Դատախազը Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատարան կներկայացնի համապատասխան որոշում

Ի թիվս այլնի, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ առկա պայմաններում Առաջին ատյանի դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն իրավաչափ չէ, և որ Սահմանադրական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելուց հետո, մինչև դատարանի կողմից խորհրդակցական սենյակ հեռանալը, մեղադրողն իրավասու է եղել փոփոխելու նշված անձանց մեղսագրված արարքի իրավաբանական գնահատականը:
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին վերագրվող արարքներում առկա են Քրեական օրենսգրքի այլ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ վերոնշյալ քրեական գործով մեղադրողն առաջիկայում Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի համապատասխան որոշում:
Գործի շահերից ելնելով՝ այս փուլում այլ մանրամասներ չեն ներկայացվում:
ՀՀ գլխավոր դատախազություն