«Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ կամրջով այլևս երթևեկել չի լինի»          Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը       Պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ. ԱԱԾ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին    

11 մար 2024 13:28

Փոխպատվաստումներ՝ դիակային օրգաններից.բիզնե՞ս, թե՞ մարդասիրություն․ ինչո՞ւ ՀՀ-ում մարդիկ չեն ընդունում դա

Փոխպատվաստումներ՝ դիակային օրգաններից.բիզնե՞ս, թե՞ մարդասիրություն․ ինչո՞ւ ՀՀ-ում մարդիկ չեն ընդունում դաԱշխարհում յուրաքանչյուր 9 րոպեն մեկ 1 հիվանդ սպասում է որևէ օրգանի փոխպատվաստման իր հերթին: Խնդրի լուծման 2 տարբերակ կա. մի դեպքում դոնորները ողջ մարդիկ են, մյուս դեպքում դիակային դոնորությունն է գործում։

Զարգացած երկրներում հյուսվածքների և օրգանների դիակային փոխպատվաստման գործուն օրենքի դեպքում հնարավոր է 1 դիակային դոնորից կատարել 8 փոխպատվաստում և փրկել մինչև 8 հիվանդի կյանք: Հայաստանում մարդու օրգանները կամ հյուսվածքները փոխպատվաստելու մասին օրենքն ընդունվել է 2002 թվականին։ Մինչ օրս, սակայն, դիակային դոնորից փոխպատվաստում չի իրականացվել։

Այժմ մեր երկրում, օրինակ, ծրագրային հեմոդիալիզ ստացող 1000 հիվանդ կա, նրանցից մոտ 700-ին անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում: Նման հիվանդների թիվը յուրաքանչյուր տարի ավելանում է 10-12 տոկոսով, բայց դոնորների առումով Հայաստանի ցուցանիշը չի բարելավվում։ Դոնորների պակասը համաշխարհային խնդիր է, և բազմաթիվ կյանքեր կարող են փրկվել, եթե միայն փոխպատվաստման հնարավորություն լինի:

Առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ օրերս Ազգային ժողովում էր անդրադարձել Հայաստանում իրականացվող օրգանների փոխպատվաստումային գործընթացին։ Վերջինս նկատել էր՝ միայն օրենքներ ընդունելը բավարար չէ արդյունքներ ստանալու համար։

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ի զրույցը Թորոսյանի հետ՝ ստորև.

— Պարոն Թորոսյան, Հայաստանում մարդու օրգանների փոխպատվաստումը իրավական և բժշկական տեսանկյունից ինչպե՞ս է իրականացվում։

— Իրավական տեսանկյունից կա համապատասխան օրենք, որով մանրամասն ներկայացված են անհրաժեշտ դրույթները, և կան դրանից բխող ենթաօրենսդրական ակտեր։ Հիմնականում նախարարի հրամանով է կարգավորվում ամեն ինչ, բժշկական առումով էլ բժշկագիտության զարգացմանը զուգընթաց է տեղի ունենում։

— Ի՞նչ արդյունավետության վրա է մեր երկրում փոխպատվաստման գործընթացը, ո՞ր օրգանների փոխպատվաստումն է այժմ իրականացվում:
 
— Հայաստանում այս պահին, բացի երիկամից, լյարդից ու եղջերաթաղանթից, այլ վիրահատություն տեղի չի ունենում։ Ժամանակին ես՝ որպես ոլորտի նախարար, իմ հրամանով սահմանվել էի, որ երիկամի փոխպատվաստման համար երեք ու կես միլիոն էր տրամադրվում, մյուս մասը պացիենտն էր հոգում, լյարդի համար հինգ միլիոն էր նախատեսված, մնացածը կրկին հոգում էր պացիենտը։ Արդյունավետության մասին խոսելը շատ դժվար է․ գնահատել լավ, վատ կամ բավարար ևս չի ստացվի, քանի որ հարցի պատասխանը երևում է թվերով։ Ժամանակին տարվա ընթացքում երիկամի 10 վիրահատություն էր արվում։ Առողջապահության նախարար լինելուս տարիներին (2019-2020 թթ.) ես նաև գումարն էի ավելացրել, որպեսզի հնարավորինս շատ լինեն այդ վիրահատությունները, մոտավորապես՝ 20, սակայն կորոնավիրուսի պատճառով հիմնականում չհասանք այդ թվին։ Չեմ կարծում, որ հիմա թվի մեջ փոփոխություն կա։

— Վերջերս ԱԺ-ում խոսեցիք դիակային փոխպատվաստման մասին՝ նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են պետք։ Ի՞նչ է անհրաժեշտ։

— Մեզ մոտ գործում է այն համակարգը, որ եթե մարդը չի հրաժարվել դոնոր դառնալուց, ապա համարվում է դոնոր։ Ես հետաքրքրվել եմ և տեղեկացվել, որ այդ համակարգը այժմ էլ գործում է, սակայն վստահ չեմ, քանի որ չեմ առնչվել հարցին։ Մինչ այդ չէի լսել, որ այն աշխատում է։ Ռեստորը պետք է ռեցիպիենտներին, քանի որ դոնոր, ըստ էության, բոլորն են, բացի նրանցից, ովքեր հրաժարվել են։ Ռեստորը կօգնի, որ բոլոր այն մարդկ, որոնք կարիք ունեն փոխպատվաստման՝ լյարդի, սրտի, միգուցե թոքի, ու երբ դիակային փոխպատվաստումը ներդրվի, հերթի խնդիր չառաջանա, և համատեղելիությամբ առաջինը ստանան անհրաժեշտ օրգանը։

Թե ի՞նչ է անհրաժեշտ, կարող եմ ասել, որ շատ բան․ սկսած իրավական ակտերից, վերջացրած այն ամենը, ինչն անհրաժեշտ է օրգանը վերցնելու, տեղափոխելու փոխպատվաստվելու համար։ Հատուկ մշակված պրոցեդուրաներ են պետք, վերապատրաստված մարդիկ, բժիշկներ, ոչ բժիշկներ, որոնք պետք է օրգանը վերցնեն, պետք է որոշվի, թե ով է վերցնելու, որտեղ ու ինչպես են անելու, հետո ինչպես և ով է տեղափոխելու, ինչպես է այն գնվելու։

— Ինչո՞ւ մարդիկ չեն տալիս դիակային փոխպատվաստման վերաբերյալ համաձայնություն: Կասկածամտությո՞ւն ունեն օրգանների առքուվաճառքի։ Ինչպե՞ս պետք է փոխվի մարդկանց մոտ այս ընկալումը:

— Հանրային հաղորդակցման ուղղությամբ աշխատանքներ են անհրաժեշտ այդ մասով, դա շատ կարևոր է, որպեսզի մարդիկ չհրաժարվեն իրենց մահվանից հետո դոնոր լինելուց։ Երբ անձը փոխպատվաստման համար մեկնում է այլ երկիր, ապա կարող են ասել, որ այնտեղ փոխպատվաստումների մեծ մասը իրականացվում է հենց դիակային օրգաններից։ Եթե կենդանի դոնոր չկա, արտասահման գնացող անձին կարող են դիակային փոխպատվաստում իրականացնել։ Այս դեպքում զարմանալի է՝ ինչո՞ւ չպետք է ընդունվի։ Հարց է՝ ինչպե՞ս պետք է դա հասցեագրվի։

— ՀՀ առողջապահության համակարգը պատրա՞ստ է դիակային փոխպատվաստման:

— Եթե խոսքը հենց վաղն իրականացնելու մասին է, ցավոք սրտի, ո՛չ, պատրաստ լինելը շատ հեշտ չէ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր