Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

06 մար 2023 14:03

Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացին դատապարտվել է «Հյուսիս-Հարավի» տեխհսկողություն իրականացնողին Հայաստանից անարգել փախցնելու համար

Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացին դատապարտվել է «Հյուսիս-Հարավի» տեխհսկողություն իրականացնողին Հայաստանից փախցնելու համար
2019թ. հոկտեմբերին Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացի Բրանիսլավ Դիմիտրիևիկը (Branislav Dimitrijevikj) Հայաստանի սահմանը հատել է նույն երկրի մեկ այլ քաղաքացու՝ Զորան Սպիրևի անձնագրով: Բ. Դիմիտրիևիկին Հայաստանը լքելուն օժանդակող խմբի մեջ է եղել ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկոսկին (Mile Milenkoski):


Բրանիսլավ Դիմիտրիևիկը «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարն էր:


Գլխավոր դատախազությունում 2018թ. սեպտեմբերի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ» հատկանիշներով  (Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մաս): «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց կողմից 2009-2018թթ. ընթացքում կատարվել են առերևույթ հանցավոր արարքներ: Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:


Բացի այն, որ նախատեսված ժամկետների խախտմամբ՝ շուրջ 9 տարի, չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, գույքային առումով պետության օրինական շահերին պատճառվել է 23 մլրդ 553 մլն դրամի վնաս:


2018թ. դեկտեմբերի 6-ին առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանք է առաջադրվել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության քաղաքացի Բրանիսլավ Դիմիտրիևիկին: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ արգելելով լքել Հայաստանի տարածքը:


Գործից մաս է առանձնացվել, քանի որ Դիմիտրիևիկը, օգտագործելով իր համերկրացու անձնագիրը, շրջանցել է արգելքն ու հեռացել Հայաստանից


Առանձնացված մասը վերաբերում է Դիմիտրիևիկին աջակցողներին: Ըստ այդմ՝ Բրանիսլավ Դիմիտրիևիկը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության քաղաքացիներ Վլադիմիր Սարաֆովի, Միլե Միլենկոսկիի, Ստևո Սիմսկիի, Զորան Սպիրևի, Բուլղարիայի Հանրապետության քաղաքացի Ֆիլիպ Սպիրևի և Ուկրաինայի քաղաքացի Վոլոդիմիր Ստոլյարչուկի հետ, 2019թ. ստեղծել են կազմակերպված խումբ: Վերջիններս ծրագրել ու մշակել են, որ Բրանիսլավ Դիմիտրիևիկն ապօրինի օգտագործելով Զորան Սպիրևի անձնագիրը, լքի երկիրը, քանի որ իր անձնագրով չի կարող դուրս գալ Հայաստանից: 


Բ. Դիմիտրիևիկը, Հայաստանը լքելու ճանապարհներ փնտրելիս, օգտվել է նաև նախկին գործընկերոջ՝ Գայանե Թունյանի վստահությունից: Նա իմացել է, որ Թունյանը Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների հետ լավ կապեր ունի:


Բ. Դիմիտրիևիկը խմբի անդամներ Վ. Սարաֆովին, Մ. Միլենկոսկիին, Ս. Սիմսկիին հայ գործընկերոջը ներկայացրել է իբր Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում աուտիկ երեխաների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպության անդամների: Թունյանին առաջարկել է նշված անձանց միջոցով Հայաստանի աուտիկ հիվանդների հիմնախնդիրներին ուղղված ծրագրեր իրականացնել: 


Գ. Թունյանին խնդրել է 2019թ. հոկտեմբերի 1-ին Երևան քաղաքի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում կազմակերպել նրանց ու ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը: Թունյանը, տեղյակ չլինելով Դիմիտրիևիկի ծրագրերի մասին, համաձայնել է:


Բ. Դիմիտրիևիկի նպատակն էր՝ քողարկել նշված անձանց՝ Հայաստան այցելելու իրական նպատակները, որպեսզի իրավապահ մարմինների մոտ կասկած չառաջանա:


Գայանե Թունյանը ««Հավասար հնարավորություններ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնություն» երիտասարդական հասարակական կազմակերպության ձևաթղթով Վլադիմիր Սարաֆովի և Բրանիսլավ Դիմիտրիևիկի էլեկտրոնային փոստերին է ուղարկել աուտիկ հիվանդների հիմնախնդիրներով շահագրգռված, ՀՀ-ում գործող կազմակերպությունների տվյալները և վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպման տեղի ու ժամի մասին:


Նախքան Հայաստան ժամանելը Զորան Սպիրևը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության քաղաքացու իր անձնագրի պատճենը տրամադրել է Սարաֆովին, Միլենկոսկիին, Սիմսկիին:


Վերջիններս Երևան ժամանելու եւ Բ. Դիմիտրիևիկի՝ Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու համար բարենպաստ օր ընտրել են 2019թ. հոկտեմբերի 1-ը: Այդ օրը Երևանում նախատեսված էր Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը: Մտածել են, որ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով տարբեր պետությունների պատվիրակությունների՝ ՀՀ ժամանելու և մեկնելու հանգամանքներով պայմանավորված՝ օդանավակայանում սահմանապահ զորքերի ծառայողները ծանրաբեռնված են լինելու: Հետևաբար, հեշտ կկարողանան այլ մարդու անձնագրով Դիմիտրիևիկին հանել երկրից:


Սարաֆովը, Միլենկոսկին, Սիմսկին իրենց և Զորան Սպիրևի անձնագրերի պատճենները, ինչպես նաև Բ.Դիմիտրիևիկի կազմակերպմամբ Գայանե Թունյանից ստացած շահագրգիռ կազմակերպությունների տվյալները տրամադրել են ավիաթռիչքներ սպասարկող «Rusaero» կազմակերպությանը:


Նշված կազմակերպությունն ամրագրել է 2019թ. հոկտեմբերի 1-ի՝ ոչ կանոնավոր Սկոպյե-Երևան-Սկոպյե ուղղությամբ Սարաֆովի, Միլենկոսկիի և Սիմսկիի՝ Հայաստան ժամանման չվերթը:


Չվերթն ամրագրելուց հետո Զորան Սպիրևը 2 օր շուտ՝ սեպտեմբերի 29-ին ժամանել է Երևան՝ «Զվարթնոց» օդանավակայան: Նրան դիմավորել է Բրանիսլավ Դիմիտրիևիկի աներորդին՝  կազմակերպված խմբի անդամ Վոլոդիմիր Ստոլյարչուկը: Նրա միջոցով էլ Սպիրևը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության քաղաքացու իր անձնագիրը փոխանցել է Բրանիսլավ Դիմիտրիևիկին:


 
Հոկտեմբերի 1-ին խմբի մնացած անդամները ևս ժամանել են Երևան «Զվարթնոց» օդանավակայան, նրանց դիմավորումը կազմակերպել է Վոլոդիմիր Ստոլյարչուկը: Վերջինիս պատվիրած տաքսի մեքենայի վարորդը նրանց դիմավորել և տեղափոխել է նախապես որպես հանդիպման վայր նշանակված «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոն: Հայաստան ժամանելու իրական նպատակը քողարկելու և իրենց «ապահովագրելու» նպատակով նրանք հանդիպել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Դրանից հետո նույն տաքսի մեքենայով մեկնել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհին գտնվող  «Կովկաս» ռեստորանային համալիր:


Այնտեղ նրանց են միացել նաև Բրանիսլավ Դիմիտրիևիկը և Վոլոդիմիր Ստոլյարչուկը: Ռեստորանից խմբի անդամները նույն օրը գնացել են «Զվարթնոց» օդանավակայան,  ապօրինի հատել պահպանվող պետական սահմանն ու մեկնել Հայաստանից:


Բրանիսլավ Դիմիտրիևիկն առանց դժվարության է հատել պետական սահմանը, քանի որ այդ օրը ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի ավագ հսկիչ Գևորգ Գևորգյանը պատշաճ չի ստուգել անձնագիրը:


Դիմիտրիևիկին սահմանն անցկացնելուց հետո խմբի անդամները կազմակերպել են Զորան Սպիրևի Հայաստանից վերադարձը: Հոկտեմբերի 5-ին Սկոպյե-Աթենք-Երևան չվերթով Ֆիլիպ Սպիրևը եկել է Հայաստան: Նա  Զորան Սպիրևին է վերադարձրել անձնագիրը և մեկնել երկրից:


Զորան Սպիրևը 2019թ. հոկտեմբերի 8-ին ձեռք է բերել Երևան-Սկոպյե ուղղությամբ չվերթի էլեկտրոնային նոր ավիատոմս և հոկտեմբերի 9-ին ուղևորվել «Զվարթնոց» օդանավակայան: Հսկիչ անցագրային կետի հսկիչը Զորան Սպիրևի անձնագրում (որով Դիմիտրիևիկը լքել էր ՀՀ տարածքը) հայտնաբերել է Հայաստան մուտքի կնիքի բացակայությունը և արգելել վերջինիս սահմանահատումը:


Հայաստանում գտնվող Զորան Սպիրևի և ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի ավագ հսկիչ Գևորգ Գևորգյանի վերաբերյալ գործն անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Սպիրևի նկատմամբ 2022թ. նոյեմբերի 11-ին կայացվել է մեղադրական դատավճիռ: Զորան Սպիրևը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման` 3 տարի 6 ամիս ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվել են 2019թ. հոկտեմբերի 29-ից, քանի որ այդ օրն է նա Հայաստանում կալանավորվել: Սպիրեւը պատիժը կրում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:  


Դատարանն ապացուցված է համարել, որ Զորան Սպիրևը, գործելով կազմակերպված խմբի կազմում, շահադիտական նպատակներով իր անձնագիրը տրամադրել է Բրանիսլավ Դիմիտրիևիկին՝ նրա կողմից այն ապօրինի օգտագործելու եղանակով Հայաստանի պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու համար:


Զորան Սպիրևն ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Նշել է, որ դեռևս Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում գտնվելու ժամանակ համաձայնություն է ձեռք բերել Վլադիմիր Սարաֆովի հետ և Հայաստան ժամանելուց հետո անձնագիրը նրա միջոցով փոխանցել է Բրանիսլավ Դիմիտրիևիկին՝ Հայաստանի սահմանը հատելու համար:


Ըստ Զորանի ցուցմունքի՝ անձնագրի դիմաց Սարաֆովը խոստացել է տալ 1000 եվրո և տեղավորել աշխատանքի: Սակայն, իրեն խաբել են, անձնագիրը վերցրել ու գումարի մի մասը չեն տվել:


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Զորան Սպիրևի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է համարել ինքնախոստովանական ցուցմունքն ու կատարած արարքի համար զղջալը: Բացի այդ, նա դատաքննական ցուցմունքով աջակցել է հանցագործության բացահայտմանը:


«Դատալեքս» տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն, դատավճիռը չի բողոքարկվել:


Ինչ վերաբերում է «Զվարթնոցի» վերահսկողության բաժնի ավագ հսկիչ Գևորգ Գևորգյանին, ապա, ըստ մեղադրանքի, ծառայության նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք: Չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է էական վնաս:


Մասնավորապես՝ Զորան Սպիրևի անձնագրում առկա լուսանկարը չի նույնականացրել այն ապօրինի օգտագործող Բրանիսլավ Դիմիտրիևիկի անձի հետ, չի պարզել ներկայացվող փաստաթղթի պատկանելությունն ու վավերականությունը: Փաստաթղթերի ստուգման միջոցով չի բացահայտել անձի ինքնությունը: Պարտականությունները չկատարելու արդյունքում չի կանխել Բրանիսլավ Դիմիտրիևիկի՝ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելը և չի վերցրել Զորան Սպիրևի անձնագիրը: Փոխարենը, ելքի թույլտվության կնիք դնելով Սպիրևի անձնագրում, հաստատել է պետական սահմանը հատելու իրավունքը, ինչից էլ օգտվել է Դիմիտրիևիկը:


2021թ. հոկտեմբերի 20-ին դատարանը որոշել էր դադարեցնել Գևորգ Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:


2020թ. փետրվարի 25-ին որոշվել Միլե Միլենկոսկիին եւ խմբի՝ վերը նշված բոլոր անձանց Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից պետական սահմանն ապօրինի հատելը) ներգրավել որպես մեղադրյալ:


Դիվանագիտական կորպուսի աշխատակից Միլենկոսկիի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և դատարանի որոշմամբ նրա նկատման ընտրվել է «կալանավորում» խափանման միջոցը:


2021թ. Սերբիայի իրավապահ մարմինները հայտնաբերել են Միլե Միլենկոսկիին, սակայն այդ պետության դատարանը մերժել է նրան արտահանձնելու՝ Հայաստանի պահանջը:


«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրին վերաբերող քրեական վարույթի մնացած մասով նախաքննությունը շարունակվում է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր