Կալանավորը նամակներ է ուղարկել ու սպառնացել իր գործը քննող դատավորներին, դատախազներին և քննիչներին՝ սպանել նրանց, կտրել ձեռքը
![](https://www.pastinfo.am/news_images/545/1633465_1/f64f77414b7003_64f77414b7043.thumb.jpg)
Կալանավոր Գառնիկ Բաղդասարյանն առաջին անգամ չէ, որ կանգնած է դատարանի առջև՝ որպես մեղադրյալ. 2016թ. նոտարական գրասենյակից և բնակարանից խմբի կազմում խոշոր չափերով գույքի հափշտակությունից՝ մինչև սուտ մատնություն և այլն։
Դատավորի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին ուղղված սպառնալիքներն, ինչպես պարզվեց, և առաջին անգամ չէ։ Ընդ որում, նա դա անում է գրավոր, պաշտոնապես ուղարկված գրությունների միջոցով։
2018թ Բաղդասարյանը, դժգոհ լինելով իրեն մեղադրյալ ներգրավելու հանգամանքից, դիմումներ է ուղարկել Լոռու մարզի դատախազություն և ՀՀ ոստիկանության պետին՝ սպանության և գույքը հրկիզման եղանակով ոչնչացնելու սպառնալիքներ հնչեցնելով հետաքննություն և նախաքննություն կատարող անձանց։ Մեկ այլ քրեական գործով Բաղդասարյանը նախ գրություն է ուղարկել, ապա դատական նիստի ընթացքում սպառնալիքներ է հնչեցրել այն ժամանակ դեռևս Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանի հասցեին՝ սպառնալով կտրել ձեռքը, մետաղե խողովակով հարվածել գլխին և հրկիզել ավտոմեքենան։
Մյուս մեղադրանքների մասով Բաղդասարյանն արդեն մեղավոր է ճանաչվել մեղադրանքում, սակայն, դատվածությունը դեռևս չմարած, նոր քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորի վարքագծում դրական միտում այդպես էլ չի նկատվել։ Բաղդասարյանը, «Վանաձոր» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում, զանգահարել է ոստիկանություն և կեղծ ահազանգեր հնչեցրել՝ Լոռու մարզի դատախազության շենքի նկուղում և դատավոր Լուսինե Ալավերդյանի աշխատասենյակում ռումբի առկայության մասին։
Այս քրեական գործը դատարանում է 2023թ հունիս ամսից, մինչ այս գործով քննությունը՝ կալանավորը մեկ այլ գործով է հայտնվել ամբաստանյալի աթոռին՝ այս անգամ դատավորին, դատախազներին և քննիչներին սպառնալու համար։ Մասնավորապես, «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ տվյալ քրեական գործով 12 անձ տուժող է ճանաչվել՝ դատավորներ Լուսինե Ալավերդյանը, Մուշեղ Հարությունյանը, Մարտին Արզումանյանը, Վահե Դոլմազյանը, Տարոն Թադևոսյանը, Լոռու մարզի դատախազներ Արտաշես Սահակյանը, Ռուդիկ Մինասյանը, Հրաչյա Մարգարյանը, Եսայի Բաբելյանը, քննիչներ Գարիկ Վերմիշյանը, Մհեր Հարությունյանը։ Ի դեպ, նշված վարույթի շրջանակներում որպես տուժող անցնող դատավորների մի մասը դատավոր են նշանակվել վերջին շրջանում։ Բացի այդ, ՔԿՀ-ում առգրավվել է նաև Բաղդասարյանին պատկանող ածելիի սայր, որը ևս կցված է գործին։