Աղիների բորբոքային հիվանդությունները մեծացնում են կաթվածի հավանականությունը
Neurology-ում հրապարակված հետազոտության համաձայն՝ աղիների բորբոքային հիվանդություններ (ԱԲՀ) ունեցող մարդկանց համար կաթվածի հավանականությունն ավելի մեծ է, քան այդ հիվանդությունները չունեցող մարդկանց համար։
Աղիների բորբոքային հիվանդությունները ներառում են Կրոնի հիվանդությունը, խոցային կոլիտը եւ չդասակարգված բորբոքային հիվանդությունները։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ԱԲՀ ունեցող մարդկանց մոտ կաթվածի հավանականությունը 13 տոկոսով ավելին է ախտորոշումից հետո 25 տարիների ընթացքում, քան ԱԲՀ չունեցող մարդկանց մոտ։
«Այս արդյունքները ցույց են տալիս, որ ԱԲՀ ունեցող մարդիկ եւ նրանց բժիշկները պետք է տեղեկացված լինեն այդ երկարաժամկետ բարձր ռիսկի մասին,- ասել է հետազոտության հեղինակ, Ստոկհոլմի Կարոլինայի ինստիտուտի (Շվեդիա) փիլիսոփայության դոկտոր Ցզյանվեյ Սունը։- Կաթվածի հավանականության գործոնների բուժումը եւ սքրինինգը կարող են ավելի ակտուալ լինել ԱԲՀ ունեցող մարդկանց համար»։
Հետազոտությանը մասնակցել է ԱԲՀ ունեցող 85 006 մարդ, որոնք ենթարկվել են բիոպսիայի։ Նրանցից յուրաքանչյուրին հարաբերակցվել է նույն թվականին ծնված, նույն սեռի եւ նույն վայրում ապրող մինչեւ հինգ մարդ, որոնք ԱԲՀ չեն ունեցել, ընդհանուր առմամբ 406 987 մարդ։
Դիտարկումների միջինը 12 տարում ԱԲՀ ունեցող 3 720 մարդ կաթված է ստացել 15 599 մարդու համեմատ, որոնք ԱԲՀ չեն ունեցել, ինչը 10 000 մարդու հաշվարկով 32,6 մարդ-տարի է կազմում ԱԲՀ ունեցող մարդկանց համար ԱԲՀ չունեցող 27,7 մարդու համեմատ։ Մարդ-տարին ինչպես մարդկանց թվաքանակն է հետազոտությունում, այնպես էլ ժամանակի քանակությունը, որը յուրաքանչյուր մարդ անցկացրել է հետազոտությունում։
Երբ հետազոտողները հաշվի են առել այլ գործոնները, որոնք կարող են ազդել կաթվածի հավանականության վրա, ինչպիսին են սրտի հիվանդությունները, արյան բարձր ճնշումը եւ ճարպակալումը, նրանք հայտնաբերել են, որ ԱԲՀ ունեցող մարդկանց մոտ կաթվածի հավանականությունը 13 տոկոսով ավելի բարձր է եղել, քան ԱԲՀ չունեցողների մոտ։ Հետազոտողները հայտնաբերել են, որ բարձր ռիսկը հիմնականում պայմանավորված է եղել իշեմիկ կաթվածով, որն առաջ է եկել ուղեղին մատակարարվող արյան հոսքի արգելակմամբ, այլ ոչ թե հեմոռագիկ կաթվածով, որն առաջ է գալիս ուղեղի արնազեղմամբ։
Քանի որ թե ԱԲՀ-ն, թե կաթվածը որոշ գենետիկ բաղադրիչներ ունեն, հետազոտողները հետազոտությունում ներառել են ԱԲՀ ունեցող հարազատ եղբայրների եւ քույրերի։ 101 082 եղբայրների եւ քույրերի մոտ հետազոտության սկզբում ԱԲՀ կամ կաթված հիվանդության պատմության մեջ չի եղել։ Հիմնական արդյունքներին համապատասխան՝ ԱԲՀ ունեցող մարդիկ ունեցել են կաթվածի ավելի բարձր հավանականություն, քան նրանց եղբայրներն ու քույրերը։ Նրանց ընդհանուր ռիսկը 11 տոկոսով ավելի բարձր է եղել։ Գիտնականները նշել են, որ հետազոտությունը չի ապացուցում, որ ԱԲՀ-ն է կաթվածի պատճառը, այն միայն ցույց է տալիս կապի առկայությունը։
«ԱԲՀ ունեցող մարդկանց համար բարձր ռիսկը պահպանվել է անգամ 25 տարի անց այն բանից հետո, երբ նրանց մոտ առաջին անգամ ախտորոշել են հիվանդությունը, ինչը համապատասխանում է կաթվածի մեկ լրացուցիչ դեպքին մինչ այդ պահը յուրաքանչյուր 93-րդ մարդու համար»,- ասել է Սանը։