի գոհացնում ու տարակուսանք է առաջացնում՝ ինչո՞ւ բավարար ճնշում չի գործադրվում, որպեսզի Ադրբեջանը կատարի այդ վճիռները։ Այստեղ շատ լուրջ անելիք ունեն մեր գործադիր, օրենսդիր իշխանությունը և քաղհասարակությունը։ Այս թեման մշտապես պետք է տաք պահվի, և ճնշումներ գործադրվեն այն նորմերի վրա, որոնք ազդողունակ են Ադրբեջանի վրա։ Ուզում եմ արձանագրել, որ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գործունեությունը բավական արդյունավետ է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր