Իսկ եթե չգա՞ «սպիտակ ձիով փրկիչը» ,եթե ոչինչ չպատահի Էրդողանին ու Պուտինին, այդ դեպքում մենք ինչ-որ բան ունե՞նք անելու
![](https://armenpress.am/static/news/b/2020/03/1007531.jpg)
Մի կողմ թողնենք այն, թե այդ կործանումները եւ փլուզումները ընդհանրապես ինչ կատակլիզմներով կարող են սպառնալ Հայաստանին ու Արցախին: Սրանք հարցեր են, որոնք այդ մարդկանց եւ այդ «թեզերի» երկրպագուների հետ քննարկելը բացարձակապես անիմաստ է: Այնտեղ աշխպտում է մի «փիլիսոփայություն»՝ Պուտինը վերանա, Հայաստանը՝ փրկվի:
Երբ որեւէ մեկը համարձակվում է կասկածել, թե Պուտինը կամ պուտինյան Ռուսաստանը փլուզվելու, կործանվելու կամ վերանալու է, նա անմիջապես հռչակվում է ռսաստրուկ, ռուսամետ, ռուսամոլ, գործակալ եւ այլն, եւ այլն, գիտեք: Կարծես թե մեզանից որեւէ մեկի ուզել չուզելով է, որ Պուտինը պետք է մնա կամ վերանա:
Բայց հայ հանրությունը վարժեցվում է այդ մտածողությանը, այդ կենսափիլիսոփայությանը՝ մեր փրկությունը ոչ թե որեւէ խնդրից, թշնամուց, մարտահրավերից ավելի խելոք լինելն է, այլ թշնամու վերանալը: Կգա մի «սպիտակ ձիով» աշխարհաքաղաքական ասպետ, կկտրի մեր թշնամիների գլուխներն ու կազատի մեզ:
Երբ հնչում է պարզ հարց, կամ պարզ կասկած՝ ընկերներ, իսկ եթե չգա՞, իսկ եթե օրինակ ոչինչ չպատահի Էրրդողանին, կամ՝ ոչինչ չպատահի Պուտինին ու Պուտինյան համակարգին, այդ դեպքում մենք ինչ որ բան ունե՞նք անելու: Մենք անելիք ունե՞նք, ապրելիք ունե՞նք, մենք ելք, ճանապարհ, լուծումներ ունե՞նք այդ դեպքում, թե՞ ծունկ պետք է ծեծենք, Պուտին ու պուտինյան Ռուսաստան հայհոյենք, դարձնենք դա աշխարհաքաղաքական իմաստնության եւ անկախական հերոսականության չափանիշ, եւ լայն փակված աչքերով նայենք դեպի հեռուն՝ որովհետեւ այդ ազատարար «ասպետը» կգա, չի կարող չգալ:
Պատասխան ուղիղ չկա, բայց անուղղակի պատասխանը երկրորդ տարբերակն է, որովհետեւ դա ամենադյուրին տարբերակն է, իսկ ով կասկածի, որ «սպիտակ ձիով» աշխարհաքաղաքական ազատարար ասպետը գալու է, նրան կոչնչացնենք, որովհետեւ խանգարում է հայկական երազանքին:
Ու այդպես, չգիտեմ երբվանից սկսած, բայց քայլ առ քայլ, հաստատուն ընթացքով, հայկական երազանքը 21-րդ դարում դարձել է ոչ թե ինչ որ բան ստեղծելը, այլ՝ ինչ որ մեկով փրկվելը:
Սրանք խորքային, հայեցակարգային խնդիրներ են, որոնք քննարկելու համար պետք է լինեն քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական, ռազմական էլիտաներ: Դրանք որ լինեին, Հայաստանը հաստատապես չէր հասնի ներկայիս վիճակին:
Իսկ՝ կլինե՞ն, որ էապես վերափոխվի պետության ընթացքն ու հանրային կենսափիլիսոփայությունը: Գոնե առայժմ դա տեսանելի չէ»: