Կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս, խմբակցությունից գուցե դուրս գամ, մանդատս վայր չդնեմ          Տեսանյութ.Սիրիայում հեղաշրջումը ծրագրվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, Թեհրանն ունի դրա ապացույցները       Երևան քաղաքի Վանթյան փողոցում տուն է այրվել, հրդեհը բռնկվել է պահեստային տարածքում    

14 հոկ 2016 08:32

Ինչ պակաս կրկես է մեր քաղաքական դաշտը

Մինչ մերոնք ազգովին զբաղված են տարբեր տրամաչափի պաշտոնյա եւ նախարար նշանակել-ազատելով, մի զբաղմունք, որը քսանհինգ տարում ահռելի ժամանակ է խլել մեզանից, կամ ՏԻՄ ընտրական կրկեսով ենք ողջ լրատվադաշտով զվարճանում, տալիս-առնում, ժամանակն անցնում է սարսափելի արագությամբ: Ոչ ոք կարծես թե չի ուզում հարցնել` եղբայր, որոնք են Հայաստանը ոտքի կանգնեցնելու սկզբունքները, ստվերը ջրի երես հանելու եղանակները, ի՞նչ ծրագրով ո՞ւր ենք գնալու, տակը բան կա՞ այս նշանակում-հանումների, թե՞ ներկուսակցական խնդիր է լուծվում` առանց առանցքը սասանելու: Անձերից պահանջել անիրականանալին, անձերով պայմանավորել երկրում փոփոխությունները` սա մի հիվանդություն է, որ համակել է ողջ գիտակցական Հայաստանի բոլոր հյուսվածքները, հիվանդն ինքը առողջանալու որեւէ ձգտում չի դրսեւորում, նորից ողջ էությամբ ընկղմվում է սրան հանելու-նրան բերելու առաջնախաղի մեջ, առանց դույզն-ինչ խորանալու, թե հետնախաղում ի՞նչ է տեղի ունենում: Լրատվադաշտը հեղեղված է վարկանիշ ապահովող «սենսացիոն» լուրերով, թե տեսաք` Կարեն Կարապետյանը ոնց մերժեց Սերժ Սարգսյանին ու նրա մարդ Հովիկ Հովսեփյանին պաշտոնի չթողեց` կառավարության գազի մարդկանց շարքը համալրելով մի նոր գազի մարդ Վարդան Հարությունյանով: Ի դեպ` լրագրողներն արդեն անեկդոտներ են հորինում, ասենք, այս կարգի` կառավարությունում գազ է լցվել եւ այլն: Մինչ իրենց ընդդիմադիր անվանողներն ու նրանց մերձ շերտերը Վանաձորի ու Գյումրու քաղաքապետների ընտրություններում դավաճան են փնտրում, 33-ից 4 դավաճան փնտրելն, օֆ, ինչ ծանր ռազմավարական գործ է, ու դրա համար տակտիկական ի՜նչ հնարքներ են մտածում` ասենք Վանաձորի ավագանու նիստում քվորումի համար ՀՀԿ-ին ձայն է պետք լինելու, ով կողմ քվեարկեց` նա է դավաճանը: Բա:
 
Փոխանակ հարցնենք` մենք ե՞րբ ենք իշխանության իրական այլընտրանք, սկզբունքային, գաղափարախոսական հստակ տարանջատմամբ ընդդիմություն ունեցել, որն իշխանությունից տարբեր է պատկերացրել համակարգային լուծումնեըը, ու ընտրողը, ապերախտը, էնքան ձայն չի տվել նրան, որ իշխանությանը մատ անի: Մեր ընդդիմությունները միշտ ամեն լուծում հենց իշխանության պես են պատկերացրել, ու ասել են ` մենք գանք իշխանոթյան, ամեն ինչ լավ ենք անելու: Բայց ես ինչ իմանամ, կամ որտեղից իմանամ, որ լավ եք անելու: Մենք, սովորական հայ մարդիկս էլ լավն ենք` քսանհինգ տարի ընկած ենք այն բանի հետեւից, թե ո՞վ` որտեղ է նշանակվելու, ո՞վ` ինչ տեղ ստացավ կերակրամանի մոտ` ընտանիքին, ազգականներին ու ընկերներին տեղավորելու շանսով: Հետն էլ փնթփնթում ու փնթփնթում ենք:
 
Պարզվում է` երկրի ղեկավարները «լուսավոր հանցագործի» են օգտագործել ընտրություններին անձնական վրեժ լուծելով (նախագահականից կրկին քաղաքական ընդդիմադիր դաշտ փափուկ վայրէջք կատարած մեր հարազատ Վիկտոր Դալլաքյանի խոսքով), կամ` պիտանելիության ժամկետն անցած քաղաքական գործիչներով ապականում ենք քաղաքական դաշտը ( նույն մեր հարազատ Վիկտոր Դալլաքյանին հասցեագրած վանաձորցի ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանի բնորոշումն է): Ու էսպես էլ ապրում ենք` ընդդիմություն հասկացության հերն անիծելով բոլոր կողմերից: Եղբայր, ընդդիմությո՞ւն եք, թե՞ ցանկությունների կատարման մատյան, ընդդիմադիր լինելն էլ մանկական երազանքների կատարման գունադիտակ է ձեզ համար:
 
Հետո էլ զարմանում են, որ Գյումրիում ու Վանաձորում իրենց ընդդիմադիր անվանողները, այնուամենայնիվ այնքան ձայն չստացան, որ ՀՀԿ-ին ընդհանրապես տուն ուղարկեն: Ախր բոլորիդ եւ ամենքիդ ամեն մարդ գիտե ու չի կասկածում, որ մեր քաղաքական դաշտում կատարվողը աշխարհի ամենահայտնի գերմանական կրկեսից ավելի վիրտուոզ կրկես է: Գուցե այլեւս դադարե՞նք կրկեսի հանդիսատես լինելուց ու աճպարարներով հրապուրվելը փոխարինենք առողջ ապրելակերպով: Թե չէ` Սոս Պետրոսյանը «ղալաթ» է արել` մեր շատ քաղաքական գործիչների համեմատ: Ակրոբատությունն ու աճպարարությունը միահյուսած «կրեատիվ» գործիչներ կան, որ ակամա մտածում ես` ինչ պակաս կրկես է մեր քաղաքական դաշտը: Ում պաշտոնից հանում են` հաջորդ օրվանից չէ, հաջորդ ժամից արդեն ընդդիմություն է դառնում, ով մեկ օր առաջ իշխանություն էր, այսօր ընդդիմություն է: Իրեն ընդդիություն հայտարարելը դարձել է խաղ ու պար` առավոտյան արթնանում ես, ձեռքդ երկարում միջանցքի կախիչին դրված շլյապային, բայց կեսից հիշում ես, որ պաշտոնանկ ես, ու դնում ես պատրաստ կախված կարտուզով գլխարկներից մեկը, այն մեկը, որի վրա հեռատեսորեն ժամանակին գրել ես «Ընդդիմություն»: Լավ, էլի... Ընդդիմութուն դառնալու մի քանի տարբերակ կա, բայց դրանք բոլորը ժամանակ, նյարդեր, հանրության մեջ հավատ սերմանելու ահռելի ջանքեր են պահանջում: Ասենք` եթե ընտրություններով «Լուսավոր Հայաստանը» գա իշխանության` ՀՀԿ-ն ընդդիմադիր կդառնա, կամ` եթե ժամանակին ԲՀԿ-ն դիմանար իշխանության ճնշումներին ու շարունակեր ընդդիմադիր վարքը, միգուցե ստույգ կդառնար ընդդիմություն:
 
Այդքան հիմարի տեղ դնե՞լ հանրությանը: Այդքան փչացած համարել նրան: Այդքան հիշողությունից զուրկ համարել մարդկանց: Ապրիլից ու հուլիսից հետո՞: Ուշքի եկեք, պարոնայք: Չե՞ք հասկանում, որ երկրաշարժը տեղի է ունենում բազմաթիվ մանրիկ ցնցումներից տարիներով մեծացած խզվածքի պատճառով, չե՞ք ընբռնում խզվածքի ահագնությունը: Դե հա, եթե այդպես եք գնահատում հանրությանը, Վիկտոր Դալլաքյանն իհարկե ընդդիմադիր է, Սեյրան Օհանյանն էլ, Իշխան Զաքարյանն էլ, իսկ Հմայակ Հովհաննիսյանին էլ պետք է դատի նախկին ընդդիմադիր Արտաշես Գեղամյանի դատավոր որդին, իսկապես: Ինչ կա որ, երբ պետք լինի` կասենք ընդդիմություն ենք, ու վերջ:Կասենք` եթե ինձ բան պատահի...20 րոպեից չվերադառնամ` եկեք իմ հետեւից: Կասենք` մենք բոլորից լավ կարող ենք փրկել Հայաստանը, փրկիչ ենքՙ մի խոսքով, նորից ու կրկին:
 
Դե էլ ինչ սպասենք կառավարության ծրագրին, որ եզրակացնենք` փրկվելու ենք, թե՞ ոչ, չէ՞ որ ամեն ինչ անձերի ու խոսքերի տիրույթում է: Կարեն Կարապետյանն ազնիվ ու սիրուն տղա է, Պուտինն էլ ասել է, թե` Սերժ Սարգսյան, նրա գործերին չխառնվես, ու ինքն իրեն, միայն Կարապետյանի սիրուն տեսքից կամ Սերժ Սարգսյանի չխառնվելու լեգենդի շնորհիվ համախառն ներքին արդյունքի վագրային թռիչք է արձանագրելու: Դե Դալլաքյանն էլ ընդդիմադիր ու ընդդիմադիր է, այնպես կնախշի, որ Կարապետյանն ու Սարգսյանը ձեռաց կաշխատեն:
 
Իսկ ավելի ազնիվ կլինի, որ ասեք` զբաղվում ու զբաղեցնում ենք, էլի, այս էլ որերորդ անգամ, մինչեւ... տեսնենք ոնց իշխանությունը փոխանցենք, առանցքային խաղացողների համար առանց էական կորուստների, միայն մի քանի վարկաբեկվածներին մեջտեղից հեռացնելով, ու նրանց «ստվերային» մութ գործարքները բացահայտելով բյուջեի վերքին բալասան անելով:
 
Դե իսկ ո՞ւմ պիտի մտահոգի, որ ավելի տգեղ կռիվ, քան Դալլաքյանինն ու Մարուքյանինն է, հնարավոր էլ չէ պատկերացնել, ու նույնքան անդուր է ըմբռնելը, որ անկախ տգեղ-սիրունից` միշտ էլ կգտնվեն կոստյումի գրպանում փողկապը մշտական պատրաստ-դրած, կոմսոմոլի արտաքինով տղերք, որ պատրաստ են հրահանգի կամ փողի դիմաց` ուզած կուսակցություն մտնել, միայն թե իշխանություն տանող իրենց ճանապարհը ոչ ոք չքարապատի: Ուֆ, ո՞ւր է էն առողջացումը, որ վերեւից հա խոստացվում է, ո՞ւր է էն նոր ոգին: Միթե Հայաստանի մեծ քաղաքների ու Երեւանի ղեկավարների իրական, չմիջնորդավորված ընտրությունը ընտրողների ձեռքով օրենքով վերացնելով, այդպիսով աճպարարության դուռ բացելով, արդեն հիվանդ ընտրական համակարգ չեք ամրագրել, որ առողջանալուց ենք խոսում:
 
Մինչդեռ ամեն օր աշխարհաքաղաքական նշանակությամբ իրադարձությունների մեջ է հայտնվում Հայաստանը, ու բոլորիս, հատկապես ԶԼՄ-ներին ու վերլուծողներին պետք է հետաքրքրեր այսօր Երեւանում սկսված ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների գագաթաժողովը, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի նախագահների` այդ համաժողովին մասնակցել-չմասնակցելու շաժառիթներն ու հետեւանքները (ի վերջո Երեւանում ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարն է ընտրվելու), Սերժ Սարգսյանի վերջին ամերիկյան այցելությունն ու դրանից սպասվող թացուչորը: Մինչդեռ բոլորս զբաղված ենք ընդդիմադիր եւ այլ կրկեսներով:
 
Բայց պատճառը բացառապես իշխանությունների եւ ընդդիմությունների` հայ հասարակ ընտանիքներին մոլորեցնող ու շեղող երկարամյա, տեւական, մաշիչ ու հյուծիչ գործողություններն են, որոնք սնել են անտարբերությունը, ԶԼՄ-ներն էլ ընկնում են այն բոլորի հետեւից, ինչն իրենց կարծիքով զբաղեցնում է հանրությանը: Ինչ ցանել եք, այն էլ հնձում եք:
 
Հ.Գ.- Հետաքրքրական է, որ երեկ մի կարճ հայտարարություն էր տարածվել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից, որի ղեկավարած ուժն առհասարակ ՏԻՄ ընտրութուններում ձախողվել է: Տեր-Պետրոսյանը, կառավարման համակարգի եւ ընտրական գործընթացի բարեփոխման իշխանական քայլերը սեփական իշխանության ամրապնդմանն ուղղված թատերական արարողություն որակելով` երկրում տնտեսական աղետ է կանխատեսում մոտ ժամանակներս, այսինքն` դեֆոլտ: Վերը նկարագրվածի համատեքստից դուրս չէ նաեւ այս հայտարարությունը:
 
Մարիետա Խաչատրյան 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր