Թրամփը հայտարարել է, որ Բայդենի` իր որդուն ներում շնորհելը չարաշահման և արդարադատության խախտման բացահայտ օրինակ է
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ջո Բայդենի` իր որդուն՝ Հանթերին, ներում շնորհելու որոշումը չարաշահման և արդարադատության խախտման բացահայտ օրինակ է։
«Ջո Հանթերին շնորհված ներումը ներառո՞ւմ է հունվարի 6-ի «պատանդներին», որոնք մի քանի տարի անազատության մեջ են: Ինչպիսի չարաշահում և արդարադատության խախտում»,-Truth Social սոցկայքում գրել է Թրամփը։
Հունվարի 6-ին «պատանդներ» ասելով՝ նա նկատի ունի իր աջակիցներին, ովքեր 2021 թվականի հունվարի 6-ին ներխուժել են Կապիտոլիում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հունվարին պաշտոնը լքելուց առաջ, որդուն՝ Հանթեր Բայդենին, 2 քրեական գործով ներում է շնորհել: Խոսքը զենքի պահման օրենքի խախտման և հարկերից խուսափելու գործերի մասին է։ Սպիտակ տունն այս մասին հայտարարություն է հրապարակել, որում նախագահն ընդգծել է, որ որդու դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։
«Այսօր ես ներում եմ ստորագրել իմ որդու՝ Հանթերի համար։ Պաշտոնը ստանձնելու օրվանից ասել եմ, որ չեմ միջամտի Արդարադատության նախարարության որոշումների կայացմանը, և ես պահել եմ իմ խոստումը, նույնիսկ այն ժամանակ, երբ տեսել եմ, թե ինչպես են իմ որդուն ընտրողաբար և անարդար կերպով հետապնդում», - նշել է Բայդենը՝ ընդգծելով, որ որդու դեմ գործերով մեղադրանքներն առաջ են եկել միայն այն բանից հետո, երբ Կոնգրեսում քաղաքական հակառակորդներից մի քանիսը ընդդիմացել են իր՝ նախագահ ընտրվելուն:
«Ոչ մի ողջամիտ մարդ, ով նայում է Հանթերի գործերի փաստերին, չի կարող որևէ այլ եզրակացության գալ, քան այն, որ Հանթերին առանձնացրել են միայն այն պատճառով, որ նա իմ որդին է, և դա սխալ է: Հանթերին կոտրելու փորձեր են արվել... Փորձելով կոտրել Հանթերին՝ նրանք փորձել են կոտրել ինձ»,-նշել է Բայդենը: