Ինչո՞ւ են Հայաստանում սիրում կյանքից հեռացած արտիստին, բայց ոչ՝ ողջ, ստեղծագործ ու կարող մարդուն

Լուսանկարին կից դերասանուհին գրել է.
«Մի բան հարցնեմ. ասեք, թե կարող եք. ինչո՞ւ են Հայաստանում սիրում մեռած արտիստին, բայց ոչ՝ ողջ, ստեղծագործ ու կարող մարդուն: Ինչո՞ւ են գերադասում, երբ հայն ապրում է երկրից դուրս, ինչո՞ւ են մեծարում դրսի՝ նույնիսկ միջակ մնացած հային, քան, թե ներսում պատեր ջարդող ու աշխատանքով ամեն օր մի բան փոխող մարդուն: Ինչո՞ւ են սիրում խեղճացած, կոտրված, լացող արտիստին, քան, թե ուժեղ, իրեն հավաք պահող ու թուլությունները իր համար միայն պահող մեկին: Ինչո՞ւ են մարդու հաջողությունը չափում նրա՝ այդ պահի եկամտով, ամուսնու բանկային հաշվով կամ առհասարակ ընտանեկան ստատուսով,
Փոխարենը գնահատելու մարդուն իր ամբողջականության մեջ ու հենց իրեն՝ առանց «արքունիքի»:
Ինչո՞ւ են ատում ինքնուրույն ու հավաք, կարծիք ու փորձառություն ունեցող արտիստին, և ինչո՞ւ են անպայման ուզում տարիների մեջ նրան տեսնել անփոփոխ՝ մումիֆիկացված, բայց րոպեի մեջ իր «կարծիքի» մեջ փոփոխական, հարմարվող ու «հարմար»:
Ինչո՞ւ են մատնողին ներում, իսկ հավատարիմ մնացողին՝ մատնում: Ինչո՞ւ են վազելով ապրում, որ միայն սիրելի մարդու մահվան պահին կանգ առնեն, հիշեն ու մեծարեն: Ինչո՞ւ են ընկերաբար կիսվածդ գաղափարը գրպանում, ու դեռ հայավարի մուննաթ գալիս, երբ կիսաժպիտդ են տեսնում:
Արարատը… ինչո՞ւ մեզ հետ «չի ապրում» և ինչու ենք միայն նրան նայելով համակերպվում:
Ինչուների ցանկը շարունակեք ինքներդ. ես գնամ ու շարունակեմ հավերժ «պատերը» ջարդել ու ուղեղս կրթել, լցնել ու ամրացնել,որ դիմանա»: