Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

25 հոկ 2023 12:42

Արցախի հանձնում բառակապակցությունը տեղին չէ. Ի վերջո, Արցախը հո չէ՞ր կարող միայնակ պայքարել Ադրբեջանի, Իսրայելի, Թուրքիայի դեմ

MediaHub-ը զրուցել է Արցախի նախկին պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հետ:


-Պարոն Ներսիսյան, մեկ ամիս առաջ Արցախը հանձնվեց: Որքանո՞վ էր նման հանգուցալուծումը սպասելի, կանխատեսե՞լ էիք, որ Արցախը կհանձնվի եւ մի քանի օրում կդատարկվի: 


-Պիտի ի սկզբանե, իմ անհամաձայնությունը հայտնեմ Ձեր այն բնորոշմանը, որ Արցախը հանձնվել է ինչ-որ մեկի կողմից: Ես հոգնել եմ լսել գնահատականներ ու բնութագրություններ հատկապես այն մարդկանցից, ովքեր անտեղյակ լինելով, թե ինչ էր կատարվում և ինչ է կատարվել հատկապես վերջին մեկ ամսում Արցախում, ամենատարբեր հայտարարություններ են անում, գնահատականներ հնչեցնում:


Եթե խոսքը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մասին է, ապա անկախ նրանից այդ մարդուն ճանաչում եք, թե ոչ, մի հարց պիտի տամ՝ ինչը կարող էր նրան դրդել հանձնել Արցախը: Ակնհայտ է, որ այդպիսի հայտարարություններն անհիմն են և արվում են միայն սուբյեկտիվ նպատակներով: Արցախի ժողովուրդը Արցախի ադրբեջանական շրջափակման ընթացքում շատ խնդիրների միջով է անցել, բազմաթիվ մարդկանց համար այդ ընթացքում առաջացել են իրավիճակներ, որոնք այլևս անհնարին էին դարձնում հետագայում Արցախում բնակվելը: Ամբողջ աշխարհի աչքի առաջ Արցախի ժողովուրդը և նրա պաշտպանական ուժերը ենթարկվել են հյուծման, վերջում արցախցին ստիպված եղավ առերեսվել նաև արյունալի պատերազմի հետ: Հեքիաթներ էին պատմում՝ այ, հեսա Աղդամի ճանապարհը բացում են ու շրջափակումը վերանում է, Լաչինի միջանցքը բացվում է, Կարմիր Խաչը Աղդամով ապրանք է բերելու, խաղաղապահները Աղդամով ապրանք են բերելու և խնդիրները լուծվելու են: Ախր, պարզ չէ՞ր, որ Ադրբեջանը Արցախը շրջափակման մեջ չէր վերցրել ու ինը ամիս պահել, որ հետո Աղդամով Կարմիր խաչի միջոցով մի քանի բեռնատար ապրանք բերելուց հետո կրկին վերադառնար 2022 թվականի դեկտեմբերի 11-ի վիճակին: Ակնհայտ էր, որ Ադրբեջանի նպատակներն այլ են, կար հարցի հնարավորինս արագ լուծման նպատակ, որի իրագործման ճանապարհին արցախցիները մնացել էին միայնակ: Հանձնելը այն կլիներ, որ արցախցիները բացարձակ ոչինչ չանեին, Արցախը շրջափակելուց հետո լսեին ադրբեջանական առաջարկները և կամավոր գնային դրան ընդառաջ, ընդունեին բոլոր պահանջները, առանց դիմադրության վայր դնեին զենքերը և ժամանակ խնդրեին Ադրբեջանի իշխանական լծից ազատվելու համար: 


Ես անընդունելի եմ համարում հանձնել բառը, քանի որ դրանով նսեմացվում են արցախցիների այն տևական ու գիտակցված տառապանքները, որոնք նրանք կրել են Ադրբեջանին չհպատակվելու համար: Ախր, հասկանո՞ւմ եք, որ արցախցին չէր կարող Ադրբեջանի իշխանության տակ ապրել, գոյություն ունենալ: Նրանք, ովքեր կարծում են, որ պետք էր ի սկզբանե ձեռքերը բարձրացնել, հանձնվել ու գնալ ապրել ադրբեջանական լծի տակ և ովքեր հավատում են դրան, կարող էին դուրս չգալ Արցախից ու այդպես էլ անել, ոչ մեկ նրանց չէր խանգարում: Բայց, իհարկե, սա հիմարության ժանրից է: 


Արցախցիները համառորեն պայքարել են իրենց իրավունքների, ազատության ու ինքնիշխանության համար, սակայն այդ պայքարում մնացել են մենակ և բախվել են ադրբեջանական ռազմական ագրեսիային դիմակայելու խնդրին: Ի վերջո, Արցախը հո չէ՞ր կարող միայնակ պայքարել Ադրբեջանի, Իսրայելի, Թուրքիայի և այդ միությանն աջակցող մնացյալ երկրների միացյալ հնարավորությունների դեմ: 


Հետո մի հիմար հարցադրում կա, որը մեկ-մեկ լսում եմ, մարդիկ կան, ասում են, որ եթե գիտեիք, որ այսպես է լինելու, ինչու այսպես կամ այնպես չեք արել և նմանատիպ այլ բաներ: Սա հիմարությունների դաշտից է, տպավորություն է, որ Արցախում կառավարումը պետք է իրականացվեր, հիմք ընդունելով, որ շուտով Արցախը կորսվելու է: Մինչդեռ պարզ է, որ ժողովուրդը և պետությունը փորձում էին ամեն ինչ անել դժվարությունները հաղթահարելու և համատեղ ուժերով, այդ թվում Հայաստանի Հանրապետության ու միջազգային հանրության աջակցությամբ այդ ծանր իրավիճակից դուրս գալու համար: Իհարկե, կարելի էր ամենատարբեր իրավիճակներ կամ ելքեր կանխատեսել, բայց դրանք կանխատեսելով հանդերձ` պետք էր ոչ թե մտածել հանձնվելու մասին, այլ հակառակը՝ պայքարելու և դրանք չեզոքացնելու:


-Արցախի ամենածանր օրերի ժամանակ՝ շրջափակման օրոք Դուք պետնախարարի պաշտոնը չէիք զբաղեցնում: Ձեր պաշտոնից հեռանալուց շաբաթներ հետո Արցախը հանձնվեց, ովքե՞ր են մեղավոր: 


-Ես նորից պիտի արձագանքեմ, որ Արցախի հանձնում բառակապակցությունը տեղին չէ: Երբեմն ինձ թվում է, որ այն օգտագործվում է ադրբեջանական թեզը հիմնավորելու համար, որովհետև այդպես միայն Ադրբեջանն է ասում, որ արցախցիները Արցախը թողեցին ու հեռացան: Իրականում, Ադրբեջանը 2020 թվականի 44-օրյա պատերազմից սկսած մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ամենօրյա ռեժիմով ահաբեկման էր ենթարկում արցախցիներին, 24-ժամյա ռեժիմով կիրառում էր ուժ կամ ցուցադրում էր դրա գործադրման սպառնալիք: Շրջափակումը կամ հետագա քայլերը ընդամենը հերթական գործողություններն էին: Ես հիմա եմ համոզվում, որ հայաստանյան հասարակությունը բացարձակ անտեղյակ էր այն վիճակից, որը կար Արցախում: Տպավորություն է, թե 44-օրյա պատերազմից հետո Արցախում ամեն ինչ շատ լավ էր, մեկ էլ հանկարծ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում պատերազմ սկսվեց ու Արցախը հայաթափվեց: Ախր, այդպես չէ, հանդիպեք արցախցիների հետ ու նրանցից իմացեք, թե ինչերի միջով են անցել մեծ ու մանուկ 2020 թվականից հետո: Ես ամենևին չեմ ուզում թաքցնել ինչ-որ անօրինական գործողություններ, եթե այդպիսիք եղել են: Իհարկե, շատ մտահոգիչ հարցեր կան, բայց ես, հո, այն մարդկանցից չեմ, որ աջ ու ձախ առանց հասկանալու մեղադրանքներ են հնչեցնում ու մարդկանց զրպարտում:


Ցանկացած դեպք, որում ենթադրաբար ինչ-որ ապօրինություն կա, պետք է քննության առնվի ու մեղավոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Բայց գիտե՞ք, երբ առանց այդ ամենի մարդիկ սկսում են ինքնիրավչությամբ զբաղվել ու քննիչի, դատախազի ու դատարանի դեր ստանձնելով մեղադրանքներ հնչեցնել, արդյունքում հասարակությանը հասցնում են խելագարության, անկառավարելի թշնամանք է սկսում ձևավորվել միմյանց նկատմամբ և այդպես էլ ոչնչի չենք հասնում: Մարդիկ երբեմն առանց պատճառի ու հարցնելու դեպքում՝ նույնիսկ առանց ողջամիտ բացատրության ատելությամբ են լցված միմյանց հանդեպ, անհնար է այսպիսի մթնոլորտում ու միջավայրում առողջ հասարակություն ու առողջ պետություն ունենալ, ուղղակի անհնար է:


-Հնարավո՞ր էր կանխել կատարվածը եւ եթե այո, ապա ինչպես:


-Այն, ինչ ունենք, Ադրբեջանի հետապնդած նպատակն էր: Ձեր հարցի պատասխանը հետևյալումն էր, հնարավո՞ր էր արդյոք խանգարել Ադրբեջանին հասնել այդ նպատակին: Կարծում եմ այո, եթե այդ գոծընթացում Արցախն աջակիցներ ունենար, սակայն ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, մենք գրեթե աջակիցներ չունեցանք: Դա էլ պատճառներ ունի, բայց դա արդեն երկար պատասխան է պահանջում: 


Ով ինչ խելքին փչում, ասում է: Իբր, Ադրբեջանը դեմ էր Արցախի հայաթափմանը, Արցախի իշխանությունները Արցախը հայաթափեցին, խուճապը բերեց այդ ամենին: Խուճապն էլ, գործընթացներն էլ հստակ կազմակերպվում և իրականացվում էին Ադրբեջանի կողմից: Խուճապը ինքն իրեն չի առաջանում, դրա առաջացմանը որոշակի հանգամանքներ են, չէ՞, նախորդում: Եթե Ադրբեջանը ցանկություն ունենար խոչընդոտել արցախցիների ելքին, կխոչընդոտեր, եթե որոշեր ավելի արագացներ ելքը, ավելի կարագացներ: Այս ամենը լիարժեք պատկերացնելու համար ուղղակի պետք է տեղեկացված լինել, թե ինչ էր կատարվում Արցախում, ինչպես էր կատարվում, իրադարձությունները ինչ ընթացք ու բովանդակություն ունեին: 


-ՀՀ իշխանությունը արցախցիներին փախստականի կարգավիճակ չի տրամադրում եւ, որքան հասկանալի է, չի տրամադրելու: Ճի՞շտ եք դա համարում եւ ով պետք է արցախցիների շահերի պաշտպանը հիմա լինի: 


-Անկեղծ ասած, ես հիմա տեղեկացված չեմ այդ գործընթացներից, քանզի որևէ կերպ ներգրավված չեմ նմանատիպ հարցերի քննարկմանը և հիմա չեմ կարող ասել: Չեմ կարող պնդում անել նաև կարգավիճակ տրվելու է, թե ոչ: Ամեն դեպքում Արցախից Հայաստան տեղափոխված ու ապաստանած արցախցիներին պետք է տրվի կարգավիճակ ամենատարբեր պատճառներով: Պետք է որևէ կերպ արձանագրվի, որ մենք այն մարդիկ ենք, որոնք բռնի ու հարկադիր եղանակով տեղահանվել ենք մեր բնակության վայրից: Այդ կարգավիճակն անհրաժեշտ է նաև միջազգային կառույցների հետ շփումների կամ այս կամ այն ծրագրի պատշաճ իրագործման համար:


–Շատ է քննարկվում նաեւ վերջին օրերին վառելիքի բազայում պայթյունի դեպքը, որի հետեւանքով բազմաթիվ զոհեր ունեցանք: Արդյո՞ք այս դեպքի շուրջ որեւէ քննություն է իրականացվում: 


–Տեղյակ չեմ, բայց եթե խոսքը վերաբերում է Արցախի իրավապահ մարմիններին, ապա քիչ հավանական է, քանի որ այդ համակարգերը իրավական առումով թեև գոյություն ունեն, սակայն աշխատակիցները հիմնականում տարբեր տեղերում են և միջոցներ են ձեռնարկում նոր աշխատանքի ներգրավվելու ուղղությամբ կամ արդեն նոր աշխատանք են կատարում:


Ամեն դեպքում, Հայաստանի Հանրապետությունը ուներ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության որոշակի իրավազորություն և դրա շրջանակում ևս պետք է ստանձնի նմանօրինակ դեպքերով անձանց խախտված իրավունքները վերականգնելու կամ դրանց դեմ ուղղված ոտնձգության դեպքերը քննության առնելու պարտավորություն:


-Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանում արդեն աշխատանքի եք անցել:


-Այո, աշխատանքի եմ անցել LSA փաստաբանական գրասենյակում: Առաջնային պատճառը գրասենյակում ներգրավված թիմի պրոֆեսիոնալիզմն է: Իհարկե պրոֆեսիոնալ փաստաբաններ շատ կան, այդպիսի շատ ծանոթներ ու ընկերներ ունեմ Հայաստանում, բայց նախապատվությունը տվել եմ այս թիմին: Սակայն դա չի ենթադրում իմ գործունեության սահմանափակում. այս պահին ունեմ համագործակցության պայմանավորվածություններ մի շարք այլ փաստաբանների ու իրավագետների հետ, հատկապես իրավական հետազոտությունների ոլորտում: Կարծում եմ` մեր աշխատանքի արդյունքները օգտակար ու լսելի կլինեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր