Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ          Հոգևոր սպասավորները, հավատարիմ հոգևոր առաքելության չեն կարող անտարբեր մնալ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին. Գերագույն հոգևոր խորհուրդ       Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների անցկացման օրերը    

14 հուն 2023 13:35

ՀՀ-ն պատրաստ է հրաժարվել ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Քյարքիի՞ց.Խաղաղության պայմանագիրը կվերածվի պատերազմի պայմանագրի,եթե...

Eurasianet.org-ը գրում է, որ էքսկլավներն այն բարդ խնդիրներից են, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են լուծել մի քանի տասնամյակ շարունակվող բանակցություններում։

Հունիսի 2-ին Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանին Քյարքի (Տիգրանաշեն) գյուղի մասին հարց են ուղղել և Փաշինյանի պատասխանը կարծես վկայում է այն մասին, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել Քյարքիից։ Ներկայումս այնտեղ ապրում է առաջին պատերազմից հետո այնտեղ տեղափոխված հայերի փոքր համայնք: Ազգային անվտանգության տեսակետից գյուղը ռազմավարական մեծ նշանակություն ունի, քանի որ գտնվում է անմիջապես երկրի գլխավոր մայրուղու վրա, որն անցնում է հյուսիսից հարավ։

Փաշինյանը բազմիցս ասել է, որ ժամանակակից սահմաններ գծելիս Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հիմք ընդունեն 1975 թվականի խորհրդային քարտեզները, որոնք ամենաթարմն ու ճշգրիտն են, և, ըստ նրա, հենց դրանով էլ պետք է առաջնորդվել անկլավների հետագա ճակատագիրը որոշելիս։ «Եթե պարզվի, որ ըստ այս քարտեզի, այն պատկանում է Ադրբեջանին, ապա մենք դրա հետ կապված խնդիրներ չենք ունենա»,- ասել է նա։ Կասկածից վեր է, որ Փաշինյանն արդեն գիտի, որ, ըստ այդ քարտեզի, Քյարքին իսկապես պատկանում է Ադրբեջանին։ Ապա նա նաև հայտարարել է, որ գյուղի առանցքային մայրուղու վրա գտնվելու հանգամանքը առանձնահատուկ խնդիր չէ. «Խնդիրներ չկան։ Հայաստանում ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումն այնպիսի մակարդակի է հասել, որ անլուծելի խնդիրներ չկան»,- ասել է Փաշինյանը։ Նրա հայտարարությունների պատճառով ոմանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ այդ և որոշ այլ տարածքներ արդեն դուրս են գրվել, դրանք արդեն համարվում են գործնականում Ադրբեջանին հանձնված։

«Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության և շարունակի իր ներկայիս ընթացքը, ապա Տիգրանաշենի ճակատագիրը ավելի վատ կլինի, քան Շուռնուխինը»,- վարչապետի ելույթից հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Անկլավների փոխանցումը հակառակորդի մոտ կառաջացնի գայթակղության շարունակել պատերազմը Հայաստանի տարածքում, քանի որ դրա համար բարենպաստ պայմաններ կլինեն, և արդյունքում խաղաղության պայմանագիրը կվերածվի պատերազմի պայմանագրի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ, այժմ քաղաքական ընդդիմության հետ դաշնակից Վազգեն Մանուկյանը։

Քյարքին և նմանատիպ պայմաններում գտնվող մի շարք այլ գյուղեր վեճի առարկա են դարձել դեռևս 2020 թվականի պատերազմի ավարտին։ Նոյեմբերի 10-ի պատերազմին վերջ տված հրադադարի մասին առաջին հաղորդագրություններում նշվում էր, որ համաձայնագրում խոսվում է «հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանի Ղազախի շրջանի տարածքը ադրբեջանական կողմին վերադարձնելու մասին»։  Սակայն այդ արտահայտությունը հանվել է փաստաթղթի պաշտոնական տեքստից (կան ադրբեջանական երկու էքսկլավները, որոնք մտնում են Ղազախի շրջանի մեջ։ Երրորդ Քյարքին է, գտնվում է Նախիջևանի մոտ։ Ադրբեջանական ԽՍՀ-ն ընդգրկում է մեկ հայկական էքսկլավ՝ Արծվաշենը): Այդ ժամանակից ի վեր այդ հարցը պարբերաբար հայտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հանրային քննարկումներում։ Հայաստանի դիրքորոշումը հիմնականում այն ​​է, որ երկու կողմերն էլ պարզապես պետք է պահեն առկա տարածքները միջազգայնորեն ճանաչված սահմաններում (այսինքն հրաժարվեն Արծվաշենից և դրա դիմաց ստանան ադրբեջանական տարածքները)։ Բայց Ադրբեջանը պնդում է, որ պետք է իր վերահսկողությանը վերադարձնել խորհրդային տարիների իր տարածքները։ Օրինակ հունիսի 5-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն վերահաստատել է իր դիրքորոշումը դժգոհելով, որ «Հայաստանը շարունակում է գրաված պահել 8 ադրբեջանական գյուղ և տարբեր պատրվակներով ձգձգում է Ադրբեջանին այդ գյուղերը վերադարձնելը»։

Փաշինյանի հայտարարությունը կարող է հնչել որպես Հայաստանի նախկին դիրքորոշման մերժում, բայց դա նաև կարող է պարզապես նվազեցնել սպասելիքները, քանի որ եթե Հայաստանին հաջողվի բանակցությունների ընթացքում իր տարածքը պահել ներկա սահմաններում, ապա դա կարող է հայ հանրությանը ներկայացնել որպես դիվանագիտական ​​հաղթանակ: Նման կարծիք է հայտնել Տնտեսական և ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանը Eurasianet.org-ի հետ զրույցում: «Վարչապետը երկու տարբերակ ունի,- ասել է Պողոսյանը,- եթե հաջողվի պահպանել էքսկլավները, ապա կհայտարարվի հաղթանակի մասին, իսկ եթե էքսկլավները տալու որոշում լինի, նա բոլորին կհամոզի, որ դա ողբերգություն չէ»։

Խորհրդային շրջանի սահմաններում գտնվող անկլավները վերադարձնելու որոշումը լոգիստիկ խնդիրներ կստեղծի։ Դա կհանգեցնի նրան, որ Լաչինի միջանցքի շուրջ վեճերի հետ միասին անհրաժեշտ կլինի լուծել նույն մասշտաբի տարաձայնություններ Քյարքիի, Արծվաշենի և այլ նոր միջանցքներիի հետ կապված։ Այդ իսկ պատճառով, Ադրբեջանը կարող է շահագրգռված լինել փոխանակել իր էքսկլավները մեկ հայկականի հետ, այսինքն բանակցություններ վարել այնպիսի հանգուցալուծման շուրջ, ըստ որի իրեն կանցնեն նույն չափի տարածքներ, ինչը կկորցնի: Նման կարծիք է հայտնել Բաքվի քաղաքական վերլուծաբաններից մեկը, ով խնդրել է չնշել իր անունը, որպեսզի կարողանա ավելի անկեղծ խոսել։ Ըստ նրա որպեսզի թվերը համապատասխանեն, Բաքուն կարող է դիտարկել լուծում, որը թույլ կտա Ադրբեջանին վերականգնել վերահսկողությունը սահմանակից գյուղերի նկատմամբ, փոխանակել էքսկլավները և պահպանել վերահսկողությունը 2020 թվականին իր վերահսկողության տակ անցած հայկական տարածքների մի մասի վրա։ Գործարքը կարող է ներառել նաև Նռնաձոր գյուղը, որը գտնվում է Հայաստանի հարավում, և որը մինչև 1928 թվականը եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում և հայտնի է եղել Նյուվադի անունով, Ադրբեջանը փորձել է վերականգնել գյուղի նկատմամբ վերահսկողությունը նախորդ բանակցությունների ընթացքում և կարող է նորից փորձել, ասել է Eurasianet.org-ի ադրբեջանցի զրուցակիցը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր