ԱՄՆ-ն՝ վրդովված Թուրքիային պարզաբանել է, թե ինչու են իրենց ավիակիրներն Իսրայելի ափերի մոտ ուղարկվել
ԱՄՆ պաշտոնյաները հավաստիացրել են իրենց թուրք գործընկերներին, որ ԱՄՆ ավիակիրները Միջերկրական ծովի արևելյան հատված են ուղարկվել խաղաղ բնակիչների հնարավոր տարհանման համար, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակը, փոխանցում է Reuters-ը։
Միացյալ Նահանգները երկու ավիակիր և օժանդակ նավ է ուղարկել Միջերկրական ծովի արևելյան հատված՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի զինյալների անսպասելի հարձակումից հետո։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին այս քայլի համար՝ ասելով, որ դա «լուրջ ջարդ» կհրահրի Գազայի հատվածում։ Նա նաեւ ասել է, որ տարածաշրջանում ամերիկյան ավիակիրների տեղակայումը խոչընդոտում է տարածաշրջանում հանգստություն հաստատելու Թուրքիայի ջանքերին։
«Երբ մենք բարձրացնում ենք այս հարցը մեր ամերիկացի գործընկերների հետ, նրանք մեզ ասում են, որ այդ ավիակիր խմբերն ուղարկվել են այնտեղ՝ տարածաշրջանից խաղաղ բնակիչներին տարհանելու համար՝ ոչ ռազմական գործողությունների շրջանակներում», - լրագրողներին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավելի վաղ հայտարարել էր, որ ավիակիրների մարտական խմբերի տեղակայումը տարածաշրջան «նախատեսված էր ոչ թե որպես սադրանք, այլ զսպող գործոն»։